rafayel najaryan

Հայրս իմ հերոսն է

Հայրս` Աշոտ Նաջարյանը, ծնվել է Գեղարքունիքի մարզի գյուղ Կարմիրգյուղում, հաճախել է այնտեղի համար 2 միջնակարգ դպրոցը։ Նա ընտրել է հայրենիքը պաշտպանելը որպես մասնագիտություն։ Ավարտելով միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանը՝ միայնակ գնացել է Երևան և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։  20 տարեկանում ավարտել է արդեն լեյտենանտի կոչումով  և հենց այդ ժամանակ էլ ծանոթացել մայրիկիս հետ։ Հետո հայրս ավանդույթի համաձայն, գնացել է և խնդրել մայրիկիս ձեռքը, և ամուսնացել են։

Երբ ես ծնվել եմ, հորս տեղափոխել են Քելբաջար՝ ծառայելու։ Հենց այնտեղ էլ ստացել է ավագ լեյտենանտի կոչումը։ Նա ծառայել է առաջնագծում գրեթե երեք տարի։ Որտեղ էլ որ ծառայում էր՝ մեզ հետը տանում էր։ Քելբաջարին հաջորդեց Կապանը, որտեղ ստացավ կապիտանի կոչում։ Կապանում ապրեցինք երկու տարի։ Շենքում ունեինք շատ լավ հարևաններ, որոնցից շատերի հետ մինչ օրս մտերիմ ենք և նույնիսկ միմյանց տներ ենք այցելում։ 2005 թվականին վերադարձանք Երևան, այն քաղաքը, որի համար ես ուղղակի խենթանում եմ։ Անչափ սիրում եմ Երևանն ու իր գեղեցկությունը։ Այստեղ հորս տեղափոխեցին կապի զորամաս, որտեղ նրան տվեցին մայորի կոչում։ Ես այդ ժամանակ շատ էի ուրախացել, քանի որ արդեն հասկանում էի, թե դա ինչ պատիվ է իմ և հորս համար։ Արդեն 22 տարի է՝ հայրս զինվորական է, և դա ինձ համար մեծ հպարտություն է, քանի որ նա իր կյանքի մեծ մասը նվիրել է մեր հայրենքին։ Այս ամենին ի հակադրություն, հայրս անցած տարի ողնաշարի բարդ վիրահատություն տարավ, և դրանից հետո նրան չէր թույլատրվում ծառայել, բայց նա չցանկացավ թողնել իր գործը։ Նույնիսկ քառօրյա պատերազմի ժամանակ հերթագրվել էր, որպեսզի գնար առաջնագիծ և լիներ մեր զինվորների կողքին։ Բայց նրա կարգավիճակը հաշվի առնելով, թույլ չտվեցին գնալ։ Հայրս ունի 5 մեդալ և մի քանի տասնյակ պատվոգրեր:

Հիմա, երբ ես հորս հարցնում եմ.

-Ինչո՞ւ չես թողնում քո աշխատանքը, չէ՞ որ  քո ծառայության 20 տարին լրացել է, և դու կարողես թոշակի անցնել:

Բայց նա ինձ պատասխանում է․

-Տղա՛ս, ես միայն գումարի համար չէ, որ աշխատում եմ։ Ես շատ եմ սիրում իմ գործն ու մասնագիտությունը, քանի որ ես իմ հոգին սերն ու կյանքիս տարիների մեծ մասը դրել եմ այս գործի մեջ և չեմ կարող ուղղակի թողնել իմ աշխատանքը։

Հենց այսպիսին է իմ հերոսը՝ իմ հայրը։