svetlana davtyan

Իմ առաջին հաղթանակը

Սոնա Ավետիսյանը՝ Կարբի գյուղից, թիմի անդամներից մեկն է, ով վերջերս դարձել է «Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշոր տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» ծրագրի հաղթող:

-Սոնա, կպատմե՞ս, թե դա ինչ մրցույթ էր:

-Մեր մրցույթը նորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ էր աղջիկների համար, որը այս տարի առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում: Մրցույթի ընթացքում բոլոր թիմերը պետք է իրենց համայնքում գտնեին որևէ խնդիր և դրա հիման վրա ստեղծեին բջջային հավելված:

-Քանի՞ թիմ էր մասնակցում ծրագրին և Հայաստանի ո՞ր մարզերից:

-Մրցույթին մասնակցում էին 214 աշակերտուհիներ, 45 մենթորներ գրանցվեցին ծրագրին, ձևավորվեցին 36 թիմեր, սակայն կիսաեզրափակիչ փուլ հասան միայն 22 թիմեր, որոնցից մեկը մեր թիմն էր: Ծրագրին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերի դպրոցների աշակերտուհիները:

-Քանի՞ անդամից է կազմված եղել ձեր թիմը:

-Թիմը կազված է հինգ անդամից և խմբի ղեկավարից: Մեր խումբը համարվում էր ավագ խումբ, քանի որ մեր թիմի անդամները 10-11-րդ դասարանի աշակերտուհիներ էին: Մրցույթի ժամանակ մենք, լինելով տարբեր դասարանի աշակերտներ, հասցրեցինք դառնալ իրական ընտանիք:

-Ինչպե՞ս տեղեկացար մրցույթի մասին:

-Մրցույթի մասին տեղեկացրեց մեր ինֆորմատիկա առարկայի ուսուցչուհին՝ ընկեր Վարդանուշ Հովհաննիսյանը, ով նաև հետագայում դարձավ մեր թիմի մենթորը:

-Ի՞նչ աշխատանք էիք կատարում մրցույթի ժամանակ:

-Մրցույթի ժամանակ բազմաթիվ հարցեր քննարկեցինք կապված մեր ծրագրի՝ «Armenian sign languages» հետ կապված, հետևեցինք online դասընթացների, խնդրին պրոֆեսիոնալ լուծում տալու համար մի քանի անգամ այցելեցինք Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր և այնտեղ երեխաները հիացրին, հուզեցին մեզ: Իսկ ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցած սեմինարի արդյունքում վերջնականապես որոշեցինք ստեղծել հայերեն ժեստերի լեզվի բջջային հավելվածը:

-Երբ իմացար, որ հաղթել եք մրցույթում, ինչպիսի՞ ապրումներ ունեցար:

-Մրցույթի արդյունքները անհատական կերպով ուղարկվել էին թիմերի ղեկավարների: Երբ ուսուցչուհիս տեղեկացրեց, որ մենք դարձել ենք մրցույթի հաղթող, աննկարագրելի ապրումներ ունեցա, պարզապես հիասքանչ էին այդ վայրկյանները: Անչափ ուրախացա:

-Ի՞նչ նվերներ ստացաք մրցանակաբաշխության ժամանակ որպես հաղթող թիմ:

-Թիմերը որպես պարգև ստացան պլանշետ, իսկ ՄԱԿ-ի գրասենյակը անհատական նվերներ էր պատրաստել հաղթող թիմի անդամների համար:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի ղեկավարին, դասընկերներին, ընկերուհիներին, ուսուցիչներին, ովքեր այդ չորս ամիսների ընթացքում մեր կողքին են եղել, ամեն կերպ աջակցել են և մեզ քաջալերել: