Սևան մեդիա ճամբար. Վարպետության դաս. Դասը վարում է ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանը

Մեր հյուրն է 4PLUS դոկումենտալ լուսանկարչության կենտրոնի համահիմնադիր Անուշ Բաբաջանյանը:

-Բարև ձեզ, ես Անուշ Բաբաջանյանն եմ, 4PLUS դոկումենտալ լուսանկարչության կենտրոնի համահիմնադիրներից մեկը: Ես լուսանկարչությամբ զբաղվում եմ 2008թ.-ից սկսած: 2008-ին ավարտեցի ֆոտոլրագրության կուրսերը, իսկ մինչ այդ ավարտել էի լրագրության բաժինը:

Այ, ինձ հետաքրքիր է, քանի՞սն են ձեզնից հետաքրքրված լուսանկարչությամբ և ուզում են հետագայում դառնալ լուսանկարիչ: Գրեթե բոլորդ ձեռք եք բարձրացնում:

Դա իրականում շատ լավ է, որ հետաքրքրվում եք լուսանկարչությամբ, դա շատ հմայիչ մասնագիտություն է և նույնքան բարդ է, ինչպես օրինակ, օպերատորությունը կամ մոնտաժը, բայց լավ լուսանկարիչ կարող է լինել հիսուն հոգուց միայն մեկը: Այ, օրինակ, երբ ես եկա, տեսա շատ գեղեցիկ մայրամուտ, և նկարեցի այն, որովհետև մտածեցի, որ շատ գեղեցիկ նկար կստանամ, և ստացա: Բայց միայն լավ նկար ստանալով լուսանկարիչ չեն դառնում: Լավ լուսանկարիչ լինելու համար պետք է կարողանալ անել հետաքրքիր ֆոտոպատմություններ: Ու դա կլինի այն լուծումը, որը դու կգտնես, իսկ մյուսները՝ոչ: Մյուսները ուղղակի մայրամուտ կնկարեն, իսկ դու կպատմես պատմություն:

Մարդիկ բոլորը սիրում են պատմություններ՝ երեխաները սիրում են հեքիաթներ, մեծանալով սիրում են սիրային պատմություններ, ավելի մեծանալով՝ ուրիշ պատմություններ: Ու ձեզանից էլ ,որպես լավ մասնագետեներ, մարդիկ կսպասեն հետաքրքիր պատմությունների, նոր պատմությունների, բայց նաև այնպիսի պատմությունների, որոնց հիմքում ընկած լինեն շատ-շատ հիմնական բաներ: Օրինակ՝ սերը, ատելությունը…

Ֆոտոպատմությունը կարող է լինել ամեն ինչի մասին, ինչ դու ուզում ես, կարևորը հետաքրքիր լինի, որ դու նույն այդ պատմությունը նայես ու քեզ հետաքրքիր լինի: Դրան նայելով ասես` տեսնես, ո՞վ է դա արել: Եթե դու մտածես, որ դա ձանձրալի է, այդպես կմտածեն հաստատ նաև մյուսները:Իմ ամենաառաջին ֆոտոպատմություններից մեկը, որը սկսել եմ ու դեռ շարունակում եմ փողոցում հանդիպող արտասովոր կանանց մասին է, ովքեր սիրում են իրենց ներկայացնել յուրահատուկ հագնված, ովքեր սիրում են դուրս գալ փողոց և տարբերվել մյուսներից, ավելի հետաքրքիր լինել: Օրինակ, նրանցից մեկը՝ Լոլան, ոչ միայն հագնվում էր ուրիշներից տարբեր ոճով, այլև պատմում էր պատմություններ: Ասում էր, որ աշխատում է Ամերիկյան համալսարանում, չնայած դա այդպես չէր, կամ որ ամուսինը գլխավոր դատախազն է քաղաքի, բայց դա նույնպես այդպես չէր, բայց դա այն մասնիկն էր դառնում այն կերպարի, որով նա որոշել էր հանդես գալ: Այս կանայք հետաքրքիր են իրենց համարձակությամբ. իրենք ուզում են տարբերվել մյուսներից ու դա լավ են անում: Ու հենց դրա համար եմ ես նրանց նկարում: Նրանց բոլորին նկարելու համար, կամ ընդհանրապես պորտրետ նկարելու համար ոչ միայն անհրաժեշտ է նրանց համաձայնությունը, այլև պետք է կապ հաստատել այդ մարդու հետ, զրուցել, ու խոսակցության վերջում նկարելու դեպքում, նրա մեջ կա արդեն այդ հանգստությունը, չկան շատ մտքեր, թե ում հետ է ինքը խոսում, այլևս չի ամաչում: Այդպես նկարն ավելի բնական ու ստացված է լինում: Պորտրետ նկարելը շատ դժվար բան է, լավ պորտրետ նկարում են շատ քչերը: Մենք բոլորս էլ միայն սկսում ենք:
Եկեք անցնենք մի փոքր ավելի տխուր թեմայի: Ապրիլն էր: Ես արթնացա ապրիլի 2-ին և իմացա, որ մեր երկրում պատերազմ է: Ու մենք բոլորս արթնացանք ու իմացանք, որ Ղարաբաղում պատերազմ է: Մենք գիտեինք, որ շատ բանով չենք կարող օգնել այնտեղ գտնվողներին: Բայց լրագրողը՝ ֆոտոլրագրողը, այդ ժամանակ գնում է Արցախ: Իհարկե, շատերին դա հարմար չի, կամ մտածում են, որ գուցե վտանգավոր է, ու նրանցից շատերը չեն գնա, բայց նրանց մեջ կլինեն այնպիսիները, որ կգնան: Ամեն դեպքում հետագայում, եթե դուք դառնաք այնպիսի մասնագետներ, ունեցեք ձեր մեջ այդ համարձակությունը: Ուրեմն ես ապրլի 2-ին իմանալով այդ ամենի մասին և լինելով ազատ լրագրող, գնացի Արցախ: Ես այդ պահին չէի մտածում, թե որտեղ կտպվեր այդ պատմութունը և ինչպես, բայց ես գիտեի, որ պիտի լուսանկարեմ:
Մենք մտանք քաղաք, և ես հանդիպեցի մի վարորդի հետ, ում անունն Աշոտ էր, և նա ուղեկցեց ինձ, քանի որ ես ծանոթ չէի այդ տեղերին: Մենք մտանք Ասկերան, ուր այդ օրերին այդքան էլ շատ իրադարձություններ տեղի չէին ունենում, բայց 20 տարի առաջվա պատերազմից կային ռումբի հետքեր: Դա ապրիլին չէր պայթել, բայց ես նկարեցի դա, քանի որ այն նույնպես մտնում էր իմ պատմության մեջ: Ու այդ դատարկ ճանապարհը, մառախուղը, անընդհատ անձրևը ցույց էր տալիս, թե ինչ տրամադրություն էր տիրում Արցախում:

Ես հանդիպեցի մի հովվի, ով իր ոչխաներին տեղափոխում էր ավելի ապահով վայր: Դու պետք է տեսնես, թե ինչ է կատարվում քո շուրջը ու ստեղծես ֆոտոպատմություն: Սա ֆոտոպատմության մի օրինակ է, երբ դեպքին նայում ես տարբեր տեսանկյուններից ու ստանում հետաքրքիր ֆոտոպատմություն:

-Իսկ ի՞նչ է ֆոտոպատմությունը:

Ֆոտոպատմությունն այն ամենն է, ինչ դուք կարող եք պատկերացնել, ինչ կարող է տեղավերվել ձեր գլխում: Այն ամենը, ինչ ուզում եք արտացոլել: Պատմութունն ուղղակի պետք է հետաքրքիր լինի, որ դա նայելուց հետո, ցանկանաք դրա մասին խոսել ձեր կողքին նստողի հետ, քանի որ դա ձեզ շատ է հետաքրքրել: Այսպիսին պետք է լինի լավ ֆոտոպատմությունը:
Օրինակ՝ մի քանի օր առաջ ես գնացել էի Դիարբեքիր՝ Տիգրանակերտ, ու այնտեղ արեցի մի ֆոտոպատմություն, որն ինձ համար շատ բարդ էր: Դա կարծես մի տեղ է եղել, ուր մարդիկ իրար հետ լավ են ապրել, սիրել են իրար, բայց նաև միշտ ատել են իրար, որովհետև իրենք տարբեր ազգեր են, ու չգիտես ինչու, խուսափում են միմյանցից, որովհետև վախենում են, որ մյուսը կզբաղեցնի իրենց տեղը: Հարյուր տարի առաջ, օրինակ, հայերին են հանել, հիմա փորձում են քրդերին դուրս հանել, քանի որ քրդերը ձգտում են ապրել թուրքական կառավարությունից անկախ: Ու ես դա պետք է ներկայացնեմ ֆոտոպատմության միջոցով: Պատմությունը կոչվում է` «Սուր. հոգին պատնեշի տակ»: Սուրը խոշոր քաղաք է Դիարբեքիրում: Քաղաքում կար մի հատված, ուր ոչ ոք մտնելու իրավունք չուներ բացի ոստիկաններից: Իմ նպատակն էր` ցույց տալ, թե ինչպիսին է Սուրը՝ այդ պատմական տարածքը, ուր առաջ հայերն ու քրդերը միասին ապրել են, և այն հատվածը, որը շրջափակված է, քանի որ այնտեղ զինված բախումներ են տեղի ունեցել: Ես պետք է ցույց տայի այդ պարիսպը, ու ցույց տայի մի հետաքրքիր ձևով, որ տպավորվեր: Այնտեղ ես տեսա աշուղների մի հավաքատեղի, որը պարզվեց, նախկինում հայի տուն է եղել, և այստեղ 100 տարի առաջ ապրել է հայ ընտանիք: Մնացած լուսանկարներն էլ արել եմ փողոցներում շրջելիս, անծանոթ մարդկանց տներ ու բակեր մտնելիս, արել եմ բազմաթիվ լուսանկարներ, որոնցից հետո ընտրել եմ նրանք, որոնք իմ կարծիքով առավել լավ են բնորոշում իմ պատմությունը:
Հիմա երևի ձեզ մի փոքր պատմեմ 4PLUS -ի մասին: Իրականում մենք երեք հոգի ենք, այլ ոչ թե չորս: Մեր խմբի անդամներն են՝ Նազիկ Արմենակյանը, Անահիտ Հայրապետյանը և ես՝ Անուշ Բաբաջանյանը: Մի օր պարզապես մենք հավաքվեցինք և ստեղծեցինք մեր թիմը: Սկսեցինք կազմակերպել ցուցահանդեսներ, նաև ուսումնական ծրագրեր ու նախագծեր նկարել: Ամենակարևոր բանը, որ ուզում եմ ձեզ ասել. եթե ինչ որ բան մտածում ու ցանկանում եք, իրականություն դարձրեք, անպայման հետևողական եղեք դրանց նկատմամբ:Դուք հետաքրքրվում եք. Թե արդյո՞ք կարելի է լուսանկարը մշակել, ինչ որ բաներ փոփոխել: Ասեմ: Նկարների մեջ շատ փոփոխություններ անել չի կարելի, քանի լրագրողի գործը կայանում է նրանում, որ պետք է ներկայացնի այն, ինչ իրականում կա: Փոփոխություններ մտցնելով դուք խախտում եք իրականությունը: Որպես լրագրող, մենք կարող ենք մշակել, բայց ոչ փոփոխել: Դրա համար կոնկրետ սահմաններ չկան: Ուղղակի պետք է այնպես անել, որ շատ չհեռանաք իրականից: