lilit khlghatyan portret

Կարոտի թևեր

Գարունը կյանքի զարթոնքն է, վերածնունդ, երբ խորը քնից դուրս է գալիս ողջ աշխարհը: Գարունը` իմ և իմ համագյուղացիների համար բաժանման եղանակ է:

Կարոտի թևերը տանում են ամիսներ, կորցնում ենք տարիները և այդ ամենի հետ էլ սպասում աշնանը…

Ահա և մի քանի օր առաջ հայրիկս գնաց Մոսկվա: Եվ այդ բաժանումներն են ամբողջ գյուղում: Մի մասը ճանապարհում է, իսկ մյուս մասն էլ թողնում է ամեն ինչ և գնում: Շատերն են գնացել ընտանիքներով և այլևս չեն վերադարձել:

Մայրիկս պատմում է, որ առաջ քչերն են ունեցել բջջային հեռախոս և եթե Ռուսաստանից զանգ էր գալիս, և հարևաններից մեկին էին խնդրում, ապա պետք է տաներ և հեռախոսը հասցներ հասցեատիրոջը, որպեսզի խոսեին և իմանային, թե ինչպես են:

Առաջ հնարավորությունները շատ քիչ էին, և  փոքր երեխաները անգամ մոռանում էին իրենց հայրերին, և ամեն պատահական մարդուն «հայրիկ» էին կոչում: Իսկ դրանից հետո գալիս էր հայրիկը և մինչև հարմարվում էին, կրկին գալիս էր գնալու ժամանակը:

Եղբայրս` Էրիկը, փոքր ժամանակ հայրիկի գնալուց հետո մի քանի օր ջերմություն էր ունենում: Մեր գյուղի բարբառով ասած` «Դեմ ու դարձ էր ընկնում»:

Է՜ , ես էլ` առաջվա սև ու սպիտակ ֆիլմերը նայելիս մտածում էի, թե առաջ ամեն ինչ սևի ու սպիտակի մեջ է եղել: Իսկ հիմա, եթե անգամ հնարավորություն չկա գրկելու, ապա գոնե հեռվից կարողանում ենք տեսնել հայրիկին: Այնպես որ, զարգացած գիտությունից պետք չէ դժգոհել. այն մեզ չի խանգարում: Իսկ թե ինչ կվերցնի մարդը համացանցից` կախված է իր տեսակից: Դրա համար փոքր եղբորս բախտը շատ է բերել, գոնե Skype-ով տեսնում ու չի մոռանում հայրիկին:

Էրիկն ու Սոֆին միշտ բողոքում են, թե ոչ մի տարի իրենց ծննդին` հայրիկը տանը չի լինում, ահա այստեղ էլ իմ բախտն է բերել: Իմ ծննդյան օրը նա տանն է լինում:

Մեր գյուղում` Լիճքում, ամռանը շատ քիչ տղամարդկանց կհանդիպես: Ով էլ մնացել է, կամ առողջական խնդիրներ ունի, կամ էլ արդեն ծերացել է: Դրա համար էլ մեր գյուղը անվանում են կանանց գյուղ: Կանայք էլ գյուղում են աշխատում, հաց են ստեղծում, այգին ու հողամասն են մշակում, յուղ են պատրաստում, պահածո են փակում, մինչև գա աշունը, և մեր խոպանչիները հետ վերադառնան:

Մեր մեծերը մի լավ օրհնանք ունեն, ասում են. «Դատարկ գրպանով գնում եք, լիքը գրպանով հետ վերադառնաք»: Արդեն հաշվում եմ օրերը, թե երբ կգա հոկտեմբերը, և նա հետ կգա…

Առաջին բանը, որ հայրս կասի, դա այն է, որ երեխեքը շատ են մեծացել ու փոխվել, չնայած կարող էր լինել մեր կողքին և անգամ չզգալ, թե ինչպես ենք մեծանում: Բայց մեր ծնողներն էլ մեղավոր չեն, չէ՞: Նրանք ամեն ինչ անում են, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք:

Կարոտի թևերը ձգվում են խոպան, կարոտը մեր աչքերում է: Հուսով եմ կգա այն օրը, երբ հաց կվաստակենք հենց մեր հողի վրա, ամուր կկանգնենք մեր ոտքերի վրա և կշենացնենք մեր երկիրը:

Հայրենիքից և հայրենի տնից սուրբ վայր չկա:

Երանի բոլորը գան ու չգնան…