Ani avetisyan

Կյանքով մեկ տառապել եմ

Զրուցում եմ մեր գյուղի ամենածեր բնակչի՝ 104 –ամյա Վարժուհի տատիկի հետ անցած գնացած օրերի, ուրախ ու տխուր պահերի մասին: 

Տատիկն էլ` տարիքին անհամապատասխան ավյունով, բայց արդեն ծերությունից դողացող ձայնով, պատմում էր իր երկար ու դժվար կյանքը: 

-1912 թվին եմ ծնվել: Իմ հերն ու մերը գաղթական են, հերս Մարմուսցի ա (գյուղ Բիթլիսի վիլայեթում), ընդեղ ամուսնացել են, ես քյորփա եմ էղե՝ եկել ենք Կոշ ենք ապրել: Թաղիանոսի տունը հոտաղություն են արել, հող են մշակել, մեծացրել են մեզ: Գլուլ եմ կերել, յոնջա, կոճղեզ…

Կոշի կեսն էլ գաղթական են, 50-60 տուն գաղթական կա ընդեղ:

Կոշում եմ մեծացել, մինչև 1939-ին ամուսնացա, եկա Ոսկեհատ: Էն վախտ էս գյուղի անունը Փաթրինջ էր, թուրքի գեղ ա էղե: Հետո թուքերին հանել են, արևմտահայերն էլ եկել-վեկալել են գեղը: Այ, ընդե մի հատ թուրքի գոլ կա, խո՜ր-խո՜ր…

Յոթ էրեխա եմ ունեցել, իրեքը մահացել են: Հիմա, փառք Աստծու, երկու աղջիկ, երկու տղա ունեմ: Չորով-չոփով պահել, մեծացրել եմ, հիմա էլ էս վիճակում եմ: Մանկությունից չարչարվել եմ, մինչև 90 տարեկան:

-Աշխատել ես, չէ՞…

-Հա, ես շուտվանից, 39 թվից կոլխոզում եմ աշխատել: 55 տարվա ստաժ ունեմ: Թազա հարս եկած օրվանից աշխատել եմ մինչև սովետի քանդվելը:

Իմ մարդը հայրենական պատերազմին հինգ տեղից վիրավորվել ա: Աշխատելուց երեխեքիս թողել եմ տեգորս կնկա հույսին՝ գնացել եմ: Ամեն աշխատանք արել եմ:

Հունձ եմ արե, գերնդով խոտ եմ քաղել, բաղ եմ փորել, բաղ եմ թաղել, արքանդ եմ հավաքել, էտել: Բայց ամենաշատը ծխախոտ եմ հավաքե, շարե: Շատ աշխատող եմ եղել: Յոթ-ութ հատ աշխատանքային մեդալ ունեմ: Էն ժամանակ, որ նվերներ էին տալիս, ինձ էլ են տվել՝ որպես լավ աշխատող: Սաղ գնացել-կորել ա:

Կոլխոզում առաջավոր եմ էղել, հըմընի մարգերը ես եմ հանել: Հա՜:

Ցորենը շլակով տարել եմ Ուշագանի (Օշական) Աթանի ջաղացը, 20 կիլո ցորեն աղացել եմ, ալուր եմ սարքել, բերել եմ երեխեքս են կերել: Էն վախտ ավտո չկար, շլակ էր, ոտ էր:

Էջմիածնից հաց եմ շլակել, բերել: Տանջվելով պահել եմ երեխեքիս: Վերջը՝ կյանքով մեկ տառապել եմ:

Երեսուն տարի ջրի մեջ շիթիլ եմ արել, վերևից անձրև ու կարկուտ էր, ներքևից՝ ջուր: Մի օր չեմ ասել՝ ոտերս ցավում են: Բան չկա, որ չեմ արել:

Ղռերը հունձ ինք անում: Հըմի ծարավ ենք, ջուր չկա: Հըմենը պառկան, քնան: Էս կողմ գնցի, էն կողմ գնացի՝ չկարացի հանգստանամ: Կուժը դրի թևիս տակ՝ իջա: Իջա հասա, նեղլի օղակ էին ասըմ: Ջուր խմի, ըտից գնացի հասի աղբուրը, ջուրը լցրի, պահակն ու նախագահն էկան, ասին՝ մարդ չկա՞ր, որ քեզ են ուղարկել: Ես էլ ասի, որ մարդ չի ուղարկել, ես եմ էկել: Համազն եկավ, ջուրը բերեց, գնացի ասի՝ հելեք ջուր խմեք, ես եմ բերել: Հըմենը պոլոզցան՝ ոնց եմ մենակ բերել: Այ, էսքան էր կուժը (ձեռքով ցույց է տալիս):

Էլ ի՞նչ պատմեմ: Մի դար ապրել եմ: Ինչքան էլ կորուստ եմ տեսել: Չորս ախպերս չկան, քուրս, երեխեքս…

Տասնհինգ հոգով էն տան մեջը ապրել ենք: Մարդս պահեստապետ էր, պատերազմի ժամանակ մի տոննա ցորեն բերեց, լցրեց տունը, իրավունքն էլ Մամոշին տվեց, գնաց: Կռիվ չկար մեր մեջը:

Ամեն ինչ էլ հիշում եմ: Հինգը տարեկանիցս հիշում եմ: Մենակ հիշողությունս ա, որ մնացել ա: Հարուր հատ երգ, ոտանավոր անգիր գիտեմ: Կոշում, դպրոցում երգի խմբակ էլ կար, ում ձենը նոտային բռնում էր՝ վերցնում էին, բանակի երգերն էլ եմ հիշում:

Ու, չնայելով օրեցօր վատացող առողջությանը, ծերացած ձայնով, բայց մանկան աշխուժությամբ սկսեց արտասանել իմացած բանաստեղծությունները.

Ծերն հազալով, կղտալով,
Թույլ ծնկներին զոռ տալով,
Մեջքից ցախը վեր առավ,
Նստեց վրան՝ սուգ արավ.

-Ես տուն ունեմ,
Դուռ չունի,
Թոնիր ունեմ,
Խուփ չունի,
Ձյունն է ծածկել դռնակս,
Փայտն է մաշկել կռնակս.
Ես ծեր… անցած,
Տնով քաղցած,
Հա՜ մերկ, հա՜ զուրկ,
Տալիք ու տուրք,
Խարջ ու խարաճ,
Լեզուս է կարճ…
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ…
Ո՞ւր ես, սև մահ…
Էսպես ապրո՞ւստ:
Մին էլ պուպուստ,
Մահը թե՝ հա,
Ծերուկ, ի՞նչ կա…

-Արևդ վկա,
Ոչինչ չկա…
Ճաքած լեղին,
Մոմից դեղին,
Կմկմալով,
Լեզվին տալով,
Ծերուկն ասավ.
-Մինը չկար,
Որ էս փայտը
Շալակս տար:
Ապրես, տեսա՞ր,
Ինչ շուտ հասար:
Բան մի կարծի,
Փայտն ինձ բարձի,
Դու ետ դարձի:

Ասում են՝ ծերանալով մարդիկ գտնում են իրենց կորցրած մանկությունը…