Լուսանկարը

Սենյակի կորած անկյունից հանում եմ մի փոշոտ արկղ, որի պարունակության մասին ոչինչ չգիտեմ։ Բացում եմ արկղը ու գտնում եմ նկարների կույտ։ Անցնում եմ իմ սիրած գործին՝ փորփրում եմ մայրիկիս ու հայրիկիս անցյալը՝ հին նկարներն ուսումնասիրելով։ Հանկարծ գտնում եմ լավ պահպանված մի թերթի կտոր, վրան խունացած սև ու սպիտակ լուսանկար, որտեղ պարզ երևում է Ազնավուրի դեմքը։ Նրա շուրջը խմբված է մարդկային ամբոխ։ Հարցնում եմ մայրիկին, թե ինչու ենք պահել նկարը։ Նրա դեմքին մի ժպիտ է նշմարվում, ու նա պատասխանում է․

-Լավ նայիր, ու ինքդ քեզ կգտնես։

Եվս մեկ անգամ նկարն ուշադիր զննելուց հետո գտնում եմ ինձ՝ հինգ տարեկան մի աղջիկ, պապիկի գրկում՝ Ազնավուրի կողքին։ Անչափ ուրախանում եմ ու լուսանկարում թերթի կտորը։ Մտնում եմ ֆեյսբուք, որպեսզի ընկերներիս ցույց տամ նկարն, ու հենց առաջին հրապարակումը Ազնավուրի մասին է։ Լուռ կարդում եմ նյութի խորագիրը՝ «Մահացել է աշխարհահռչակ երգիչը»։ Աչքերիս չեմ հավատում, հաջորդ հրապարակումը նույն խորագիրն ունի, դրան հաջորդողը` նույնպես։ Աննկարագրելի տխրության ալիք է անցնում միջովս։ Կարդում եմ բոլորի հրապարակումները, բայց գիտակցում եմ, որ դրանք ի զորու չեն հետ բերելու արտիստին։

Հաջորդ օրը դասերն ավարտելուն պես նստում եմ երթուղային տրանսպորտ ու ուղևորվում տուն։ Ամեն ինչ սովորական է, բացի եղանակից, եղանակն ամպամած է։ Տեղավորվում եմ ու սկսում քանդել ականջակալներիս անհասկանալի քարկապները, երբ հանկարծ լսում եմ Ազնավուրի ձայնը։ Տեսնում եմ, որ նույնիսկ կողքիս նստած ժպտերես երիտասարդ աղջկա դեմքից վերանում է ժպիտը։ Տրտմությունը մնում է կախված ավտոբուսի խոնավ օդում։

Առաջին անգամ հասնում եմ տուն առանց ականջակալների ու մտքումս երգում եմ իմ ամենասիրելի երգի բառերը «Moi qui criais famine, et toi qui posais nue․․․»։