Anna Andreasyan

Երկու բաղադրատոմս՝ մեկի փոխարեն

Ուզում եմ քեզ մի բաղադրատոմս ասել՝ գրելու բաղադրատոմսը: Չնայած, եթե մեզանից մեկն ես, պետք է որ իմանաս դրա մասին:

Մտածում ես՝ բոլոր թեմաները վերջացե՞լ են, էլ թեմա չկա՞ գրելու: Սխալվում ես: Գրելու թեմա միշտ էլ կա, կարելի է գրել ամեն ինչի մասին: Կարելի է անվերջ գրել քո շուրջը կատարվող երևույթների, քո կողքին ապրող և առաջին հայացքից սովորական թվացող մարդկանց մասին: Ուղղակի պետք է տեսնել, իսկ դա միանգամից չի լինում:

Ախ, հա, դու սպասում ես բաղադրատոմսին, իսկ ես փիլիսոփայում եմ: Ուրեմն տես, թե ինչ պետք է անել: Վերցնում ես «Խաբարբզիկի» համարներից մեկը, ունես, չէ՞, և հավանաբար դարակիդ ամենալավ անկյունում ես պահում, ու սկսում ես կարդալ ընկերներիդ հոդվածները: Հավատա, նրանք բոլորն էլ քո ընկերներն են, հետո ի՞նչ, որ շատերին չես ճանաչում: Դու շուտով կընկերանաս նրանց հետ՝ նրանց նյութերը կարդալով, նրանց մտքերին ծանոթանալով:

Դե, տեսնո՞ւմ ես, դուք հենց նոր ընկերացաք՝ առանց դրա մասին իմանալու: Հենց նոր պարզեցիր, որ նա սիրում է նույն գիրքը, ինչ դու: Նրա մյուս հոդվածներն ես կարդում ու տեսնում, որ դուք նաև համակարծիք եք շատ հարցերի շուրջ: Էլ ի՞նչն է մարդկանց այնպես միավորում, որքան ընդհանուր հետաքրքրություններ ունենալը:

Տեսնո՞ւմ ես, մինչ դու կարդում էիր նրա նյութերը նոր հոդվածի գաղափար մտածելու համար, ինչը, վստահ եմ՝ ստացվեց, ձեռք բերեցիր ևս մի լավ ընկեր:

Հ.Գ. Փաստորեն ես միանգամից երկու բաղադրատոմս տվեցի քեզ՝ մեկի փոխարեն: