«Իսկ ես ասում եմ` բարությունը կփրկի աշխարհը»

Հարցազրույց տատիկիս՝ Լուիզա Գալուստյանի հետ

Տատիկս թիֆլիսահայ է: Փոքր տարիքում ընտանիքով տեղափոխվել են Հայաստան։ Բախտս անչափ բերել է, որ նրա նման բարի, կամեցող ու մոդայիկ տատիկ ունեմ։ Նա ամեն հարցում ինձ աջակցում է, և իմ երկրորդ մայրիկն է։ Նա միշտ ինձ ու եղբորս ասում է. «Սկզբում դարձեք լավ մարդ, հետո` լավ մասնագետ»: Ես միշտ կառաջնորդվեմ նրա այս և մյուս խորհուրդներով:

-Տատ, ինչքա՞ն ժամանակ ես Թբիլիսիում ապրել և ի՞նչ լեզվով ես խոսել:

-Այնտեղ ապրել եմ հինգ տարի: Թբիլիսիում խոսում էինք վրացերեն, ռուսերեն և հայերեն: 1960 թվականին տեղափոխվել ենք Հայաստան, ապրել ենք Երևանում, Պռոշյան փողոցում:

-Որտե՞ղ ես սովորել:

-Սովորել եմ Երևանի համար 78 դպրոցում:

-Ինչպե՞ս ես սովորել:

-Եղել եմ հարվածային սովորող, առարկաներից սիրել եմ ռուսերենը, անգլերենը և պատմությունը:

-Ունեցե՞լ ես ընկերներ, ինչո՞վ էիք զբաղվում ազատ ժամանակ:

-Իհարկե, ունեցել եմ: Մեր բակի երեխաները շատ լավն էին, իմ ամենամոտ ընկերուհին՝ Անահիտ Առաքելյանը, ում հետ մինչև հիմա դեռ կապի մեջ եմ, վաստակավոր տիկնիկագործ է: Մենք հանդեսներ էինք կազմակերպում փոքրերի հետ, հրավիրում էինք ծնողներին (որպես հանդիսատես), ճամբար էինք կազմակերպում: Ծննդյան տոների ժամանակ, գնում էինք Անահիտի հայրիկի՝ Ժորա քեռու մոտ, նա կտորի վրա ծաղիկներ էր նկարում, և մենք մեր ընկերներին էինք նվիրում:

-Փոքր տարիքում ի՞նչ էիր ցանկանում դառնալ:

-Փոքր ժամանակ ուզում էի դառնալ անգլերեն լեզվի թարգմանչուհի, դերասանուհի, բայց ցավոք ոչ մի մասնագիտություն չունեցա: Ես մայրիկիցս սովորել եմ կարուձեւ անել, նա դերձակ էր: Մայրս համեստ էր, խելոք, բարի: Նա եւ’ լավ մայր էր, եւ’ լավ կին:

-Ո՞մ հետ էիր ապրում:

-Ընտանիքում հինգ հոգի էինք՝ հայրս, մայրս, եղբայրս, քույրս և ես: Մենք շատ համերաշխ էինք, երբեք չէինք վիճում: Բայց երբ մեծացանք, քույրս և եղբայրս սկսեցին անընդհատ վիճել, իսկ ես միշտ հանգիստ բնավորություն եմ ունեցել:

-Մանկությունից ի՞նչ պատմություն է տպավորվել:

-Փոքր ժամանակ խաղում էինք «Բանիս-փլավ»: Տարաները շարում էինք ու քարերով խփում, գցում: Մի անգամ էլ պատահմամբ մեր հարևան Միսակի գլխին խփեցի և վիրավորեցի: Մայրը եկավ մերոնց վրա կռիվ, շատ ղըժղըժ կին էր: Ես վախից մտել էի մահճակալի տակ, բայց հաջորդ օրն ամեն ինչ մոռացած Միսակի հետ այդ խաղն էինք խաղում: Այն ժամանակ շատ տարածված խաղ էր:

-Ինչպե՞ս ես ծանոթացել պապիկի հետ:

-Գնում էի ընկերուհուս տուն: Վերելակով բարձրանալիս այն փչացավ, և նա եկավ դռները բացեց, որ ես դուրս գամ, այդպես էլ ծանոթացանք: Պապիկդ մի ռադիոհաղորդավար ընկերուհի ուներ: Հարսանիքի օրը նա ռադիոյով պատմում էր մեր այդ պատմությունը. «Վերելակի դռները բացվեցին, և դուրս եկավ մի վախեցած աղջնակ, նա Լուիզան էր»…

-Ըստ քեզ, ի՞նչ խնդիրներ ունեն այսօր երիտասարդները:

-Հիմա բոլորը սովորում են, բայց չեն կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել: Հարգանք չկա մեծերի նկատմամբ և հետո, նրանց խոսելաձևը՝ ժարգոնով…

-Ի՞նչ խորհուրդ կտայիր երիտասարդությանը:

-Ազնիվ լինեն, շատ գրքեր կարդան, քաղաքը կամ իրենց բնակավայրը մաքուր պահեն և սիրեն, կիրթ ու բարի լինեն, ներողամիտ… Նախ, լինեն լավ մարդ, հետո` լավ մասնագետ: Ասում են՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը, իսկ ես ասում եմ՝ բարությունը: Սիրեն և պահպանեն մեր հայրենիքը թշնամուց:

Աստված օրհնի մեր զինվորներին: