tatevik gabrielyan

Համացանցի գերիները

Հիմա շատերը կմտածեն, որ ինչ-որ նոր հեռուստասերիալի վերնագիր է, բայց շտապեմ հիասթափեցնել։ Սա սերիալի վերնագիր չէ, այլ մեր` երիտասարդներիս յուրաքանչյուր նոր օրվա վերնագիրը։ Հիմա կարդացողներից շատերը իմ գրած տողերում կգտնեն իրենց (եթե իհարկե, ոչ բոլորը)։

Առավոտյան դժվարությամբ արթնանում ենք, բայց աչքերներս բացելուն պես անմիջապես միացնում ենք հեռախոսը ու մտնում ֆեյսբուք (կամ այլ սոցիալական ցանցեր), որպեսզի տեսնենք, թե այդ ընթացքում, անքուն երիտասարդները ինչ նորություններ ունեն, ստուգենք մեր նամակները և այլն։ Իսկ հետո վեր ենք կենում ու պատրաստվում, բայց այդ ընթացքում հեռախոսը ձեռքներիցս ցած չենք դնում։ Ի վերջո, դպրոցի (քոլեջի, համալսարանի) ճանապարհին էլ ենք շարունակում «թափառել» համացանցում։ Հասնում ենք դպրոց, բարևում դասընկերներին և սկսում ենք քննարկել ինչ-որ մեկի ֆեյսբուքի նոր գրառումը, ինստագրամ ներբեռնած նոր նկարը և այլն։ Բայց ամենահետաքրքիրը սկսվում է զանգի հնչելուց հետո, երբ ամբողջ դասարանը համատարած ձևացնում է, թե դաս է լսում, բայց իրականում նրանց ուշադրությունը ամբողջությամբ գրավել է, ինչ-որ անիմաստ էջի գրառում, որում ասվում է, որ պետք է դպրոցում լավ սովորենք և նման այլ գրառումներ, իսկ աշակերտները առանց հասկանալու պարզապես հավանում են (սրտկում) այդ գրառումը և շարունակում են շրջել վիրտուալ աշխարհում, որը գրավել է բոլորին։ Ուսուցիչները շարունակում են իրենց տանջել, փորձելով ինչ- որ նոր բան մտցնել մեր արդեն իսկ ժանգոտած ուղեղները, որտեղ բոլոր մտքերը միայն համացացի մասին է։

Գիտե՞ք ամենից շատը ինչը չեմ սիրում, երբ ասում են. «Երկու օր ա` ինստայումս նոր նկար չեմ գցել, եկեք մի հատ նկարվենք էսօր, գցեմ…»։

Իսկ դասերն ավարտելուց հետո ցտեսություն ասելով ընկերներին, բռնում ենք տան ճամփան և շտապում տուն, որտեղ մեզ սպասում են դասերը և կրկին համացանցը։

Տանը հաց ուտելու ընթացքում անպայման գոնե մեկ անգամ մտնում ենք ֆեյսբուք և նամակ գրում մեր ընկերուհուն, ում մի քանի րոպե առաջ ենք տեսել, իսկ այդ ընթացքում ընտանիքի անդամները փորձում են խոսել մեզ հետ, բայց հասկանալով, որ մենք նրանց չենք լսում, պարզապես լռում են։ Հանգստանալուց հետո անցնում ենք դասերին, բայց այդ ընթացքում էլ չենք դադարում ստուգել հաղորդագրությունները։

Ա՜խ, թե կարողանայի վերադարձնել մանկությունս, որտեղ համացանցը տեղ չուներ, որտեղ մենք վայելում էինք կյանքը, խաղում տարբեր խաղեր` «գործնագործ», «անուն գոռոցի», «պահմտոցի» և նման այլ խաղեր։ Հետ բերեի այն ժամանակները, երբ ինձ համոզելով էին տուն տանում, իսկ ես վիճում էի, որ մի փոքր էլ խաղամ։ Իսկ հիմա երկու տարեկան երեխան արդեն կարողանում է օգտվել համակարգչից և իր ամբողջ օրն անցկացնում է համակարգչի առաջ: Հիմա երեխաներին խնդրում են, որ դուրս գնան, խաղալու, բայց ինչպե՞ս հեռանան համակարգչի առջևից, չէ որ խաղը կպարտվեն։

Բայց ի՞նչն է գրավում մեզ համացանցում: Չնայած այս թերություններին, համացանցը ունի նաև իր առավելությունները։ Ամենակարևորն այն է, որ կարողանում ես շփվել քեզնից հեռու գտնվող ընկերներիդ և հարազատներիդ հետ։ Ձեռք ես բերում վիրտուալ ընկերներ, որոնց հետ միշտ հետաքրքիր է շփվելը (իհարկե, շատերի համար տարօրինակ է վիրտուալ ընկերներ ունենալը, ում ընդհանրապես չեք տեսել, բայց հավատացեք, դա այդպես չէ, իմ սեփական փորձից եմ ասում)։ Ավելի հեշտ է անհրաժեշտ տեղեկությունը գտնել և այլն։

Իմ կարծիքով, համացանցը կարող ենք անվանել 21-րդ դարի հիվանդություն, որի բուժումը, ցավոք սրտի, դեռ չեն գտել։ Եվ ես ինքս խոստովանում եմ, որ տառապում եմ այդ հիվանդությամբ։ Բայց եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ կործանում է իր ապագան, միգուցե և կկարողանանք գտնել հիվանդության բուժումը: Իհարկե, ոչ մեկս չենք կարողանա ընդհանրապես հրաժարվել համացանցից, բայց կսկսենք այն օգտագործել ավելի խելամտորեն։

Հույս ունեմ, որ ես սխալվում եմ, և ոչ բոլորն են այսպիսին: