Anahit Papoyan

Երբ պատերազմը միայն հիշողություն չէ

1991 թվականն էր, երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը: Սակայն այն թեժացավ հենց այն ժամանակ, երբ հայրս ծառայում էր Ղարաբաղում՝ «Եղնիկներում»: Դա արդեն 1993 թվականի ապրիլ ամիսն էր:

Հարց տվեցի հայրիկիս.

-Ինչպիսի՞ն էր այդ օրը:
Հայրս, երկնքին նայելով, ասաց.
-Երկինքն անհանգիստ էր, այդ օրն ուրիշ օրերի նման չէր:

-Իսկ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:
-Շատ հանկարծակի: Անկեղծ ասած՝ չէի մտածի, որ օրերից մի օր պատերազմ կտեսնեմ ու կզգամ սեփական մաշկիս վրա:

-Իսկ ի՞նչ նկատի ունես՝ ասելով. «կզգամ սեփական մաշկիս վրա»:
-Այդ թվականներին զինվորի ամենաուժեղ զենքը եղել է կամքը: Թշնամու հարվածներից զոհվեցին իմ ընկերներից շատերը, սպաներ և սերժանտներ: Նրանցից շատերը զոհվեցին հենց իմ կողքին, իմ ձեռքերում: Հիշում եմ, հակառակորդին ընդառաջ էինք գնում, երբ զինակից ընկերոջս ուղղությամբ նետվեց մի նռնակ: Դեպքը սարսափելի էր: Պայթյունից հետո կարծես արյան անձրև տեղար ու…

Ընդհատեցի հայրիկիս՝ չթողնելով շարունակել.
-Իսկ դու վախեցա՞ծ էիր, կա՞ր միտք այլևս չշարունակելու:
-Դու չես կարող վախենալ նման իրավիճակում, անգամ իրավունք չունես: Այդ պահին մտածել ինքդ քո մասին անհնար է: Տեսնել, թե ինչպես է ընկերդ ընկնում ու հետ գնալ՝ չես կարող:

-Իսկ դու վիրավորվե՞լ ես, ի՞նչ ապրումներ ես ունեցել:
-Վիրավորվել եմ: Այս պահին էլ մարմնիս տարբեր հատվածներում կան ռումբի պայթյունից մնացած բեկորներ, որոնց ձեռք տալու արդյունքում կարող եմ զրկվել տեսողությունից կամ, անգամ, կյանքից:

-Իսկ դա քեզ չի՞ վախեցնում:
-Պատերազմից հետո թե՛ վախը, թե՛ ցավը սառել են իմ մեջ:
Էլ չթողեցի, որ հայրս շարունակի: Չէի ուզում, որ կրկին վերապրի… Ուզում եմ, որ սա միայն հիշողություն մնա, այլևս չկրկնվի: