Հայկական սնիկերսները

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Օրն արևոտ էր, ու մայրիկս որոշեց վաղ աշնանը սկսած գործերը ավարտին հասցնել՝ ուշ աշնանը: Սուջուխի համար ամեն ինչ պատրաստ էր, ընկույզը վաղուց շարված էր թելերի վրա և սպասում էր արևոտ եղանակի:

-Հասմիկ, արագացրու, որ գաս ինձ օգնես,- պատուհանի մյուս կողմից ասաց մայրս:

Սուջուխի համար պետք է շփոթ պատրաստել:

-Թավան բեր` պեսոկը վառենք: Պահարանի վրա էլ համեմունքներ կան, դրանք էլ բեր:

Գնացի ու բերեցի բոլոր բաղադրիչները, շարեցի կողք-կողքի ու սկսեցինք:

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Նախ «վառեցինք» շաքարավազը, հետո մի քիչ ջուր ու դոշաբ ավելացրինք: Մինչ ես խառնում էի այդ ամենը կրակի վրա, որպեսզի համասեռ զանգված դառնա, մայրիկս մեկ ուրիշ ամանի մեջ լցրեց նախ ալյուր, հետո էլի ջուր ու դոշաբ ավելացրեց: Երբ այդ խառնուրդները համասեռ դարձան, դրանք ևս խառնեցինք իրար ու դրեցինք կրակին: Սա երևի ամենադաժան փուլն է, որովհետև անընդհատ պիտի խառնես, որ «տակը չկպնի»: Բոլոր իրադարձությունները կատարվում էին տատիկիս հսկողության տակ: Վերջապես ամեն ինչ պատրաստ էր, սկսվում էր ամենազվարճալի պահը:

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Ընկույզի շարքերը հերթով թաթախում ենք շփոթի մեջ (դա այն զագվածն է, որի պատրաստումը վերևում նկարագրեցի), հետո հանում ու կախում ենք պարանների վրա, որպեսզի չորանան: Քանի շփոթը տաք է, նույն բանն անում ենք մի քանի անգամ, հետո թողնում արևի տակ չորանալու:

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Երեկոյան դասերս էի սովորում, մեկ էլ ժպիտը դեմքին ներս մտավ մեր բարեկամներից մեկն ու ասաց.

-Այ տնաշեններ, բը էնենց պանը կթողնե՞ն տուսը: Բը որ մեկը իկյը, ծեր հայկական սնիկերսները կյողնը:

Բոլորս ծիծաղում էինք, բայց գիշերը մայրս «սնիկերսները» ներս բերեց: Կամ աչքն էր վախեցել, կամ էլ դրսում շատ ցուրտ էր: