artyom safaryan

Ինչից սկսել

Այս հոդվածս ուզում եմ մի փոքր այլ կերպ սկսել: Սկզբում ուզում եմ իմ շնորհակալությունն ասել 17.am-ին, որ կարողանում ենք ես ու իմ ընկերները ազատ արտահայտել մեր մտքերը տարբեր հարցերի շուրջ: Ինձ թվում է` գալիք սերունդը կարող է ոտքի հանել մեր մշակույթը: 

Այսօր մտածում էի` ինչո՞ւ նյութ չեմ գրում, ու որոշեցի գրել այնպիսի թեմայով, որն ինձ վաղուց էր հուզում: Իզուր չէր, որ ամենասկզբում նշեցի մշակույթը, քանի որ իմ այսօրվա նյութը նվիրում եմ հայերիս համար այդ «Աքիլլեսյան գարշապար» դարձած խնդրին: Արդեն զգում եմ, որ շատերն ուզում են ժխտել իմ ասածները: Բայց մի շտապեք. ես դեռ չեմ հիմնավորել իմ կարծիքը:

Նախ և առաջ ես ուզում եմ սկսել թեթև համեմատությամբ, որը կանցկացնեմ խորհրդային և ներկայիս ժամանակաշրջանների մշակույթների միջև, և հավատացեք, «սովետի» ժամանակ մեր մշակույթը տարածաշրջանում լավագույնն էր, այդ իսկ պատճառով համեմատությունը շատ տեղին է: Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Հենրիկ Մալյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Սերգեյ Փարաջանով, Շիրազ, Սարյան և էլի շատ-շատ անուններ, որոնք կերտել են մեր` հայի կերպարը այդ տարիներին:

Իսկ հիմա եկեք նայենք, թե ինչ ունենք մենք հիմա. տասնյակ նորաոճ արտիստներ, որոնց երգերը չունեն մեղեդի և հիմնականում արտահայտում են նույն մտքերը… Ինձ, անկեղծ ասած, զզվեցրել ու հոգնեցրել են սիրո մասին նույնատիպ երգերը, որոնք մարդու ականջը նույնիսկ իրարից չի տարբերի: «Սիրում եմ քեզ, յար, մենք չպետք է բաժանվենք, քո ժպիտը մի արև է…»

Հերիք է նույն տեքստերը «քլնգեք» միապաղաղ, հղի շան կաղկանձ հիշեցնող թուրքածին կլկլոցներով: Առանց այն էլ մի կերպ ենք պահպանում մեր ազգային ինքնատիպությունը այս գլոբալիզացիայի դարաշրջանում:

Իսկ ֆիլմերը… Ես երևի լռեմ մեր ներկայիս ֆիլմերի որակի մասին… է, չէ, չի լինում, բայց դե որի՞ց սկսես` մեկը մեկից ավելի ապաշնորհ սերիալների՞ց, թե՞ նույն գաղափարները և պրիմիտիվ սյուժեները կրկնող ֆիլմերից: Հասկանում եմ, որ սերը շատ գեղեցիկ ու նուրբ զգացմունք է, բայց չէ՞ որ մեր բազմաշերտ կյանքում շատ ավելի հետաքրքիր ու ուսուցողական երևույթներ կան: Վերցնենք սերիալները. անընդհատ կրկնվող կիսակրիմինալ սյուժեներ, դերասանական խաղի բացարձակ բացակայություն, մեկը մեկից ավելի «կայտառ» անուններ. «Կյանքի գինը, Առաջնորդներ, Դժվար ապրուստ…», իսկ այս մեկը ընդհանրապես գագաթնակետն է` «Հրեշների գայլը»:

Առաջին հայացքից իրար հետ և բանականության հետ ոչ մի կապ չունեցող անունները միավորում է երկու բան. դերասանական խայտառակ խաղ, որն ինձ վերջին զանգին ծույլիկ աշակերտի ասմունք է հիշեցնում, և տարրական սյուժեի բացակայությունը: Հա, կիսակրիմինալ կյանքի մասին էլ աշխարհում նկարվում են սերիալներ, օրինակ, «Սոպրանոյի Կլանի» նման, բայց մեր սերիալների իմ ասած մեծ բացթողումների պատճառով, դարձել են ինչ-որ շիլաշփոթ:

Լավ, թողենք սերիալները, առավել ևս, որ դրանք ուղղված են զբաղեցնելու տնային տնտեսուհիներին մինչև կեփեն ճաշը: Չնայած, ինչու քրեական ու քրեածին սյուժեներով «համեմաել» ճաշը, չեմ հասկանում:

Անդրադառնանք ֆիլմերին, որոնք ցավոք ավելի ողբալի վիճակում են: «Փեսացուն կրկեսից», «Պահանջվում է միլիոնատեր», «Սիրո գործակից», «Խաղ իմ կանոններով» (վերջինս հարսանյաց հանդեսի «կասետի» տպավորություն թողեց իր օպերատորական աշխատանքի պատճառով), և էլի շատ ու շատ նմանատիպ վերնագրեր:

Ասեմ` այս ֆիլմերը տառապում են նույն հիվանդությամբ ինչ մեր «սիրելի» սերիալները: Այն է` դերասանական խաղի լրիվ կամ մասնակի բացակայություն և սյուժեի բացակայությունը: Խնդիրն այն է, որ այս ֆիլմերը չեն առաջարկում դասական կոմեդիայի որևէ յուրովի լուծումներ, սյուժեն զարգանում է միապաղաղ, հանդիսատեսը հանգիստ կարողանում է գուշակել հաջորդ կադրի բովանդակությունը, դրանից տուժում է նաև այս կինոնկարների հումորը, քանի որ այն չափից դուրս շաբլոն է և զուրկ որևէ տափակ: Այս ֆիլմերը մեզ պատմում են նույն պրիմիտիվ պատմությունը` փոխելով հերոսների անունները և թեմատիկան:

Չէ որ ֆիլմը պետք է դաստիարակի սերունդներ, ոչ թե փչացնի առանց այն էլ դատարկության մեջ խարխափող պատանի հոգիները:

Ակամա հայացք եմ գցում հետ ու հիշում մեր դասականներին`«Մենք ենք մեր սարերը», «Երջանկության մեխանիկան», «Տղամարդիկ», «Հարսնացուն հյուսիսից», ֆիլմեր, որոնք իրոք տաղանդավոր են: Բայց ո՞րն է գաղտնիքը: Պատասխանը շատ պարզ է. տաղանդավոր դերասաններ և ժողովրդի սրտից բխող սյուժեներ: Կերպարները հիշվում էին իրենց յուրօրինակությամբ, ոչ մեկի սյուժեն մյուսին անգամ մոտավոր չէր հիշեցնում, բայց կրում էին իրենց մեջ նաև բարոյախրատական կարևոր գաղափարներ:

Իսկ հիմա մենք վայելում ենք նույնատիպ սիրային պատմություններ և դերասանական անտաղանդ խաղ:

Լավ, եկեք պարզենք` ինչո՞ւ է այդպես: Երևի հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ մեղավորը վերաբերմունքն է, և առաջին հերթին ժողովրդինը: Չէ որ այս ամենը մեզ համար է արվում, և յուրաքանչյուր գործ, որը լույս է տեսնում, արժանանում է հասարակության գնահատականին: Եվ որքան մենք կուլ տանք այս, մեղմ ասած, թույլ որակի հիմարությունները, շարունակելու ենք հետևել այս անորակ, միապաղաղ և պրիմիտիվ երգերի և ֆիլմերի բազմացմանը:

Եվ պատճառն այն է, որ ամեն ինչ բաց է թողնված ինքնահոսի, և ոչ մեկը չի վերահսկում այդ ամենը: Դրա համար մեր սերունդը դիմում է օտար մշակույթի օգնությանը, որի որակը անհամեմատ գերազանցում է մեր ներկայիս մշակույթինը: Նա լսում է Սիա, Սեմ Սմիթ, Մետալիկա, Էմինեմ, դիտում է Տարանտինոյի, Սկորսեզեի և Կամերոնի ֆիլմերը:

Ես կարծում եմ, այսպես շարունակել չի կարելի, և մենք պետք է պայքարենք, արտահայտենք մեր բողոքը, ցույց տանք, որ մենք հավեր չենք, որ ամեն տված «կուտ ուտենք»:

Հարգեք մեզ, մենք այդքան ցածրաճաշակ չենք, մենք բարձր արվեստ ենք պահանջում: Եթե ժամանակին ունեցել ենք այդ տաղանդները, ուրեմն մեր ժողովուրդը իվ իճակի է, ունի ներուժ: Դե, եկեք օգտագործենք այդ ներուժը, և կտեսնեք, որ դարձյալ մշակույթը կծաղկի: