arxiv

Հաջողության իմ բանաձևը

Երբ փոքր ենք, ամեն ինչ կախարդական է թվում: Թվում է, եթե կախարդական փայտիկ ունենանք, ամեն ինչի կհասնենք: Երբ մի քիչ մեծանում ենք, հասկանում ենք, որ կան բաներ, որոնց առանց կախարդանքի էլ կարող ենք հասնել, պետք է միայն շատ աշխատել: Բայց ուրիշ էլ ի՞նչ է պետք:

***

Եթե ես կախարդական փայտիկ ունենայի, ես բոլոր երեխաներին կերջանկացնեի: Թող նրանք միշտ ծիծաղեն և երբեք չտխրեն վատ գնահատականի համար։ Ես կանեի այնպես, որ մեր դասարանի Իզաբելան երբեք չլացի երկուսի համար, իսկ Ադրինեն չասի, որ ինքը վատ մարդ է միայն նրա համար, որ յոթ է ստացել։

Դիանա Աթանեսյան, 8տ.

***

Ես մի անգամ գետնին կախարդական փայտիկ տեսա։ Ես ուզում էի իմանալ, թե ինչ կարող է փայտիկն անել։ Վերցրեցի և տարա տուն։ Փայտիկը ոչ մի բան չէր անում: Ես հասկացա, որ պիտի կախարդական խոսքեր ասեմ, որ իմ ցանկությունները կատարի։
-Կախարդական փայտիկ, կատարիր իմ ցանկությունը։ Աբես, ֆաբես, կարտոֆ լաբես։ Ուզում եմ ձիավարել իմանալ։
Իմ ցանկությունն իսկույն կատարվեց, և ես ասացի երկրորդը:
-Կախարդական փայտիկ, կատարիր իմ ցանկությունը: Աբես, ֆաբես, կարտոֆ լաբես։ Ուզում եմ լավ ուսուցիչ լինել:
Դարձա, բայց համ էլ մեծացա: Իսկ ես այդպես չէի ուզում, դեռ ուզում էի ընկերներիս հետ խաղալ: Հասկացա, որ մնացածներին էլ է պետք կախարդական փայտիկը։ Եվ որտեղից վերցրել էի, նույն տեղն էլ դրեցի։

Աշխեն Վարժապետյան, 8տ.

***

Եթե կախարդական փայտիկ գտնեի, ես կուզենայի չմուշկ քշել իմանալ, որովետև հայրիկս ժամանակ չի ունենում ինձ սովորեցնելու։ Երբ ես առաջին անգամ գնացի սահադաշտ, ընկա, իսկ ինքն էլ քիչ էր մնում իմ վրա ընկներ ։ Եվ ես չեմ ուզում, որ դա կրկնվի։ Հետո կուզեի գնալ քույրիկիս մոտ, որովհետև նա ապրում է Գերմանիայում, և ես նրան կարոտում եմ: Հետո կիմանայի փայտիկի տիրոջ հասցեն և անունը, կտանեի և կվերադարձնեի։

Արևիկ Նազարյան, 10տ.

***

Եթե ես կախարդական փայտիկ ունենայի, ես կտայի տիրոջը։ Ես կտայի տիրոջը, որովհետև ինձ պետք չի կախարդական փայտիկը։

Հրանտ Նազարյան, 8տ.

***

Երկրորդ դասարան էի, երբ առաջին անգամ պետք է մաթեմատիկայից ստուգողական աշխատանք գրեի: Գնացի տուն: Մայրիկիս հետ սկսեցինք պարապել: Ես կրկնեցի գումարումը, հանումը, բաժանումը և բազմապատկումը: Սկսեցի գրել ստուգողականը: 1+120=122, 7+8=16, 4*4=12: Համոզված, որ 10 կստանամ, տետրս հանձնեցի դասատուին: Հաջորդ օրը իմացա, որ 6 եմ ստացել:
Եկա տուն: Մայրիկիս ասացի գնահատականը:
-Նել, բայց մենք քանի անգամ բազմապատկեցինք, քանի անգամ գումարեցինք ու հանեցինք… Լավ, մի տխրիր, մյուս անգամ բարձր կստանաս:
-Մա՛մ, չեմ կարողանում, ինչքան էլ պարապում եմ՝ չեմ կարողանում ճիշտ գրել:
Մենք շարունակում էինք պարապել, առանց հիասթափվելու: Նա ասում էր, որ ուշադիր գրեմ: Նորից գնում էի, հանգիստ գրում և 10-ի հույսով տետրս հանձնում դասատուին: 6… Նորից: Հինգերորդ դասարանում նորից հայտարարում են մաթեմատիկայի ստուգողական: Մայրիկս օգնեց, պարապեցինք և նորից` 6: Վեցերորդ դասարանում մայրիկս արդեն չէր օգնում, ասում էր, որ մենակ պարապեմ և լավ պարապեմ: Նորից 6, 7: 7-րդ դասարանում նույն գնահատականները՝ 6 կամ 7:
Հիմա 8-րդ դասարանում եմ: Նորից գնում ու հանրահաշվի ստուգողականից 6 կամ 7 եմ ստանում: Արդեն հիասթափված եմ պարապում՝ առանց 9-ի կամ 10-ի հույսի:

Նելլի Հարությունյան, 11տ.

***

Բախտ բերելս որն է, բախտը ձեռք են բերում
-Ու՜ֆ, ինչքան անհաջողություն կա, ինձ պետք է լինի, չէԹ: Ճիշտ եմ էլի ասում, որ բախտ ընդհանրապես չունեմ:
-Հա՜, իսկ իմ դասընկերը հաղթել է դպրոցական օլիմպիադաներում ու մի քանի օրից արտասահման պիտի մեկնի: Խելք է, է՜, խելք…
-Ուսումնարանն ավարտելուց հետո ես էլ եմ ուզում արտասահման գնալ: Դրա համար հիմա ամբողջ օրը պարապում եմ:
…Մարդիկ տարբեր են, նրանց ցանկությունները` նույնպես: Մեկն իր բախտից է բողոքում, մյուսը նախանձով է նայում խելացի մարդկանց հաջողություններին, մեկն էլ ունի նպատակներ և ցանկանում է իրագործել դրանք:
Մեր կյանքը խաղ ու պար չէ: Ամեն րոպե, ամեն վայրկյան ինչ-որ բան փոխվում է: Ոչ մեկս չգիտենք, թե հաջորդ րոպեին ինչ է լինելու, թե ամիսներ հետո որտեղ ենք լինելու և ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու: Ուստի, կյանքում պետք է ամեն ինչից որոշ չափով տեղեկություն ունենալ, պետք է չծուլանալ և սովորել:
Նպատակասլացությամբ ոչ բոլորն են փայլում, բայց եթե կան ցանկություններ, որոնք անվերջանալի մտորումների արդյունքում վերածվում են երազանքների, ապա պետք է հստակ քայլերի միջոցով դրանք դարձնել նպատակներ և ամեն կերպ ձգտել հասնել դրանց:
Իսկ բախտը յուրաքանչյուրիս համար էլ ինչ-որ տեղ պակասում է: Դե կյանք է, ինչ արած: Ամեն դեպքում կարծում եմ` եթե բախտը տեսնի, որ դուք խելացի եք, լավատես և նպատակասլաց, ապա ձեզ կյանքում մենակ չի թողնի:

Միլենա Խաչիկյան, 14 տ.

***

Երեք տարի առաջ ես որոշեցի ստեղծել ինտերնետային կայք:Ինձ ասում էին, որ դեռ փոքր եմ, չեմ կարողանա: Այնքան բան կա սովորելու… Բայց ես ինքս ինձ խոստացա ոչ մչն դժվարության առաջ կանգ չառնել: Սկսեցի սովորել
ծրագրավորում և միաժամանակ որոշեցի ստեղծել իմ կայքը: Որ
ճիշտն ասեմ, չէր ստացվում: Ոչ լավ էր աշխատում, ոչ էլ դիզայնն էր
լավը: Այդպես մեկ տարի շարունակ փորձում էի սովորել: Արդեն ստացվում էր, բայց պետք էր սովորել նաև ծրագրավորման չորրորդ լեզուն: Դադարեցրի իմ կայքի վրա աշխատելը, որպեսզի սովորեմ այդ լեզուն: Այդ ընթացքում ստացա իմ առաջին պատվերը: Պետք էր սարքել հայկական շաբաթաթերթերից մեկի կայքը: Սկզբում պատրաստեցի կայքի մեկ բաժինը, իսկ արդեն երկրորդ փուլում մնացած ութ բաժինները:
Հիմա կրկին զբաղվում եմ իմ կայքով:
Արդեն շատ լավ է ստացվում, և ես հուսով եմ, որ այդ կայքի միջոցով
ես մեծ հաջողության կհասնեմ:

Էդուարդ Մկրտչյան, 15 տ.

***

4 թե 5 տարեկան էի: Մի օր երեկոյան անգործութունից միացրեցի հեռուստացույցը: Ոչ մի մուլտֆիլմ չգտա ու հուսահատված կանգ առա ինչ-որ պատահական ֆիլմի վրա:
Ֆիլմն անգլերեն էր, ու, բացի դրանից, արդեն կեսն անցել էր, այդ պատճառով բան չէի հասկանում: Ցուցադրում էին մի եկեղեցի, որի ներսում տարբեր տարիքային խմբի պատկանող տղամարդիկ էին խոսում: Ես արդեն ուզում էի ալիքը փոխել, երբ դեպքերն արագ փոխվեցին: Մարդիկ կարծես մի ինչ-որ բան որոշեցին և դուրս թռան եկեղեցուց: Նրանք դրեցին իրենց սիրուն գլխարկները, հեծնեցին ձիերին ու ինչ-որ տեղ ուղևորվեցին: Կովբոյներ էին: Այդ ֆիլմից ես շատ էի տպավորվել: Դրանից հետո գրեթե ամեն օր փորձում էի ծնողներիս համոզել ինձ ձի ու կովբոյի գլխարկ գնել: Նրանք, բնական է, միայն գլխարկին էին համաձայն, բայց ես ավելի շատ ձի էի ուզում: Խորը դեպրեսիայի մեջ էի, ոչ մեկի հետ չէի ուզում խոսել: Ես իմ ձիուն էի ուզում:
Մի օր ծնողներիս հետ հյուր էինք գնացել: Ես չէի ուզում գնալ, բայց ինձ ի վերջո համոզեցին: Արդեն մի ժամ էր, ինչ տխուր նստած էի և հորս ու ինչ-որ մարդու խոսակցութունն էի լսում, երբ կողքի սենյակից ներս մտավ նա: Նրա փարթամ մազերը, մուգ սև մորթին և դեպի վեր ցցած պոչը ինձ ապշեցրեցին: Այս հմայիչ կենդանին ինձ գերել էր: Դա մի շատ մեծ և հիասքանչ շուն էր: Ես նայում էի նրան և հիանում: Չդիմացա: Աննկատ վեր կացա տեղիցս և շարժվեցի նրա մոտ: Շունչս պահել էի, որ չլսի, թե ինչպես եմ իրեն մոտենում: Շունը պառկած էր, և ես հեշտությամբ թռա նրա վրա ու եղունգներս մարմնի մեջ մտցրեցի: Նա վեր թռավ և սկսեց վազել:
-Նո՛, նո՛,- գոռում էի ես:
Ի՜նչ հրաշալի էր այդպիսի դյութիչ կենդանուն հեծնելը: Թե՛ ես, թե՛ նա հիասքանչ էինք: Չեմ կարծում, որ իմ երևակայական ձին կիսում էր իմ զգացմունքները: Նա շատ շուտ ինձ գետնին շպրտեց ու փախավ: Ընկնելը շատ ցավոտ էր, սակայն ես իմ արարքից գոհ էի:

Ալեքսանդր Սարգսյան, 15տ.

***

Դու չես կարող, դու չգիտես, կտապալվես, ոչնչի չես հասնի, դու… Դու… Դու ոչինչ ես… Եվ մենք մեր ուղեղը լցնում ենք ամեն տեսակ հիմարություններով, միայն թե չկարողանանք երջանիկ լինել, բայց մենք կլինենք…
Իմ գլուխը լիքն է մտքերով, ցանկություններով, բառերով, զգացմունքերով, և ես զգում եմ դրանք… Իմ գլխում ամեն ինչ խառն է շատ, բայց ես կարող եմ… Մտքերս միանգամից կհավաքեմ ու երջանիկ կզգամ ինձ, հակառակ դեպքում կգրեմ, կլցնեմ դրանք թղթերի վրա ու նորից երջանիկ կլինեմ, քանի որ ես ճանաչում եմ ինքս ինձ:
Թղթերիս վրա ես եմ, երազանքներս, մարդիկ, ում ես գտել եմ իմ աշխարհում, անտառի իմ տնակը ու փիսիկս: Ես շատ զբաղված եմ, քանի որ աշխատանքս բավականին բարդ է ու շատ, իսկ ժամանակը` քիչ, բայց իմ աշխարհում երջանիկ պահերը ավելի երկար են տևում, ու ես հասցնում եմ վայելել ազատությունս:
P.S. Ես ամենամեծ բաժակի մեջ կլցնեմ տաք թեյը` առանց շաքարի, կուտեմ ամենաթթու լիմոնը ու կսիրեմ փիսիկիս, քանի որ ես երջանիկ եմ:

Դիանա Շահբազյան, 15տ.

***

-Հաջողություն եմ մաղթում,- ասաց մայրս ու դուռը շրխկացրեց երեսիս: Երևի հոգնել էր նույն նախադասությունն անընդհատ կրկնելուց:
Այդ օրը վերջին քննությունս էր: Ինչքան էլ զարմանալի է, 20 բալից ստացա 19-ը: Շտապեցի ինչքան հնարավոր է շուտ հասնել տուն` հրաշալի նորությունը պատմելու համար: Կրկին դռան հերթապահը մայրս էր:
-Դե՞,- հիասթափված ձայնով հարցրեց նա:
-19-ը ,-ուրախությունից գոռացի ես:
-Ինչքան գիտեմ, ամենաբարձր բալը 20 է, – ձայնի նույն տոնայնությամբ ասաց նա:
Ուրախությունս միանգամիս ցնդեց: Ուրախությունն այդպիսին է` երբ չես կիսում, չքանում է:

Լուսինե Պետրոսյան, 15տ.

***

Առավոտյան վերցրեցի պայուսակս և արագ վազեցի դպրոց: Երբ տեղ հասա, դասասենյակի դիմաց ինձ սպասում էր մեր դասղեկը, ով ինձ տեսնելով ասաց.
-Այ տղա, կարող ա՞` գիտես սանատորիայում ես, երբ ուզում գալիս ես, երբ ուզում` գնում: Ինչի՞ ես երրորդ ժամից եկել:
-Քնած էի մնացել,- ասացի ես ու մտա դասարան: երկու ժամ երկրաչափությունից հետո դուրս եկա դպրոցից և գնացի սկսածս մուլտֆիլմը շարունակելու: Չնայած ես արդեն մի քանի անգամ ստիպված էի նույն մուլտը նորից նկարել, բայց միևնույն է, չէի հանձնվում ու շարունակում էի աշխատել այդ մուլտի վրա, քանի որ շատ եմ սիրում այդ գործը: Երեկոյան էլ անելով միայն մաթեմատիկայի տնայինը, գնացի քնելու: Եվ այդպես ամեն օր: Ես գնում եմ դպրոց, նստում եմ իմ սիրած դասերին, հետո գնում եմ սիրած գործով զբաղվելու: Եվ իմ հաջողության բանաձևն է՝ սիրած գործով զբաղվել: Դրան գումարում եմ աշխատասիրություն, համբերություն և մի փոքր համառություն, և աշխարհի ամենահաջողակ մարդը պատրաստ է:

Նորայր Բարոյան, 15տ.

***

-Լավ կկրկնեք անցածը, մյուս դասին թեմատիկ գրավոր ենք գրելու, դասագրքի սկզբից կկրկնեք, ուշադիր լսեք, որ չմոռանաք,- դասի վերջում հայտարարեց ուսուցչուհիս:
«Ի՞նչ, դասագրքի սկզբի՞ց… այսինքն, համարյա ամբողջ կիսամյակի անցա՞ծը… էն էլ Հայոց պատմություն… Ես կկործանվեմ»,- մտածում էի ես սեղանին համարյա պառկած:
-Մարիա՞մ, լացում ե՞ս,- հարցրեց դասարանցիս:
-Չէ, բայց մյուս դասին մենք բոլորս ողբալու ենք:
«Էն էլ ոնց… Հայոց պատմություն, լիքը թվերով ու դժվար անուններով, որոնք ես ընդհանրապես հիշել չեմ կարողանում: Մի ամբողջ կիսամյակ, այն դեպքում, երբ ես նախորդ դասն էլ չեմ հիշում: Ի՞նչ եմ անելու…»,- տագնապալից մտքերով հասա տուն:
Նստեցի բազմոցին, մտածեցի մեկ րոպե, երկու րոպե, հինգ րոպեից շտապ տեղիցս վեր թռա, լույսի արագությամբ մյուս բոլոր դասերս արեցի և բացեցի Հայոց պատմության դասագիրքը:
-Լավ, հանգիստ, խուճապի չենք մատնվում, հավեսով, սիրուն Հայոց պատմ ենք սովորում,- խոսեց իմ լավատես եսը:
-Հավեսով, սիրով… Հեշտ ես ասում: Էդ ո՞նց ես պատրաստվում սիրով ու հավեսով սովորել, եթե ո՛չ հավես ունես, ո՛չ էլ սիրում ես պատմությունը,- հնչեց իմ հոռետես եսի պատասխանը:
-Հա, լավ, ասացինք առանց խուճապի, ինչքան կարող ենք, այնքան կսովորենք, կստացվի: Կարևորը՝ ժամանակ չկորցնենք:
-Լավ, արա ինչ ուզում ես, էլ չեմ խառնվում:
-Ա՛յ, ճիշտն էլ դու ես անում:
Սկսեցի առաջին դասից, դուրս գրեցի բոլոր թվականներն ու կարևոր իրադարձությունները, դրանք անգիր արեցի: Շատ մեծ դժվարությամբ, բայց ոնց որ հիշում էի: Տեսնելով տառապանքներս, քույրս, ով պատմություն շատ էր սիրում և հեշտությամբ էր սովորում, կրկնում էր.
-Վա՜յ, Մարիա՛մ, վայ…
Ես փորձում էի ուշադրություն չդարձնել քրոջս «վայվայներ»-ին՝ մարտական հոգիս չկորցնելու համար: Գիշերվա թե առավոտվա հինգին սողացի քնելու: Երազիս մեջ Ավետիս Ահարոնյանի հետ Սևրի պայմանագիրն էի ստորագրում…
Եվ վերջապես թեստն իմ առջև էր: Արագ-արագ կարդում էի հարցերը, փորձելով ստանալ ամբողջ ինֆորմացիան, որ իմանամ, հիշո՞ւմ եմ, թե՞ ոչ: «Գիտեմ, այս մեկն էլ գիտեմ, սա էլ գիտեմ… Ոնց որ հիշում եմ…»:
Երջանիկ դեմքով դուրս եկա դասարանից: Թեստը լավ էի գրել, կարելի է ասել՝ շատ լավ: Լավատես իմ եսը ասաց.
-Տեսնու՞մ ես, որ ստացվեց, պետք ա ուղղակի լսես ինձ:
-Եղավ, կլսեմ սրանից հետո, խոստանում եմ:
Վերջին բանն այդ օրվանից, որ հիշում եմ այն էր, թե ինչպես պայուսակս մի տեղ շպրտելով ընկա բազմոցին:

Մարիամ Նալբանդյան, 14 տ.

2012թ.