Կողբ

Կողբը իմ հայրենի գյուղն է, որը դարերի պատմություն ունի: Դեռ վաղ ժամանակներից պատմության մեջ նշվել է Կողբի անունը: Սկզբում գյուղի անունը եղել է Կողբափոր, իսկ գետի անունը՝ Կողբաչայ: Կողբը երեք կողմից շրջապատված է սարերով: Վաղ ժամանակներում պատերազմական տարիներին գերիներին բերել, պահել են այդ սարերի վրա կառուցված բանտերում:

Կողբը տարածքի մեծությամբ Հայաստանում առաջնային տեղերից մեկն է զբաղեցնում: Վաղ ժամանակներում Կողբում կառուցվել են մատուռներ, վանքեր, դեռևս կան որոշ բնակատեղիների և գերեզմանների հետքեր: Կողբում յուրաքանչյուր տեղանուն, կոթող ունի իր պատմությունը: Որոշեցի գտնել դրանցից գոնե մի քանիսը:

Կողբում կա մի վանք` Մշկավանք անունով: Այն ինձ վաղուց էր հետաքրքրում, թե ինչու է վանքը կոչվել Մշկավանք: Որոշեցի գյուղի տարեց մարդկանց հարցնել և իմացա մի պատմություն, որը ինձ շատ զարմացրեց:

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Կողբում աշխատող մշակները մի օր հավաքվում են և որոշում, որ պետք է վանք կառուցվի ոչ թե Աստծո կամ ինչ-որ սրբի պատվին, այլ հենց իրենց՝ մշակների: Եվ վանքի անունն էլ կնքում են իրենց անունով՝ Մշկավանք:

Մյուս վանքը, որից գրեթե ոչինչ չի մնացել ասում են հինգերորդ դարի կառույց է, որը հայտնի է Ագեղցի անունով: Կա մի պատմություն` կապված եկեղեցու և վանքի քահանայի հետ:  Ամեն տարի, մեկ անգամ զինված լեզգիները հարձակվում էին գյուղի վրա, թալանում և գնում: Նրանք ունեին մի սովորություն. ամեն անգամ գյուղ էին մտնում` զուռնա-դհոլ նվագելով: Հերթական հարձակման ժամանակ վանքի քահանան լսում է նրանց երգի ձայնը, վերցնում է զենքը և կրակում զուռնա նվագողի վրա: Այդ դեպքից հետո նրանք այլևս չեն հարձակվում գյուղի վրա:

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Հաջորդ պատմությունը, որ կարողացա իմանալ` Ամուրիների սարի պատմությունն է: Տասնչորսերորդ դարում լեզգիները մշտապես հարձակվում էին այս շրջանի վրա: Մի անգամ նրանք հարձակվում են գյուղի վրա և իրենց հետ տանում մի գեղեցիկ աղջկա, ով նշանված էր տեղացի տղաներից մեկի հետ: Տղան նշանածին փրկելու համար հետապնդում է նրանց:

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Նրան են միանում նաև քսանինը համագյուղացիներ: Երկար հետապնդումից հետո հարձակվում են լեզգիների վրա, ազատում աղջկան և վերադառնում, իսկ լեզգիները փախուստի են դիմում: Վերադարձի ճանապարհին կանգ են առնում մի սարի վրա և որոշում նշել իրենց հաղթանակը, այդ գիշեր էլ մնում են սարի վրա: Վրեժ լուծելու համար լեզգիները հետ են վերադառնում և հարձակվում քնած երիտասարդների վրա, և քանի որ նրանք թվով գերակշռում էին` հաղթում են և կոտորում բոլոր երեսուն երիտասարդներին և աղջկան: Քանի որ նրանք բոլորը ամուրի էին, սարը կոչվեց Ամուրիների սար: Այնտեղ դեռևս պահպանվում են երիտասարդների պայմանական գերեզմանները և խաչքարեր:

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի