Kristina Epremyan

Ինչ կմնա մեզնից հետո

Այսօր շուտ եմ եկել…

Անցած տարի այս օրը ուշացա, բայց այսօր շուտ եմ եկել: Փուչիկներ են, անթիվ-անհամար ծաղիկներ: Անսահման ուրախություն է շուրջս, ժպտացող անհամար դեմքեր:

Վերջին զանգ է… Հիշում եմ անցած տարին: Ես էի այդ բեմում, ես էի հուզվում: Կողքիս ընկերներս էին…

Կարծես երեկ լիներ: Գնում էինք դպրոցից: Ինչ-որ տեղ` ուրախությամբ, բայց ինչ-որ տեղ էլ` կարոտով թողնում էինք դպրոցը: Անգամ ուսուցիչներն էին տխրել, ախր, մենք ուրիշ էինք…

Այն տասներկու տարիները, որ պիտի թողնեինք դպրոցում, քիչ էր մեզ համար: Մենք ուզում էինք անմահացնել մեր անունն այնտեղ: Մեզնից հետո պետք է մնար մի մեծ հիշողություն, որ հետո, ամեն անգամ դպրոց մտնելիս հպարտություն ապրեինք:

2015-ն էր: Սպասված մայիսին մնացել էր երկու-երեք ամիս:

Դասարանը, որտեղ սովորում էինք, կոչվում էր «Ռազմագիտության» դասասենյակ: Այն գտնվում էր բավականին անբարեկարգ վիճակում: Միաձայն որոշել էինք վերանորոգել դասասենյակը: Հենց դա էլ կլիներ այն, ինչ կմնար մեզնից դպրոցին:

Որոշեցինք ու գործի անցանք: Ամեն ինչ մեր ուժերով պիտի լիներ և ամեն բան անթերի պիտի արվեր: Չէ որ կարևոր գործ էինք անում:

Տասներկու տարի սովորել էինք այդ դասասենյակում, հպարտությամբ  կրել մեր զոհված ազատամարտիկի՝ Այվազ Թարվերդյանի անունը, և դա ամենաքիչն էր, ինչ կանեինք մեր երախտագիտությունը հայտնելու համար:

Դպրոցական տասներկու տարիների ամենահագեցած ու ամենահետաքրքիր երեք ամիսներն էին: Նույնիսկ պատմելու էլ չէ:

Վերանորոգվեց դասասենյակը: Պատերին կախված էին մեր բոլոր հերոսների նկարները: Նրանց նվիրումն ու փառքն էինք դրել այնտեղ…

Վերջին զանգը մեզ համար դարձավ երկակի տոն:  Պետք է դասասենյակի բացում էլ այդ օրը լիներ:  Հպարտություն, ուրախություն, կարոտ, հուզմունք… Այս բոլորը եկել ու խառնվել էին իրար:

Մեզ հյուր էր եկել մարզպետը: Կարող եմ ասել՝ պարոն Ղահրամանյանը հիացած էր, երևի նման նախաձեռնության առաջին անգամ էր ներկա լինում: Հիշում եմ՝ միասին կտրեցինք դռան կարմիր ժապավենն ու ներս մտանք: Նրա աչքերում արցունք նկատեցի: Երևի ուրախության էին, կամ հպարտության:  Չէ որ այդպիսի սերունդ պիտի ճանապարհեր նոր կյանք…

Կուզեի` սա ավանդույթ դառնար բոլոր դպրոցներում: Բոլոր շրջանավարտներն ապրեին այն հպարտությունը, որն ապրեցինք մենք այդ մի քանի ժամում: Հավատացեք, դպրոցին մի հիշատակ թողնելը շատ ավելի հիշարժան ու կարևոր է, քան մեծ գումարներ վատնելը ռեստորաններում մեկ երեկո անցկացնելը:

Հիմա եմ գիտակցում դպրոցի կարևորությունը երեխայի կյանքում, երբ սեպտեմբերին դպրոց չեմ գնում որպես աշակերտ, երբ  «Վերջին զանգին» ներկա եմ որպես «հյուր»…

Ուղղակի պետք է գնահատել դպրոցական տարիները: Դրանք հաստատ մեր կյանքի ամենալուսավոր տարիներն են…