Ինչն է հուզում հրազդանցի պատանիներին

Ես ու քույրս դուրս էինք եկել զբոսնելու: Մենք տեսանք փոքրիկ, քաղցած, անօգնական մի կատու: Որոշեցինք տուն տանել նրան: Կերակրեցինք, լողացրինք, սակայն ծնողներս մեզ թույլ չտվեցին պահել նրան: Որոշ ժամանակ կատվին թաքուն պահում էինք մի անկյունում, բայց մի օր նա այնտեղից դուրս եկավ, և ծնողներս տեսան նրան: Նրանք նորից թույլ չտվեցին պահել կատվին՝ անգամ դրսում: Այդ նույն օրը մեր տուն եկավ եղբորս ընկերը, և տեսնելով, որ մեզ թույլ չեն տալիս պահել կատվին, ցանկացավ ինքը պահել: Ես ու քույրս շատ ուրախացանք: Մենք միշտ փորձում ենք օգնել անօգնական կամ վիրավոր կենդանիներին, սակայն կուզենայինք, որ դրանով զբաղվող կազմակերպություններ էլ լինեն մեր քաղաքում: 

Անուշ Եփրեմյան

***

Հրազդանում խնդիրները շատ-շատ են՝ սկսած փողոցների վատ ասֆալտապատումից մինչև չաշխատող վերելակները: Բայց երեխաներին չեն հուզում վերելակներն ու ասֆալտապատումը: Մենք ուզում ենք ունենալ խաղահրապարակ: Հաճախ ֆուտբոլ խաղալու համար երեխաները գնում են մի ուրիշ բակ՝ իրենց բակից բավականին հեռու: Կցանկանայի տեսնել այնպիսի Հրազդան, որտեղ ամեն բակ ունի իր խաղահրապարակը:

Էդգար Հարությունյան

***

Տարիներ առաջ ընկերուհիս Ռուսաստանից հյուր էր եկել մեր տուն: Առաջին օրը ցույց տվեցի նրան իմ քաղաքի՝ Հրազդանի բնությունը: Հաջորդ օրը մենք պատրաստվում էին գնալ Երևան՝ կինոթատրոն: Տանից դուրս գալուց առաջ ընկերուհիս հարցրեց.

-Իսկ ինչո՞ւ ենք գնում Երևան: Ձեր քաղաքը ինձ ավելի դուր եկավ, արի գնանք այստեղի կինոթատրոններից մեկը:

Չգիտեի՝ ինչպես ասեմ, որ մեր քաղաքում չկան ժամանցի վայրեր: Նա շփոթված և մի քիչ էլ բարկացած հարցրեց.

-Իսկ ինչո՞ւ դուք նման հարցերով չեք դիմում քաղաքապետին:

-Անիմաստ բան է, մեկ է՝ մեզ լսող չկա:

-Ինչո՞ւ ես այդքան վստահ, – ասաց ընկերուհիս, – արի փորձենք նամակ գրել այս խնդրի մասին:

Ես համաձայնեցի, սակայն համոզված էի, որ մեր նամակը անպատասխան էր մնալու: Մենք ուղարկեցինք այն:

Դեպքից անցել է չորս տարի:

Անահիտ Մկրտչյան

***

Ինձ հուզում է իմ ապագան, երկրիս ապագան և երիտասարդության դերը մեր հասարակությունում: Կան ավելի լուրջ ու մտահոգիչ հարցեր, ինչպիսիք են կայուն կրթություն ստանալը, աշխատանք գտնելը, ապագայում ինքնահաստատվելը, ինչի հնարավորությունները, ցավոք, Հրազդանում քիչ են:

Լիլիթ Բելլույան

***

Ինձ հուզում է մարդկանց անտարբերությունը միմյանց նկատմամբ: Մի օր քայլում էի փողոցով և նկատեցի մի մարդու, ով անօգնական պառկած էր գետնին: Բոլորը անցնում էին անտարբեր, և ոչ ոք չէր օգնում նրան: Ես հասկացա, որ պետք չէ բոլորի պես վարվել և օգնեցի այդ մարդուն:

Ափսոս, որ սոցիալական խնդիրները մարդկանց դարձնում են ավելի սառը և անտարբեր:

Աննա Լոռեցյան

***

Աշնանային մի խորհրդավոր օր էր: Ես դուրս էր եկել դպրոցից և ուղևորվել էի դեպի տուն: Ծառերը իրենց գեղեցիկ զգեստներն էին հագել և կարծես դիմավորում էին ինձ: Իմ սիրտը լի էր ջերմությամբ: Ոգեշնչված՝ ես սկսեցի բարևել բոլոր անցորդներին: Առաջին մարդը գլուխը թեքեց մի կողմ, երկրորդը՝ անուշադրության մատնեց ինձ: Իսկ երրորդը այնպիսի հայացքով նայեց ինձ, որ թվում էր՝ ուզում է հարվածել ինձ: Առաջ գնալով՝ ես տեսա մի պապիկի. նա դանդաղ մոտենում էր ինձ: Արդեն հիասթափված՝ մտադրություն չունեի բարևել արծաթափայլ մորուքով պապիկին: Բայց երբ ես և պապիկը իրար հավասարվեցինք, նա ժպիտով բարևեց ինձ: Իմ սառը դեմքին ժպիտ առաջացավ: Ես պապիկին նույնպես ողջունեցի: Արդեն տան շեմքին կանգնած՝ ես հասկացա, որ մի թեթև ժպիտն ու բարևն անգամ կարող են փոխել այս աշխարհը:

Հայկ Աբովյան

***

Քայլում էի արևի շողերից լուսավորված ճանապարհով: Ինչ-որ բան էի մտածում, բայց մի ակնթարթում խոհերս փոխեցին իրենց ուղղությունը: Մի տեսարանի ականատես եղա. մի պապիկ մրգեր էր վաճառում: Մոտեցան, ինչպես երևում էր, երկու հարուստներ: Վերցնում էին մրգերն ու գցում ճանապարհին, ծաղրում էին այդ պապիկին ու ծիծաղում նրա վրա: Բուռն ցանկություն առաջացավ ծաղրել հենց այդ մարդկանց: Շուտով մոտեցան մի փոքրիկ և զառամյալ մի տատիկ, սկսեցին օգնել պապիկին՝ հավաքելու մրգերը: Ա՜խ, նրանց աչքերը, նրանց այդ անմեղ ու անօգնական հայացքը: Այդ ամենը համեմատելի չէր այն երկուսի գոռոզ ու ըմբոստ հայացքների հետ: Գուցե նրանք հիմա վայելում են փողով վաստակած յուրաքանչյուր հաճույք, իսկ խեղճ գյուղացիներն այրվում են տապից և պայքարում մի կտոր հացի համար: Բայց վիճակն այսօր է այսպիսին, ես կպայքարեմ և երբեք հույսս չեմ կորցնի, որ օրերից մի օր գյուղացին վերևից կնայի նրանց՝ մեծատուններին, կնայի նրանց աչքերի մեջ և թեթև ծիծաղելով՝ կօգնի բարձրանալ:

Ռոզա Բաղդասարյան

***

Հրազդանում, իմ կարծիքով, երիտասարդների համար ապագա գոյություն չունի: Սա այն քաղաքն է, որտեղ երիտասարդները իրենց ապագան կառուցել չեն կարող: Նստում և մտածում եմ, թե այսօրվա երիտասարդությունը ինչո՞վ պետք է զբաղվի, եթե Հրազդանում գոյություն չունեն հետաքրքիր մշակութային հաստատություններ: Շատերը խմբակներ այցելելու փոխարեն իջնում են բակ և զբաղվում են անիմաստ բաներով: Այդ անիմաստ բաներից մեկն էլ բամբասանքն է: Բայց նրանք մեղավոր չեն, որովհետև Հրազդանում գոյություն չունեն ժամանցի վայրեր: Բայց, ցավոք, դիմել ինչ-որ մեկին այդ հարցով, անիմաստ է, քանի որ պատասխանի սպասելու ենք անժամկետ:

Մենք ինքներս պետք է կառուցենք մեր և մանուկների ապագան, որպեսզի իրենք էլ դաստիարակություն ստանան պայծառ, այլ ոչ թե բամբասանքներով հագեցած միջավայրում: Մեր պատանեկությունը Հրազդանում արդեն գլորվել է շատ անիմաստ, և պետք է թույլ չտալ, որ մեզնից հետո եկող պատանիները անիմաստ անցկացնեն իրենց ժամանակը: Ամեն ինչ մեր ձեռքերում է:

Արմինե Թադևոսյան