Ժետոն վաճառող կնոջ բարկության ենթադրելի պատճառի ու բրիտանական մտածողության պակասի մասին

Մարտի երեսունմեկն էր: Դե, եթե աշակերտ ես կամ ուսանող, երջանիկ ուրբաթները երբեք չես մոռանա: Դասարանին ուղղված` «Երեխե՛ք, ո՞վ կա մետրոիստ» հարցիս, ոչ ոք դրական չպատասխանեց: Հասկացա, որ մենակ եմ տուն գնալու այդ օրը: Քայլերս ուղղեցի դեպի Զորավար Անդրանիկ մետրոյի կայարան: Հինգ րոպեից այնտեղ էի: Մոտեցա ժետոն գնելու: Հա, ի դեպ, ժետոն վաճառող կինը կրկին բարկացած էր: Դեռ հետո պիտի եզրակացնեի, որ գուցե նրա ջղայնության պատճառն էլ «բրիտանականի» պակասն էր հենց: Շարժասանդուղքի վերջին աստիճանին լսում եմ.

-«Զորավար Անդրանիկ»: Զգուշացե՛ք դռները…,- սկսում եմ վազել, որ հասցնեմ: Լավ է, երբ հասա, դեռ ասում էր,- դը նեքսթ սթեյշն իզ «Սասունցի Դավիթ»:

Անգամ թվաց, թե հատուկ ինձ համար այդ օրը դանդաղ էր կրկնում արդեն հարյուր անգամ կրկնած արտահայտությունը: Մտա: Սովորականի պես կանգնեցի: Կողքիս երկու կին էին նստած: Դե, ինչ արած, փողոցում ականջակալներ դնելու սովորություն կամ, գուցե, համարձակություն չունեմ (թվում է՝ ինձ կարող են վրաերթի ենթարկել, կամ որ ավելի վտանգավոր է՝ առևանգել: Թե ասա՝ մետրոյի վագոնից քեզ ո՞վ պիտի առևանգեր): Ուրեմն, ստիպված էի շիկահեր տիկնոջ և ընկերուհու զրույցն ունկնդրել: Էսպես ակամա լսում եմ: Մեկը՝ թե բա.
-Լսի, ձեզ փող տվե՞լ են ընտրությունների համար:
Մյուսն էլ, ավելի եռանդով ու մի քիչ ձայնը բարձրացնելով, պատասխանում է.
-Չէ, ու չեմ էլ գնալու ընտրության, եթե չտան:
Գործարանայինում պիտի իջնեի, բայց երկու կանանց թեժ քննարկումն էնպես հետաքրքրեց ու բարկացրեց ինձ, որ որոշեցի գնալ մինչև «Գարեգին Նժդեհ» կայարան, որ տեսնեմ՝ վերջը գնալո՞ւ են ընտրության, թե՞ չէ: Թեման բացող շիկահերը քմծիծաղ տալով շարունակեց.

-Ճիշտ էլ կանես: Մեկ ա՝ էս երկրում բան էլ չի փոխվի:
Ու ես մտածում էի. «Ախր, ընտրությունը որպես մեղր բաժանելու գործընթաց եք ընկալում և ուզում եք՝ բան փոխվի՞»:

Որոշել էի «Նժդեհ» կայարանում իջնել, ուրեմն ստիպված պիտի երկար քայլեի: Քայլում եմ ու մտածում. «Բայց ինչո՞ւ մեր հասարակությունը էնպիսի սոցիալ-տնտեսական վիճակում պետք է լինի, որ… Չէ՜, Մարիամ, սա իրականում ցածր գիտակցական մակարդակ ունենալու հետևանքն է,- հակադրվում եմ ինքս ինձ,- լավ, ուրեմն ես երկու օր պատմությանս ուսուցչուհու՝ ընկեր Հովհաննիսյանի հետ իզուր եմ վիճում ու պնդում, թե ամեն փոփոխություն պետք է սկսել վերևից, եթե մեր կառավարությունը լավը լինի, մի երանելի պետություն կունենանք»: Փաստորեն, ընկեր Հովհաննիսյանը ճիշտ էր:

-Մարիամ ջան,- ասում էր,- հիշի՛ր, յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն պետությանը, որն ունի: Շիկահեր տիկինն ու հարևանուհին (ի դեպ, պարզվեց՝ հարևաններ էին, ասաց, որ տուն կմտնի ու մի կես ժամից կգնա սուրճի: Երևի, սուրճի սեղանի մոտ պիտի հստակ որոշվեր՝ արժի՞ գնալ ընտրության, թե՞՝ չէ) ապացուցեցին: Այսուհետև երբեք ընկեր Հովհաննիսյանի ճշմարտացիության վրա չպիտի կասկածեմ:

Հետո էլ մի բան հիշեցի ու մտածեցի, որ երևի տիկին Շիկահերն ու հարևանուհին իրենց ութերորդ դասարանի անգլերենի դասագրքի Unit 3-ի դասը չէին սովորել, թե չէ կիմանային, որ բրիտանացիներն իրար հանդիպելիս հիմնականում եղանակից են խոսում: Անձնական թեմաներ քննարկել չեն սիրում, էլ ուր մնաց՝ քաղաքական ելույթներ ունենան, կամ էլ թե չէ՝ ընտրությունից առաջ «մեղրաբաժանման» արարողության ընթացքը վերլուծեն: Գուցե, որ սովորած լինեին, լավ օրինակ ծառայեր:
Կարճ ասած՝ մի քիչ բրիտանական մտածողությունը մեզ էլ չէր խանգարի: Եղանակից էլ խոսելու շատ բաներ ունենք. այս տարի սարսափելի ցուրտ ձմեռ էր, չէ՞: