Երեկոն եկեղեցու բակում

Լուսանկարը՝ Դիանա Աբգարյանի

Լուսանկարը՝ Դիանա Աբգարյանի

-Արիգա, գալի՞ս ես էսօր գնանք եկեղեցի,- դիմեցի իմ փոքրիկ հարևանուհուն` իմանալով, որ իհարկե չի մերժի:

-Հա, հա,- ուրախացավ նա,- գնամ` մամայիս հարցնեմ, գամ,- և վազեց տուն:

Ես առանձնապես տանից դուրս գալ չեմ սիրում, բայց այդ երեկո եկեղեցի որոշեցի գնալ մի քանի պատճառով: Նախ, որովհետև Օձուն գյուղում իմ հանգստին մի քանի օր էր մնացել, և ես սովորություն ունեմ` չեմ կարող գյուղից հեռանալ առանց մեր եկեղեցին մտնելու: Իսկ մեր եկեղեցին գյուղի կենտրոնն է, հրապարակը, խաղահրապարակը, ժամանցի վայրը և, իհարկե, եկեղեցին: Շնորհիվ մեր գյուղի քահանայի` Տեր Վրթանեսի, եկեղեցին արդեն վաղուց ընդլայնել է իր գործառույթները: Ամեն երեկո, երբ ամառվա շոգը մի քիչ թուլանում է, այստեղ են հավաքվում բոլորը. երեխաները` խաղալու, երիտասարդները` զբոսնելու, մեծահասակները` հանդիպելու և զրուցելու: Գյուղը ապրում է եկեղեցու բակում: Եվ այսպես, որոշեցի գնալ եկեղեցի` մոմ վառելու, գյուղիս բնակչությանը ծանոթանալու և մի քիչ էլ ֆոտո անելու համար: Ես ու Արիգան ծանր ու մեծ ճանապարհ ընկանք:

Լուսանկարը՝ Էլեն Ղարիբյանի

Լուսանկարը՝ Էլեն Ղարիբյանի

-Գիտե՞ս չէ, հեսա բոլորը մեզ են նայելու,- մի քիչ սրտնեղեցի ես,- բոլորն իրար ճանաչում են, իսկ մենք ստեղից չենք, անծանոթ ենք:

-Հա~,- համաձայնեց Արիգան:

Մենք երկուսս էլ լավ գիտեինք մերոնց: Բայց Արիգային դա այդքան էլ չէր անհանգստացնում: Այդ ես այդքան չեմ սիրում, երբ ինձ են նայում:

Հենց մտանք եկեղեցու բակ, միանգամից ծանոթ մարդ հայտնվեց: Գայանեն էր ու էլի մի քանի հոգի, որոնց ճանաչում էի մեր հանդիպում-դասընթացից:

-Կգա՞ք խաղանք,- միանգամից հրավիրեցին մեզ վոյելբոլ խաղալու:

-Հա, իհարկե,- վոլեյբոլից հրաժարվել չեմ կարող,- արագ մտնենք եկեղեցի ու գանք:

Մոմ վառելուց հետո միացանք խմբին: Շատ էինք, շատ-շատ: Շուրջը տարբեր տարիքի երեխաներ կային, որոնք անդադար վազում ու խաղում էին:

-Դավիթ, արա Դավիթ, մեր գնդակը որդի՞ ա:

-Հնայ, մեծերի կուշտն ա ընգել: Հլա մեր գնդակը տշեք ստի, էլի: Ապրիք:

Վերջապես մի մեծ շրջան կազմեցինք:

-Ժողովուրդ, «դուսեկովի» ա,- հայտարարեց տղաներից մեկը:

Լուսնկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսնկարը՝ Դիանա Շահբազյանի

Ես էլ որոշեցի, որ երբ խաղից դուրս գամ, ֆոտո կանեմ, իսկ հիմա կարող եմ հանգիստ խաղալ:

-Դե, դու դուս եկար, հենա ահագին էլ խաղացիր, հոգնած կըլիս, գնա մի քիչ դինջացի,- սրամտում էր տղաներից մեկը` ստիպելով հենց առաջին հարվածից սխալված աղջկան դուրս գալ խաղից:

-Դե, դու էլ դուս եկար, դու էլ շատ խաղ արիր,- շարունակում էր նա իր կատակը, երբ վերջապես ինքն էլ սխալվեց:

-Դե, հմի էլ դու գնա հանգստացի,- հակահարձակման դիմեցին բոլորը,- դու էլ շատ խաղ արիր:

-Ա, ես դուս չտեմ գալ, ես մեղավոր չեմ, կարար  հասներ,- բողոքում էր սրամիտը:

-Դե, որ տենց ա, ես էլ մտնիլ տեմ,- հայտարարեց արդեն խաղից դուրս մնացածը:

-Ես էլ:

-Ոչ մինդ էլ մտնիլ չտիք, էդ ինքը պտի դուս գա:

Լուսանկարը՝ Արմինե Կոստանդյանի

Լուսանկարը՝ Արմինե Կոստանդյանի

Ի վերջո սրամիտը դուրս եկավ խաղից, շուտով նաև ես: Ամեն անգամ, երբ խաղը վերջանում էր, բոլորս նորից հավաքվում էինք և սկսում նորից: Խաղալիս ուսումնասիրում էի բոլորին և նկատեցի, որ խաղացողների շարքում ամենամեծը կլիներ 14-15 տարեկան, իհարկե, ինձ չհաշված: Փորձեցի հիշել իմ տարիքի կամ ինձնից մեծ իմ ծանոթներին: Բոլորն արդեն աշխատում էին: Շատերն անգամ Հայաստանից դուրս: Այդ պահին իմ երևանցի ընկերներին հիշեցի, որոնք մինչև հիմա մտքում իրենց խոսք են տալիս խաղն սկզբից մինչև վերջ անցնելուց հետո ջնջել համակարգչի միջից: Այստեղ երեխաները հաստատ ավելի շուտ են մեծանում, միևնույն ժամանակ, ավելի պարզ մնալով: Շուտով խաղը վերածվեց վեճի, ու ես հասկացա, որ շատ բան եմ բաց թողել իմ գյուղից: Երևի 12 տարի առաջ, երբ հեռացա այստեղից, մեկընդմիշտ հետ մնացի գյուղի «ջահելությունից»: Եթե չգնայի, գուցե կհասկանայի, թե ինչու են երեխեքը կատակով իրար «լոբի պճղող» ասում, կամ ընդհանրապես, ինչ է նշանակում այդ զարմանալի արտահայտությունը, բայց հիմա արդեն դարձել եմ «էն ըրևանցի աղջիկը», որին գյուղում ոչ ոք չի ճանաչում:

Ընդունելով իմ մեծի պարտականությունը Արիգային կտրեցի խաղից և հայտարարեցի, որ արդեն ուշ է: Առանց ցտեսություն ասելու գնացինք: Մեկ է, ես էլ չեմ հայտնվելու, նրանք էլ դժվար թե հիշեն ինձ: