serine harutyunyan

Լռության ժամ

Երևի շատ տներում գոյություն ունի «լռության ժամ» կոչվածը: Չէ՛, չէ՛, դա հաց ուտելու ժամը չէ, և ոչ էլ գիշերվա այն ժամը, երբ բոլորը քնած են: Լռության ժամն ավելի հաճախ այն տներում է պատահում, որտեղ տատիկներ կան: Եթե տատիկ, ուրեմն՝ հեռուստասերիալ… Հիմա հասկացա՞ք, թե ինչ նկատի ունեի լռության ժամ ասելով…

Եթե տանը տատիկ կա, ուրեմն հեռուստասերիալի սկսվելուն պես բոլոր բերանները պարտավոր են փակվել, բոլոր գործերը պարտավոր են սպասել, բոլոր հանդիպումները՝ հետաձգվել… Այսինքն՝ բոլորը՝ մեծից փոքր, ստիպված են ձկան պես լուռ նստել…
Սիրում եմ, երբ ինչ-որ տատիկ հեռուստասերիալ է նայում, իսկ ես ուղղակի դրա ականատեսն եմ լինում: Տատիկների սերիալ նայելը կարծես մի հատուկ արարողակարգ լինի, միշտ նույնը, նույն հերթականությամբ՝
1. նստել հեռուստացույցի առաջ գովազդով նշված ժամից մի քիչ շուտ,
2. ինչ-որ մեկից խնդրել հեռակառավարման վահանակը,
3. բարձրացնել հեռուստացույցի ձայնը ինչքան հնարավոր է,
4. սպասել ֆիլմի սկսվելուն…
Վերը նշված երրորդ կետը՝ ձայնը մինչև վերջ բարձրացնելը պարտադիր նախապայման է, եթե անգամ տատիկը ի վիճակի է ավելի ցածր ձայնով էլ լսել: Դեռ դա ոչինչ, ամենահետաքրքիր պահերը սկսվում են ֆիլմի սկսվելուն պես… Քար լռություն, միայն դերասանների ձայն, ու, ու ինձ թվում է սերիալ նայող տատիկի ձայնի մասին նշելն անգամ ավելորդ է… Այս արարողակարգին գոնե մի անգամ ականատես եղածներից շատերը կարող են հաստատել այն, որ ամբողջ ֆիլմի ընթացքում տատիկի ձայնն ավելի շատ է լսվում, քան բոլոր դերասանների ձայները միասին վերցրած: Սպորտային մեկնաբանի նման, տատիկները կարող են անվերջ խոսել ամբողջ ֆիլմի ընթացքում, շարունակ բարձրաձայնել իրենց անմեղ մեկնաբանությունները: Սիրում եմ, երբ սկսում են գովել դերասանին, հաճախ էլ՝ անիծել… Սիրում եմ, երբ հեռուստացույցի դիմաց նստած տատիկը անմեղորեն հուշում է դերասանին, թե ինչ պետք է անի… Սիրում եմ, տատիկների այդ անմեղ մեկնաբանությունները…

Շա՜տ կուզեի, որ տատիկս ողջ լիներ… Շա՜տ կուզեի ենթարկվել տատիկիս կողմից մշակված այդ հատուկ կանոնակարգին…