Ani Harutyunyan

Հանուն ֆուտբոլի լիարժեք ընկալման

Կարծում ես՝ ֆուտբոլը բիզնե՞ս է, իսկ թիմը միլիարդատերերի կո՞ւյտ: Ուրեմն ավելի լավ է` երբեք չխառնվես, չխոսես այդ խաղի մասին։ Մի՛ փորձիր կարծիք հայտնել, քանի դեռ չես տեսել այն տղաներին, որոնք մտնում են դաշտ ու պատրաստ են պատառ-պատառ անելու մրցավարին, եթե նա անազնիվ որոշում կայացնի։ Պատրաստ են բոլոր գրված ու չգրված օրենքներով, իրենց վերջին ուժերով պայքարել հանուն ակումբի, հաղթանակի, իրենց նվիրյալ երկրպագուների։

Նրանք պայքարել սովորել են դեռ մանկուց, երբ ցեխոտ ու քարքարոտ փողոցներում խաղում էին իրենց հին ու մաշված գնդակով։

Ասում են՝ լավագույն ֆուտբոլիստները ծնվում են փողոցում ու գալիս են` համաշխարհային մարզադաշտեր նվաճելու, այնտեղից իրենց հետ բերելով սերը։ Դու երևի չես տեսել Պույոլին…Իսկ ես, տանը նստած, ամեն անգամ զգացել եմ նրա ուժը, երբ նա պարտվելիս գոռում, սթափեցնում էր ֆուտբոլիստներին։ Նա չէր խաղում փողի համար, նա իր կյանքն էր դնում ֆուտբոլի մեջ։

Ահա քեզ մի փոքրիկ պատմություն, որը պատմում է Պիկեն. «Մի անգամ, երբ Պույոլը նոր էր ապաքինվել վնասվածքից և փոխարինման դուրս եկավ, ես նրան ասացի` բարի գալուստ: Նա պատասխանեց՝ կտրի՛ր ձայնդ և կենտրոնացի՛ր խաղի վրա»:

Իսկ դու հերթական միլիոնը բերող խթանն ես համարում գոլը։ Դու տեսե՞լ ես այն տարեց, ծերուկ մարդուն, որ ամեն գոլի ժամանակ վազում է դաշտի երկայնքով, հրճվանքից իրեն չի խնայում, ինչպես երեխան իր այդքան սպասված հեծանիվը ստանալիս։ Նա մարզիչն է, հերթական միլիարդատերը չէ, աստղակույտը կառավարողը չէ, նա ամեն խաղացողի զարգացրած մկանի հետ իր սև մազերից մի քանիսն է նվիրել։ Ես վստահ եմ՝ դու չես տեսել այն կայացած տղամարդկանց արցունքները, որոնք երեխայի նման լաց են լինում պարտության ժամանակ։ Մի՞թե նրանք էլի չեն ստանալու իրենց ամսական միլիոնը…Նրանք ընկնում են, կանաչ խոտի սառնությունը զգում իրենց մարմնով ու նորից բարձրանում, ցավից ատամները իրար սեղմած` շարունակում խաղը. առանց դրա էլ նրանք ստանալու էին իրենց միլիոնը…

Դու միշտ ասում ես.

-Քեզ ի՞նչ՝ ով կհաղթի, միևնույնն է, իրենք են փող աշխատում, դու միայն նյարդերդ ես փչացնում։

Գրո՛ղը տանի, դու երբևէ զգացե՞լ ես այն սերը, որը մենք՝ երկրպագուներս ենք զգում։ Երբևէ արտասվե՞լ ես ինձ նման, այն մեկի նման, ով հազարավոր կիլոմետրեր կտրել-անցնելով գնում է մարզադաշտ` խաղը դիտելու։ Երբևէ ցնծացե՞լ ես այն փոքրիկի նման, որը դեռ լիարժեք չի հասկանում՝ ինչ է ֆուտբոլը, բայց սերը ժառանգել է իր ծնողներից։ Ու երկրպագուներին տեսնելով՝ ուզում ես ֆուտբոլ կոչվել, որ միլիոնավոր սրտեր քեզ համար բաբախեն, սիրեն, նվիրվեն՝ երբեք չդավաճանելու խոստումով։ Հենց այդ մեծ սերն է, յուրաքանչյուր իրական երկրպագուի անմնացորդ սերը, որ միշտ մաքուր է, հեռու ամեն տեսակ բիզնեսից ու շահից: Դու չես տեսել պարտություն եզրափակչում, խաղի վերջին րոպեներին, դու չես տեսել՝ ինչպես է թիմիդ ավագը, իր վերջին խաղում հաղթելով, գավաթը բարձրացնում ու հեռանում, դու չես զգացել՝ ինչպես է ամեն հեռացող ֆուտբոլիստի հետ քո սրտի մի փոքր անկյունը դատարկվում։ Ա՛խր, դու չես զգացել ֆուտբոլը։

90 րոպե տևող այդ հույզերը ես քեզ երբեք չեմ կարող բառերով փոխանցել։ Ու քանի դեռ չես զգացել այն, ինչ մենք, մի՛ փորձիր ասել՝ դա անիմաստ խաղ է. ֆուտբոլը կյանք է:

Ֆուտբոլը ես եմ, ֆուտբոլը Էրիկ Աբիդալն է, որին ամենածանր հիվանդությունն անգամ չստիպեց ծնկի գալ. նա նորից խաղաց, բայց ոչ փողի համար։ Ու փողի համար չէր, որ ծանր վիրահատությունից արթնանալով՝ հարցրեց` ինչպե՞ս է խաղացել իմ «Բարսելոնան»…