Ani avetisyan

Թե ինչպես է հողը տուն դարձել

Երբ ես ծնվեցի՝ ինձ շրջապատող աշխարհը գրեթե նույնն էր, ինչ  այսօր է: Երբ այնքան մեծացա, որ սկսեցի նկատել փոփոխությունները՝դեռ չէի պատկերացնում, չէի մտածում, որ իմ հիշողության ու մտապատկերների սահմանից անդին էլի ինչ-որ բաներ են եղել,  որոնցից ինչ-որ բան՝ նույնը, շատ բաներ՝ այլ կերպ են եղել:

Մի ժամանակ, երբ ես չկայի, երբ չկար այն ամենն, ինչ կա այսօր, երբ չկար նաև այն, ինչ եղել է դրանից էլ առաջ՝ այս վայրը երևի սովորական  քարակույտ է եղել, բլուրներ ու սարեր են շրջապատել այդ մանր ու սուր քարերին, բայց հնարավոր է նաև, որ այստեղ ծառեր կային, ու նույնիսկ անտառ էր , գուցե լիճ կամ լճեր էլ են եղել: Ո՞վ գիտե:

Ժամանակ է անցել, և  չգիտեմ՝ որտեղից ինչ-որ մարդիկ են եկել այստեղ ապրելու, բայց ժամանակների ու ժամանակի քամիների բերած փոշին ծածկել է նրանց ու նրանց տները, ծածկել է նրանց հետ կապված ամեն-ամեն ինչ: Հետո այնքան փոշի ու քարեր են հավաքվել, որ դրանց վրա նոր տներ են կառուցվել, ու նոր մարդիկ են եկել այստեղ: Այդպես, փոշու տակ երևի շատ աշխարհներ են մնացել, ու քիչ-քիչ բարձրահարկ շենքի նման ինչ-որ բան է ստացվել, իսկ ամենավերևի հարկում ուրվագծվել է այսօրվա պատկերի նախատիպը:

Երևի քամիներն ու դրանց բերած փոշին էր մեղավոր, որ այստեղ ծառեր ու կանաչ չի մնացել: Երևի ամենաներքևում՝ առաջին հարկում, աշխարհի ամենականաչ տարածքն է եղել: Երևի:

Այդ ժամանակից դարեր են անցել, և այստեղ հարևան ժողովրդից մարդիկ են եկել ապրելու: Ապրել են, գուցե ուրախ, գուցե տխուր օրեր անցկացրել: Նոր տներ են կառուցել դարերի փոշու վրա, ու կարծել,որ եթե այդպես է՝ այդպես էլ պետք է լիներ:  Ճիշտ է՝ նրանց վրա ժամանակի փոշին չի նստել, բայց մի օր եկել է տարածաժամանակային սխալներն ուղղելու ժամանակը, և այս քարակույտ-հող-հայրենիի իրական տերերը եկել են՝ նորից տեր կանգնելու նրան՝ հույսով, որ մի օր այդ հողը  աշխատող ձեռքի տակ հայրենիք կդառնա:

Առաջինը այստեղ տատիս ծնողներն  ու նրանց հարազատներն են եկել: Այդ ժամանակ այստեղ եղած հին աշխարհներից շատ բան չէր մնացել, միայն կիսավեր տներ էին, որոնց քիչ ժամանակ անց նույնպես կծածկեր փոշին, բայց այդ տները նոր տների հիմք են դարձել, և նորից կյանք է սկսվել: Գյուղը գյուղ է դարձել, հետո դարձել երկրի մի մասը, ինչ-որ բան տվել նրան ու մի բան էլ վերցրել: Այստեղ  ապրողներին սկզբում մի բան էր միավորում. նրանք բոլորն էլ Արևմտյան Հայաստանից էին եկել, գրեթե բոլորը՝ մի գյուղից: Նրանք ապրել են կողքի-կողքի՝ փոքրիկ ու իրար կպած տներում, ապրել են մեկը մյուսի կյանքով…  Նրանց հին՝Վանում թողած գյուղից մեկն էլ մի օր որոշել է գրել ապրածը, տեսածն ու լսածը.

«…Վասպուրականի երբեմնի  բազմաշունչ Հառեղից այստեղ էին հասել ծերացած Մուխսին (նա տոհմի հպարտությունն էր, որովհետև Երուսաղեմ ուխտի էր գնացել), Արշոն, Մարտիրոսը, Անդունենց Սերոբը՝ Գյուլոյի հետ: Եկել էին նաև մի քանիսը Փեսանդաշտից և Ալաշկերտից»: 

Հեղինակի նշած մարդկանց անունները մանկուց եմ լսել,իսկ նրանցից շատերին ու ոմանց էլ, ովքեր մնացել էին անցյալի էջերում՝ տեսել եմ գրքերի մեջ, այն գրքերի, որոնք տատիկս ու նրանց ողջ տոհմը աչքի լույսի պես էր պահում: Այդ գրքերում ծանոթ անունները կարմիրով էին ընդգծված:

Հենց նրանք են այս քարակույտին ձև ու գույն տվել, նկարել են վաղուց ջնջված պատկերները, ու այս հողը ժամանակի ընթացքում հայրենիք է դարձել: Եվ ժամանակի փոշին այլևս չի ծածկել տարածքը, որովհետև արդեն այդ փոշին մաքրողներ կային, և կային նրանք, ովքեր գծում էին այն, ինչ կար, երբ ես ծնվեցի:

Այժմ, երբ նայում եմ Հառեղի, Վանի ժառանգ Փաթրինջ-Ոսկեհատի փողոցներին, մտովի տեսնում եմ բարձրահարկ շենքի մյուս հարկերը, որոնք ժամանակի ճանապարհին մնացել են անբնակ:

Այսօր, երբ մտապատկերներիս սահմանները բավական մեծացել են ու կարողանում են ընդգրկել նույնիսկ անպատկերելին ու անպատմելին՝ աշխարհն ինձ համար միայն գնդի մակերեսին չէ, որ կա, այն մի քանի հարկ ունի, որոնցից ամեն մեկը մի աշխարհ է, մի մոլորակ մեր մոլորակում, որտեղ ամեն մեկն էլ փորձել է քարից տուն շինել, իսկ այդ տունը մի օր հայրենիք դարձնել: