marat sirunyan

Լեռնավանի ավանդազրույցները

Մեր հասարակությունն ինչպես երբևէ, այսօր էլ ինչ-որ հավատալիքներ ու վախեր ունի գերբնական ուժերի, առեղծվածների և նման բաների հանդեպ: Այդ պատճառով որոշեցի հավաքագրել ժողովրդական, մարդկային պատմություններ կապված չար ուժերի՝ սատանաների հետ: Այդ պատմությունները որոշեցի հրապարակային դարձնել՝ շարքով:

Եվ այսպես, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ շարքի առաջին պատմությունը, որն ավելի շատ առասպելի է նման, սակայն իր մեջ պարունակում է ժողովրդի պատկերացումները, տեղեկությունները սատանաների մասին:

***

Հանգամանքների բերմամբ մայրամուտից հետո հայտնվեցի տունդարձի ճամփին: Մութ էր, ու երկնքում մեկ-երկու աստղ էր միայն նշմարվում: Մեզ մոտ այդպես է՝ ամպամած գիշերները, երբ աստղերն ու լուսինը ամպերի տակ են, խստաշունչ մութ է, լուսնկա գիշերները՝ մեղմիկ լուսավորված: Չգիտեմ՝ շատ տարիներ առա՞ջ էլ էր էդպես, թե ոչ, բայց տարիներ առաջ ասում են՝ շատ բան էր ուրիշ: Եվ մտքերով անցյալ էի գնացել՝ լսածս պատմությունների հետքերով, և միևնույն ժամանակ ամենայն ուշադրությամբ հետևում էի ճանապարհիս ու զննում շուրջբոլորս:

Ինչե՜րի կարող են հասցնել երևակայական մտքերը… Մթության մեջ քամու ձայնը մի պահ նմանվեց երգի, ինչ-որ կենդանու ձայն՝ լացի, ճանապարհի կողքին, գիշերային ցրտից սվսվացող ծառն էլ՝ մարդ թվաց: Այս ամենը ավելի շատ երևի ոչ թե վախի արդյունք էր, այլ փնտրտուքի. չէ որ շատ տարիներ առաջ էր, երբ Սիրունենց (գյուղում մեզ՝ Սիրունյաններիս, էդպես են ասում) նախապապերը մեկին տեսան ու նկատեցին, որ ոտնաթաթերը հակառակ են. հասկացան՝ սատանա է: Բռնեցին նրան, ու որպեսզի չփախչի, մի կեռմայր (բուլավկա) ամրացրին նրա վրա, ու այդ օրվանից սկսեցին առանց քուն ու դադարի աշխատեցնել նրան: Էդպես օրեր անցան, սատանան անչափ վախենալով կրծքին ամրացված կեռմայրից և չկարողանալով ազատվել դրանից, ստիպված հնազանդվում էր: Հրահանգներն էլ սատանին հակառակ էին տալիս, ասում են՝ սատանեն թարս է, ինչ ասում ես՝ պիտի թարս ասես, որ ճիշտ կատարի: Օրինակ՝ եթե ուզում ես ջուր բերի, պիտի ասես՝ ջուր մի բեր:

Օրերից մի օր էլ էդ Սիրունենց տուն հարս բերին: Որպեսզի հարսը չվախենա, չասացին այդ արարածի ով լինելը: Ու մի օր, երբ հարսը նրա հետ գնացել էր աղբյուրից ջուր բերելու, սատանան խորամանկում է.

-Այ հարս, էս անդեր բուլավկեն մեմ հանե՞ս. նեղուտյուն կուդա:

Միամիտ հարսը կեռմայրն արձակում է թե չէ, սատանան փախչում է՝ անիծելով.

-Սիրունենք ինչ գորձ բռնեն, թող էրգուսեն էղնի (երկրորդ անգամից) կամ չէղնի, կաստուրկի ղափաղներն էլ հա ծուռ էղնի…

***

Սա թերևս առասպելին ավելի մոտ է, բայց դրանից զատ, մեր օրերին ավելի մոտ ժամանակների վերագրվող սատանայի հետ կապված պատմություններ կան: Ուրեմն դրանից հետո էլ այդ սատանան եղել է, ուղղակի քչերին է հանդիպում: Եվ ըստ ժողովրդի, այն ցերեկները այծի կերպարանք է ընդունում ու էդպես մնում մինչև գիշեր. «էծը սատանա կեղնի՝ սատանի մազ ունի»: Գիշերն էլ ինչ-որ մեկի կերպարանքն ընդունած (ում մազից որ պոկել է) շրջում է այստեղ-այնտեղ՝ աշխատելով հեռու մնալ կրակից ու ջրից. կրակից վախենում է, ջրից՝ աներևութանում:

Նույն գյուղի ճանապարհներով ես բարեհաջող անցա ու տուն հասա: Թեև ճանապարհս այնքան էլ կարճ չթվաց, այնուամենայնիվ ես այդպես էլ ոչ մի սատանայի էլ չհանդիպեցի: Ո՞վ գիտե՝ գուցե պատճառը  Սիրունենցից լինե՞լս է… Այնուամենայնիվ մյուս պատմությունները դեռ առջևում են: