Mariam Eghoyan

Հետաքրքրվում ենք ավտոդպրոցով

Միշտ ցանկացել եմ ծանոթանալ ավտոդպրոցի առօրյային, ցանկացել եմ տեղյակ լինել այդ դպրոցում իրականացվող դասերի մասին: Այդ դպրոցը, որտեղ միայն տեղ են գտել ավտոմեքենաները, նրա սարքավորումները և ճանապարհային երթևեկության մասին դասերը, ինձ միշտ հետաքրքրել է:

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում սկսվեցին ապամոտաժման աշխատանքները, և մենք ավտոդպրոցի հարկի տակ հյուրընկալվեցինք: Ես հնարավորություն ունեցա մի քանի հարցեր ուղղել ավտոդպրոցի փոխտնօրեն Արայիկ Միսակյանին և անձամբ տեղեկանալ ավտոդպրոցի գործառույթներին: Եվ այսպես, եթե դուք էլ եք հետաքրքրվում ավտոդպրոցով, ուրեմն եկեք բացահայտենք այն միասին:

-Ո՞ր թվականին է կառուցվել և սկսել գործել ավտոդպրոցը:

-Ավտոդպրոցը սկսել է գործել 1959թ.-ից: Սակայն ավտոդպրոցի ներկայիս մասնաշենք է տեղափոխվել 1973թ.-ին:

-Իսկ դուք որքա՞ն ժամանակ եք աշխատում այստեղ:

-Ավտոդպրոցում աշխատում եմ 2001թ.-ից:

-Ավտոդպրոցը համարվում է ուսումնական հաստատություն. եթե զուգահեռներ անցկացնենք ավտոդպրոցի և հանրակրթական դպրոցի միջև, ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան:

-Ընդհանրությունը կայանում է նրանում, որ երկու ուսումնական հաստատություններում էլ մենք կրթում ենք մեր ապագա սերունդներին տարբեր մասնագիտություններով, շփվում ենք տարբեր մտածելակերպ ունեցող երեխաների հետ: Եվ բոլորս կամենում ենք հասնել ցանկալի արդյունքի:

-Մի փոքր խոսենք դասերի մասին: Այստեղ ի՞նչ առարկաներ են ուսուցանվում:

-Ավտոդպրոցում ուսուցանվում է ավտոմեքենայի կառուցվածք, ավտոմեքենայի տեխսպասարկում, ճանապարհային երթևեկության կանոնների ուսումնասիրում, առաջին բժշկական օգնություն և գործնական ավտովարում:

-Իսկ դասերը քանի՞ րոպեով են իրականացվում:

-Ինչպես հանրակրթական դպրոցում, այնպես էլ ավտոդպրոցում դասերը իրականացվում են 45 րոպեով:

-Այժմ անդրադառնանք աղջիկների ավտոդպրոցում սովորելուն: Դուք աղջիկ շրջանավարտներ ունեցե՞լ եք:

-Այո, բազմաթիվ աղջիկ շրջանավարտներ ունենք, ովքեր դասերին մասնակցում են ըստ ցանկության՝ առանձին խմբակներով: Նրանք ևս ուսումնասիրում են և՛ ավտոմեքենայի կառուցվածք, և՛ ճանապարհային երթևեկության կանոններ, և՛ առաջին բժշկական օգնություն, և՛ գործնական վարում են սովորում:

-Իսկ դուք ի՞նչ դիքորոշում ունեք այդ հարցի վերաբերյալ:

-Աղջիկների մեքենա վարելը, հատկապես մեր ժամանակներում, շատ անհրաժեշտ է, և իմ կողմից միանշանակ ընդունված, քանի որ նրանք ևս՝ ինչպես տղաները, մեքենա վարելով կարող են օգնել իրենց ընտանիքին, քրոջը, եղբորը և ընդհանրապես առօրյայում շատ մեծ նշանակություն ունի աղջիկների մեքենա վարելը:

-Իսկ որքա՞ն է ավտոդպրոցում սովորելու տևողությունը:

-Հիմնականում սովորելու տևողությունը կախված է սովորողի ընդունակությունից: Որքան շուտ սովորի մեքենա վարել, այնքան սովորելու տևողությունը կարճ կլինի: Իսկ զինակոչիկների համար գոյություն ունի ծրագիր, որը տևում է չորսուկես ամիս:

-Այստեղ ինչպե՞ս են գնահատվում սովորողների գիտելիքները:

-Այստեղ զինակոչիկներին՝ մեր ապագա զինվորներին, տրվում է ավարտական վկայական: Գնահատումը կատարվում է 5 բալանոց համակարգով: Իսկ արդեն ժողովրդական տեսության մասնագետների գնահատականը իրենց գիտելիքներն են, որոնց միջոցով հանձնում են քննություն:

-Խոսենք կարգերի մասին: Ի՞նչ կարգեր են տրվում և ինչի՞ հիման վրա:

-Կարգերը բաժանվում են հետևյալ խմբերի. B կարգ, որը թույլ է տալիս վարել մարդատար մեքենաներ, մինչև 8 տեղանոց, C կարգ, որը թույլ է տալիս վարել բեռնատար ավտոմեքենաներ, որոնց բեռների զանգվածը չի գերազանցում է 3.5 տոննան, և D կարգը վերաբերում է ընդհանուր տրանսպորտային միջոցներին, օրինակ, ավտոբուս, միկրոավտոբուս: Վկայականի տրման դեպքում պետք է լրացած լինի վարորդի 21 տարին: Զինակոչիկների պարագայում` 19 տարեկանից արդեն կարելի է ստանալ D կարգ, այսինքն, շրջանավարտը ընդհանուր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք է ստանում: Կցորդով (E կարգ) երթևեկության դեպքում պետք է լրացած լինի 18 տարին և տրված լինի համապատասխան ավարտական վկայական:

-Ներկայումս որքա՞ն է ավտոդպրոցում սովորողների թիվը:

-Ներկայումս ավտոդպրոցում սովորողների թիվը 49-ն է:

-Ինչպե՞ս ընդունեցիք այն փաստը, որ մենք հյուրընկալվելու ենք ձեր հարկի տակ:

-Դա մեզ համար շատ հաճելի էր: Ուրախալի է այն փաստը, որ մենք կարողացանք օգնել Գավառի Հացառատ թաղամասի դպրոցներից մեկին:

Իսկ մենք ավտոդպրոցին ցանկանում ենք անխափան և բարեհաջող աշխատանք: