Երևանը երևանցիների աչքերով

Որքան էլ բառերը գեղեցիկ ու տեղին լինեն, ամբողջությամբ չեն կարող փոխանցել այն զգացումները, որոնք տալիս է ճիշտ ընտրված ու խոսուն պատկերը: Երևանի մասին հարյուրավոր երգեր ու բանաստեղծություններ են գրվել, բայց, թերևս, այնքան լավ չեն նկարագրել Երևանը, Երևանի ամեն անկյունը, դետալը, փողոցները, հասարակ երևանցուն՝ լույսի ու ստվերի մեջ, որքան այսօր ներկայացնում են լուսանկարները: Հենց Երևանի ամբողջական նկարագրության ցանկությունն էլ առիթ հանդիսացավ ստեղծելու «Երևանը երևանցիների աչքերով» ցուցահանդեսը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյան. «Այս ցուցահանդեսը շատ լավ նվեր է Երևանին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնեցին կազմակերպել այս ցուցահանդեսը: Ամեն օր նայեք Երևանին, ձեր աչքով տեսած Երևանը անցկացրեք ձեր սրտով և պահեք բոլորիս համար` որպես պատմություն և որպես վկայություն: Երևանը բոլորիս աչքի առաջ է: Երևանից աչք թեքելն անհնար է»:

Ցուցահանդեսի, լուսանկարների կազմակերպիչ-հեղինակ Արմեն Ենգոյան. «Թեքեյան կենտրոնի» տնօրենը ինձ, Վահան Քոչարին և մեր մյուս ընկերներին առաջարկեց կազմակերպել Երևանին նվիրված ցուցահանդես: Վահան Քոչարն ունի լուսանկարների արխիվ, նա «Հայ լուսանկարիչներ» գրքի հեղինակն է, այստեղ հին լուսանկարները հիմնականում վերցված են նրա արխիվից: Ես էլ «Թեքեյան կենտրոնի» հետ հաճախ եմ համագործակցում, ցուցադրություններ ենք կազմակերպում. նման ցուցահանդեսներ կազմակերպվելու են այնքան ժամանակ, մինչև լուսանկարչությունը Հայաստանում կհասնի շատ բարձր դիրքի: Իհարկե, բացի արխիվային լուսանկարներից, կան նոր լուսանկարներ. ֆեյսբուքում մենք տվել էինք հայտարարություն (դե, հիմա ամեն ինչ ֆեյսբուքով է կատարվում՝ հեղափոխությունը, կառավարությունն անգամ այդ հարթակով է կառավարում), և մարդիկ արձագանքեցին, ուղարկեցին իրենց լուսանկարները. յուրաքանչյուրը, ով ուներ մեր առաջարկած թեմային համապատասխան գեղեցիկ լուսանկարներ, կարող էր մասնակցել: Բնականաբար լուսանկարները ֆիլտրել ենք, ոչ այդքան հաջողվածները դուրս են եկել ցանկից: Ընտրության գործն արել ենք Վահան Քոչարի հետ: Վերջնական ընտրելուց հետո կապվել ենք բոլոր մասնակիցների հետ, վերցրել բնօրինակները ու ստեղծել ցուցահանդեսը: Այն լինելու է շարժական, շատ հավանական է, որ ցուցահանդեսը կգնա տարբեր քաղաքներ, երկրներ:

Շատ լավ է, երբ հիմա լուսանկարողները շատացել են: Հիմա, բացի արդուկից, ամեն ինչով նկարում են մարդիկ: Դե, մոտ ապագայում երևի դրանով էլ հնարավոր էլ կլինի լուսանկարել: Շատ լավ է, թող նկարեն, բայց, մեկ է, լուսանկարիչ չեն դառնա: Լուսանկարելու համար կարևոր է ոչ թե սարքը, այլ մարդու գլուխը: Երբեմն հարցնում են՝ ո՞ր ֆոտոխցիկը գնենք, որ կարողանանք լավ նկարել, ասում եմ՝ որևէ մեկը գնեք, կարևորը օբյեկտիվը կարողանաք փոխել, որ շատ գումար չծախսեք, վերջ, էականը սարքը չէ: Հին ժամանակներում մարդիկ սովորական նկարչությամբ են զբաղվել, շատերն են իրենց հարազատներին դիմանկարել, բայց հո բոլորը չե՞ն համարվել նկարիչ, նույնն էլ հիմա է. բոլորը լուսանկարում են, բայց բոլորը լուսանկարիչ չեն»:

Յուրաքանչյուր լուսանկար մի պատմություն էր պատմում, նայելիս թվում էր, թե տեսնում ես ակնթարթը որսալուց առաջ ու հետո կատարված իրադարձությունները: Դրանք ջերմ էին, անկեղծ ու տաք, անգամ այն մարդիկ, ովքեր անտարբեր են Երևանի նկատմամբ, լուսանկարները դիտելիս գեղեցիկ ու հետաքրքիր զգացմունքով կլցվեն դեպի քաղաքը:

Ցուցահանդեսը ներկայացված է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում և բաց կլինի մինչև սույն թվականի սեպտեմբերի 16-ը:

Մասնակից հեղինակներ՝
Աշոտ Առաքելյան, Արմեն Ենգոյան, Արմեն Մուրադխանյան, Անդրանիկ Քոչար, Աննա Գրիգորյան, Գարիկ Ղազարյան, Գագիկ Գասպարյան, Գեղամ Թարվերդյան, Զավեն Սարգսյան, Թագուհի Ասլանյան, Թեդ Անդրեասյան, Կարեն Ներսիսյան, Կարինա Շմիդտ, Հակոբ Բերբերյան, Հերբերտ Բաղդասարյան, Հայկ Բաղդասարյան, Հայկ Բիանջյան, Հայկ Բադալյան, Հարություն Խաչատրյան, Հովհաննես Բադալյան, Մարիաննա Մելիքսեթյան, Մայիս Վարդանյան, Մարտիրոս Դադայանց, Մելիք Դադայան, Մելիք Բաղդասարյան, Մխիթար Խաչատրյան, Նեմրութ Բաղդասարյան, Նունե Քարամյան, Ներսես Մատինյան, Սամվել Սևադա, Սահակ Տրոյան, Վահրամ Բաղդասարյան
Վահան Քոչար, Վարազդատ Բորեցյան, Վիգեն Մնոյան, Տաթև Մնացականյան:

Նյութը պատրաստեցին` Անի Հարությունյանը և Անի Կիրակոսյանը