karen karapetyan portret

Կրկին ուշացած

Նորից լույսը բացվեց: Դարձյալ զարթուցիչիս ձայնը «հարամ արեց» իմ անուշ քունը: Մի կերպ վեր եմ կենում, անջատում եմ զարթուցիչս ու նորից փորձում տեղավորվել մահճակալիս մեջ: Մի րոպե չանցած մայրս է ինձ արթնացնում:

-Ա՜, մա՛մ, թող քնեմ: Մեկ ա, էսօր առաջին ժամը ֆիզիկա ա, ես էլ անցած ժամին եմ դաս պատմել:

-Վայ, ա՛յ տղա, հել գնա, դասից կուշանաս, հետո նկատողություն կստանաս, հել գնա:

-Մա՛մ, ի՞նչ կլինի, դու էլ գնաս քնես: Թե ասա` ո՞վ ա ձեզ ասում էսքան շուտ վեր կենաք, մի բան էլ` չթողնեք ուրիշները քնեն:

-Լա՛վ, գոնե հել լվացվի, մի բան կեր, նոր գնա: Առանց հաց ուտելու դուրս չգնաս:

Ես մի կերպ ասում եմ` հա, ու մեկ էլ հեռախոսիս զանգը.

-Այո՛:

-Կա՛ր, ո՞ւր ես, չկաս: Դասից տասը րոպե ուշացել ես, գալո՞ւ ես, թե՞ չէ: Ասեմ բացակա դնե՞ն:

Լսում եմ շատ ծանոթ ձայն, բայց չեմ հասկանում, թե ում ձայնն է, բայց, այնուամենայնիվ, պատասխանում եմ.

-Արդեն հասնում եմ, չթողնես բացակա դնի: Ասա` մնացել էր քնած կամ նման մի բան… Լավ, հասա:

Մի կերպ վեր եմ կենում և ուզում եմ հագնվել, բայց շորերս չեմ գտնում:

-Մա՛մ, շորերս ո՞ւր ա, տեսե՞լ ես:

-Հա՛, նոր գնում էին դասի: Ուշացար դասից, արագ մի բան հագի, գնա:

Մինչ մայրս խոսում էր, ես գտա շորերս. աթոռի վրա դրված էին, ուղղակի լավ չէի նայել:

-Մա՛մ, գտա:

Հինգ րոպե անց դուրս եմ գալիս տնից և արագ շտապում դպրոց: Տան բակից դուրս գալով՝ ինձ է դիմավորում մեր հարևան Խաչոյի գամփռը:

-Վայ, տնաշե՛ն, լեղաճաք եղա. էս ո՞վ ա քեզ արձակել:

Ճիշտ է, շունը ինձ չի վնասում, գալիս է ինձ մոտ և քսմսվում ինձ:

-Լավ էլի, Բուչո՛, մի արա, գնա:

Շունը նայում է ինձ, կարծես թե հասկանում է ինձ և գնում: Շարունակում եմ ճանապարհս: Հազիվհազ հասնում եմ դպրոցի դռան մոտ. դուռը էլի փակել են: Մտածում եմ՝ մարդ էլ այդքան տանջվի, գա հասնի դպրոց, որ սովորի, դասերից հետ չմնա ու տեսնի, որ դուռը փակել են: Ու հենց այդ մտքիս վրա նկատեցի, որ բաց պատուհան կա: Նայում եմ շուրջս, տեսնեմ` մարդ չկա, և սողոսկում եմ ներս: Սովորաբար այստեղից ենք կավիճ վերցնում: Ես չորս հատ կավիճ վերցրի և դուրս եկա այդ դասարանից: Դուրս գալիս ինձ դիմավորեց Ալվադ «տոտան»:

-Վայ, ա՛յ տղա, էս դու որտի՞ց ես գալում: Էլի լուսամուտո՞վ ես մտել, քո հետ իմա՞լ գլնի:

-Բարև՛, Ալվա՛րդ «տոտա» ջան, ի՞նչ լուսամուտ, ի՞նչ բան. կավիճ էի եկել տանեմ:

-Լավ, գնա՛, գնա:

Մտածում եմ, որ լավ ազատվեցի, ու հասնում-մտնում եմ դասարան, կարծես թե ոչ մի բան չի պատահել, և ես երեսունհինգ րոպե չեմ ուշացել: Ձեռքիս կավիճները դնում եմ գրատախտակի մոտ և ուզում եմ նստել իմ նստարանին, երբ երեխաները զարմացած նայում են ինձ. ուսուցչուհիս մի պահ կարծես բարկանում է և ասում.

-Կարե՛ն ջան, ո՞ւր ես, դասն արդեն վերջանում է:

-Գնացել էի կավիճ բերելու, ուղղակի սպասում էի մինչև Երևանից բերեին, էն էլ ուշացան:

Եվ այդ պահին զանգը հնչեց. արթնացա, էլի զարթուցիչիս ձայնը: