Հայ ձկնաբույծները ներկայացրեցին ջրի արդյունավետ օգտագործման իրենց լավագույն գործելակերպը

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Արթուրը սկսել է ձկնաբուծությամբ զբաղվել 2007թ.-ին։ Ընկերներից մեկը ձկնաբուծարան ուներ, և որոշեց ինքն էլ այդ ոլորտում փորձել ուժերը։ Սկզբում շատ դժվար էր։ Գործող ձկնաբույծները չէին ցանկանում իրենց փորձը փոխանցել։ Քանի որ հաստատ որոշել էր հաջողել, սկսեց ինքնակրթվել։ Տարիների ընթացքում հարստացրեց գիտելիքները, սովորեց նաև արտասահմանյան փորձից։

-Երբ նոր էի հիմնել ձկնաբուծարանը, ընդամենը 3 ավազան ունեի, իսկ տարիներ անց դրանց թիվը հասցրեցի 9-ի,- պատմում է Արթուրը։

Արթուրը գտնում է, որ իր առավելությունն այն է, որ սրտացավ է մոտենում իր գործին, չի դիտում այն միայն որպես դրամ վաստակելու միջոց։ Նա իրեն և իր նման ոչ մեծ բիզնեսներին համարում  է իրական ձկնաբույծներ, որովհետև իրենք ձուկը բուծում են սկսած ձկնկիթից։ Արթուրը ձկների իրացման խնդիր չունի և շատ գոհ է, որ իր բուծած  ձկներն իրացվում են Հայաստանում։
Վերջին 15 տարիների ընթացքում ստորերկրյա ջրերի չվերահսկվող օգտագործման հետևանքով իջել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակը։ Անդառնալիորեն փոխվել է նաև ստորերկրյա ջրերի քիմիական  կազմը՝ շատ վայրերում դառնալով ոչ պիտանի խմելու համար։
Ձկնաբուծական տնտեսությունների զգալի աճը ջրային ռեսուրսների հավասարակշռության և որակի վրա ազդող գործոններից մեկն է։

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Այս համատեքստում ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը մեկնարկել էր  «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման լավագույն գործելակերպեր» նախաձեռնությունը՝ համագործակցելով «Հարակայուն ձկնաբուծարաններ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների բարելավման» ծրագրի հետ։
Նախաձեռնության նպատակն էր` բացահայտել և խթանել Արարատյան դաշտի ձկնաբուծարանների կողմից ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման գործելակերպ՝ գործընկեր ձկնաբուծարաններին ներկայացնելով սակավ ռեսուրսների արդյունավետ օգտագործման մի շարք օրինակներ։
Միջոցառումից առաջ, հիմնվելով ձկնաբուծարանների փաստացի կարիքների վրա, ԱՀԿՄԿ-ի մասնագետները վերապատրաստման գործնական դասընթաց էին կազմակերպել մասնակից ինը ձկնաբուծարանների համար՝ ձկների հիվանդությունների, ֆինանսական հմտությունների և ձկնարդյունաբերության ոլորտում առկա իրավական բացերի վերաբերյալ։
Մարտի 21-ին՝ Ջրի համաշխարհային օրվա նախօրյակին, Աղվերանում անցկացվեց Լավագույն փորձի փոխանակման և պարգևատրման արարողություն:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը, ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ղեկավար Էդգար Փիրումյանը, «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ու «Հարակայուն ձկնաբուծարաններ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների բարելավման» (SWEFRA) ծրագրի համակարգող Լուսինե Թադևոսյանը:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Ձկնաբույծները ներկայացրեցին իրենց հաջողության հետաքրքիր պատմություններն ու բացեցին փոքրիկ գաղտնիքներ, որից հետո պատասխանեցին մի շարք հարցերի:
Նրանք պատրաստակամություն հայտնեցին փորձով կիսվել սկսնակ ձկնաբույծների հետ:
Այնուհետև հանդիսավոր կարգով մրցանակներ հանձնվեցին փոքր և միջին ձկնաբուծարաններին՝ խրախուսելով իրենց դրական փորձը։
Բիզնեսի իրականացման այս խելացի և շրջակա միջավայրի համար բարենպաստ մոտեցումները հավաքագրվել և հրապարակվել են մի գրքույկում, որը ներկայացվեց միջոցառման ժամանակ։