Խնդրում եմ ինձ չջրեք

Լուսանկարը՝ Արամ Կիրակոսյանի

Լուսանկարը՝ Արամ Կիրակոսյանի

Հուլիսի 23՝ Վարդավառ: Տարբեր տեղեր տարբեր կերպ է նշվում, բայց ավանդույթը մնում է ավանդույթ, որ պետք է իրար ջրել: Պատմեմ Տավուշի Վարդավառից: Եթե չնշեմ էլ, ապա հաստատ իմացած կլինեք, որ Տավուշը միշտ էլ յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում տոներին, այդ թվում նաև Վարդավառին: Մինչ քաղաքներում սպասում են, որ ծորակ բացեն, դույլ լցվի կամ ցայտաղբյուրից բաժակով ջուր վերցնեն կամ լավագույն դեպքում, սպասեն հրշեջ մեքենային՝ այդ ընթացքում տավուշցիները գետ են ցամաքեցնում: Տոնից մեկ օր առաջ գնում են սարեր, որոնք գյուղերից հեռու են մոտավորապես 40կմ, որտեղ բջջային կապը երազանք է թվում: Գնում տեղավորվում են և գնալու գիշերը մեծ մեքենաներով գնում անտառ, բերում քամուց ընկած մեծ ծառեր և պատրաստում խարույկ, որը ունի մեծ չափսեր, այնպիսին, որ մինչև առավոտ վառվում է: Դե պարզ է, խարույկը չեն վառի ու գնան վրաններ կամ մեքենաներ, նստում են մինչև ուշ գիշեր, պատմում պատմություններ, անեկդոտներ, տաղանդավորները երգում են և այդպես շարունակ, իսկ կամքից ուժեղները սպասում են արևածագին: Ամենուր խորովածի և խորոված սմբուկ-պղպեղի հոտ է:

Լուսանկարը՝ Արամ Կիրակոսյանի

Լուսանկարը՝ Արամ Կիրակոսյանի

Օրը ես միշտ սկսել եմ այս արտահայտությամբ. «Խնդրում եմ ինձ չջրեք»՝ ասելով տարբեր պատճառներ, կամ շոր չունեմ բերած կամ հիվանդ եմ կամ հեռախոս կա գրպանումս, բայց միշտ չի, որ ստացվում է փախչել: Կամ հանդիպում են մարդիկ, ովքեր պետք է իրենց ասածը անեն՝ ջրեն, կամ էլ խորամանկներ, որ փոքր բաժակով ջուրը շփում են դեմքիդ ու ասում, որ ոչ շորին ա խանգարում, ոչ էլ հեռախոսդ թրջվեց: Այդ հաճելի ապրումներին միացավ ևս մի հաճելի պահ, երբ իմացա, որ Վարդավառին ներկա են լինելու նաև՝ անծանոթների համար www.17.am -ի թիմից, իսկ ովքեր կապ ունեն 17-ի հետ հաստատ կճանաչեն. Աշոտը և Հովնանը, իրանց հետ նաև իմ սիրած լուսանկարիչ Արամ Կիրակոսյանը: Նրանք եկել էին փոքրիկ դոկումենտալ ֆիլմ նկարելու, թե ինչպես է անցնում Վարդավառը Տավուշի սարերում: Ինձ համար միշտ էլ Վարդավառը հաճելի տոն է եղել, բայց այս անգամ ավելի հաճելի էր, որովհետև, ինչպես ասացի, ներկա էին այդ լավ մարդիկ:

Լուսանկարը՝ Արամ Կիրակոսյանի

Լուսանկարը՝ Արամ Կիրակոսյանի

Ամեն ինչ հաճելի էր, բայց այդ ամենի մեջ կար նաև տխրեցնող և արտագաղթը հիշեցնող մի հատված, երբ անցնում ես ճանապարհով ու հիշում, որ պետք է ապակիները փակես մեքենաների, որպեսզի կարողանաս պաշտպանվել թփերի հետևում թաքնված երեխաներից: Բայց այս տարի թփերը դատարկ էին ու այն փոքրի լիճը, որը ճանապարհի մոտ է և ամեն անցնելուց այն շրջապատված էր վրաններով ու մեքենաներով, նույնպես դատարկ էր:

Լուսանկարը՝ Արամ Կիրակոսյանի

Լուսանկարը՝ Արամ Կիրակոսյանի

Այս տարին կարծես նման չէր Վարդավառի, այլ նման էր ազատ կիրակի օրվա, երբ պատահաբար ճանապարհին հանդիպում ես հանգստացող ընտանիքների: