mariam tonoyan

Կյանքի արժեքը մեկ փամփուշտում. Մաս 1

Հորս պատմած պատմությունները պատերազմի մասին մի մեծ կնիք են դրել զգացմունքներիս ծրարի վրա, իսկ դեպքերի աղոտ պատկերացումները դառն ու սարսափազդու տենդով են համակում հոգիս ու խլում աչքերիցս թաքուն գլորվող արցունքներ:

Միշտ զարմացել եմ հորս սառնասրտությունից, որն ինձ երբեմն անտարբերություն էր թվում: Այժմ, երբ գիտակցում եմ, թե որքան սառնասրտություն է պահանջվում պատերազմի դաշտում, երբ ընկերդ կարող է զոհվել քո աչքի առաջ, սուրացող հազարավոր փամփուշտներից մեկի զարկից, ու քո մահվան հավանականությունն էլ քիչ չէ, հասկանում եմ, որ այդ հատկանիշը ներարկված է ցանկացած սահմանապահի ու զինվորի, պատերազմի մասնակցի երակներում: Ծնված օրվանից որպես հեքիաթ հորիցս լսել եմ պատմություններ պատերազմի ու հայրենասիրության մասին, որպես օրորոցային՝ ազգագրական երգեր, ֆիլմերի հերոսների փոխարեն սիրել եմ Մոնթեին ու Բեկորին, Դուշման Վարդանին ու Վազգեն Սարգսյանին: Մանկուց հարցրել եմ ամենքին՝ կգա՞ ժամանակ, երբ էլ պատերազմներ չեն լինի, բայց, չգիտես ինչու, պատասխանի փոխարեն դառնացած հայացք ու խոր հառաչանք եմ ստացել: Նման հառաչանքով է հորս մարտական ընկերը հրաժարվում պատերազմի մասին խոսելուց, իսկ հայրս պատմում է.

-1993թ.-ի հունվարի 19-ն էր՝ գիշեր: Ջիվանավանի սարերում էինք: Հակառակորդի կրակոցներից մեզնից որոշ հեռավորության վրա հրդեհ էր բռնկվել: Օմարից մինչև Ջիվանավան թեժ մարտական գործողություններ էին ընթանում: Թշնամին անցել էր լայնածավալ հարձակման: Նրանց բանակը համալրված էր Աֆղանստանից եկած վարձկան զինվորներով: Համեմատած իրենց զինվորների հետ՝ մոջահեդներն ավելի արագաշարժ էին ու կարողանում էին արագ լեռներ մագլցել:

Սառնամանիք էր: Մրսում էինք: Թշնամին գրոհում էր տարբեր կողմերից: Մարտական ընկերներս թույլտվություն ստացան դասակի հրամանատար Հակոբյան Լյովայից ու գնացին գումարտակ՝ տաքանալու ու իրենց փոխարինողներ ուղարկելու: Բավականին երկար ժամանակ անցավ, բայց տղաները չեկան: Հարցրի հրամանատարին՝ կարո՞ղ եմ գնալ նրանց հետևից: Վերջինս որոշեց ինքը գնալ, ու ես մնացի մենակ: Երկար ժամանակ անցավ: Ոչ ոք չվերադարձավ: Հանկարծ զգացի, որ ոչ միայն առջևից, այլև շրջանցելով սարերը՝ թշնամին կրակում է աջից ու ձախից և ավելի է մոտեցել: Ես բոլորովին անտեղյակ էի ընկերներիցս, չգիտեի՝ ինչ անել:

Պարզվեց, որ հրաման էր եղել նահանջելու, և զորքը Յանշակ էր նահանջել: Իմ մասին էլ բոլորովին մոռացել էին: Միայնակ, սարի վրա, և ո՞վ գիտի՝ քանի թշնամիներով շրջապատված: Խուճապահար մի քիչ իջա սարով ցած, նայեցի ներքև ու տեսա, որ տունը, որտեղ մեր գումարտակն էր տեղավորվել, այրվում է: Իսկույն հասկացա եղելությունը և ցած իջա սարից: Գնացի այրվող տնից մոտ 150 մետր այն կողմ գտնվող մեր տնակը, վերցրի ուսապարկս ու գիշերով ճամփա ընկա: Հեռվից որսում էի գնդի տղաների ձայները Յանշակից Չապլին ճանապարհի վրա և որպեսզի նրանց հասնեմ, ճանապարհս վազելով շարունակեցի: Վերջապես գտա նրանց, միացա զորքին, գանգատվեցի, որ դիրքում մենակ էին թողել ու ճանապարհվեցինք դեպի Սետլար:

Իմ այդ ծանր օրն էլ ավելի ծանրացավ, երբ հանգստի ժամին մեզ ասացին, որ հրամանատարներ Գլոբա Վովան, Վերդյան Վլադիմիրը և մի քանի զինվորներ զոհվել են: Ծանր դեպքերից ճնշված ու հուզված՝ հասանք Սետլար: