anahit baghshetsyan

Իմ 6-րդ տունը

Տուն ասելով՝ հասկանում եմ այն վայրը, որտեղ ես ինձ զգում եմ ազատ, անկաշկանդ, որտեղ կարելի է վարել անդադար զրույցներ ինձ հետաքրքրող թեմաների վերաբերյալ, որտեղ բոլորը միշտ պատրաստ են ինձ օգնելու։

Կպատմեմ իմ 6-րդ տան մասին (մնացած 5-ի մասին մեկ ուրիշ անգամ)։ Գրադարանն է՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը։ Երբ փոքր էի, 5 կամ 6 տարեկան, մայրիկս ինձ պատմեց գրադարանի մասին, որտեղ ինքն էլ քիչ ժամանակ չէր անցկացրել։ Մի քանի օր անց մայրիկիս հետ գնացինք գրադարան ու գրանցեցինք ինձ 1-4-րդ դասարանցիների բաժնում։ Հիշում եմ՝ ինչպես էի ջանում ավարտել գրքերը ճիշտ ժամանակին ու չուշացնել դրանք։

Մի քանի տարի անց ճանաչվեցի տարվա ամենաընթերցողը։ Այդ առիթով հրավիրվեցի Ղուկաս Սիրունյանի հետ հանդիպման։ Հանդիպումը ինձ` հետաքրքրասեր տասներկուամյա աղջնակիս, նվիրեց անմոռանալի հիշողություններ, իսկ ինքը հեղինակը՝ իր նոր լույս տեսած գիրքը։ Հանդիպումը ստիպեց ավելի շատ սիրել գրադարանը, մասնակցել բոլոր միջոցառումներին ու ընթերցել բոլոր նոր գրքերը՝ թե՛ հայալեզու, թե՛ օտարալեզու, և ազատ ժամանակս անցկացնել ընթերցասրահում։

Ընկերներիս և որոշ ուսուցիչների համար զարմանալի էր այն փաստը, որ ես սիրում եմ ժամանակս անցկացնել գրքերի հետ։ «Չես հոգնո՞ւմ կարդալուց», «Ո՞նց ես հասցնում էդքան կարդալ», «Երանի քո հավեսին» և նմանատիպ այլ արտահայտություններ հաճախ էին ասում ինձ, բայց եթե անկեղծ ասեմ, ուշադրություն չէի դարձնում։ Արտահայտություններն ու զարմացած հայացքները այսօր էլ հաճախ են բախվում ինձ, երբ փողոցում քայլում եմ գիրքը ձեռքիս, կամ պայուսակիցս գիրք եմ հանում մարդաշատ վայրում։

Շատերը միգուցե չեն պատկերացնում՝ ինչու եմ սիրում գրքերը։ Պատասխանը շատ պարզ է՝ դրանք միշտ պատրաստ են քեզ օգնել, պատմել ինչի մասին ուզես, արթնացնել ներսումդ վախ, հետաքրքրություն, զարմանք, ստիպել ժպտալ ու հուզվել, գրքում կարող ես գտնել մեկ ուրիշ «ես» ու մեկ ուրիշ «նա»։ Իսկ երբ նման գրքերը հավաքված են մի տեղում ու քեզ են սպասում, քեզ ոչինչ չի մնում, քան ուղղակի շտապել նրանց այց մատուցել ու նրանց հետ մի փոքրիկ երևակայական ճանապարհորդություն կատարել։ Չէ՞ որ գրքերը մեր առաջ բացում են դռներ, երբ մենք գնալու ոչ մի տեղ չունենք: