sona zaqaryan

Հին ու բարի ժամանակներ

Ձմեռային մի ցուրտ ու մռայլ օր էր: Դպրոցից տուն էի գնում: Դրսում շա՜տ ցուրտ էր: Տանել չեմ կարողանում ցուրտը: Եկա տուն ու անմիջապես նստեցի վառարանի մոտ.

-Տա՜տ, շատ ցուրտ ա, մրսում եմ:

-Այ բալա, տատին հի՞նչ անի, սպասի երկու փեդ տինեմ փիչին մեջ՝ տքանաս: Է՜հ բալա, հիշըմ եմ՝ էն ժամանակ սաղս հվաքվըմ էինք քյուրսուն տակ, լյավ տաք էր իլըմ տեղներս:

-Տատ, քյուրսի՞: Կպատմե՞ս մի քիչ դրա մասին:

-Թոնիրը վառըմ էինք, վիրան քյուրսի տինըմ: Քյուրսին ալ տախտակներով էին սարքըմ: Սեղանի նման էր, բայց ավելի ցածր: Վիրան ալ կարպետ էինք քցըմ: Կողքին քեչա էինք քցըմ, նստըմ վիրան: Քեչան բրդից էինք սարքըմ, մի հինգ-վեց կիլո բուրդ էինք լիվանըմ, հետո գզըմ: Մի հատ մեծ շոր էինք քցըմ, էդ բուրդը վիրան լցնում ու ջուր շաղ տալիս, հետո փեդ էին տինըմ մեջին ու էդ շորավը փթաթում: Մի քանի ջահիլ տղա ուս-ուսի տված ոններով տալիս էին էդ փթաթածին, տանըմ էին էն ղոլ (կողմ), նորից պիրըմ էս ղոլ: Էնքան էին տալիս վեր էդ բուրդը կպնըմ էր իրար: Հետո պիրըմ էին պացըմ, քեչան հանըմ: Քեչան քըցըմ էին քյուրսուն չորս ղոլին: Վեր թոնրում ճաշ էինք եփում, քյուրսին մի ղոլ էինք տինում: Կճոճը իջացնըմ էինք թոնրին մեջին, ճաշ եփըմ: Ճաշը եփիլից հետո, քյուրսուն վիրա հաց էինք տինըմ, նըստըմ քեչայի վիրան, ոններնիս մեկնըմ քյուրսուն տակը, հաց օտըմ: Քյուրսուն վիրա դաս էինք գըրըմ, սըվերըմ, բա հինչ:

Տատիկի պատմելուց հետո հիշողությունների գիրկը ընկա: Հիշեցի մեր թոնիրը, որ արդեն բավականին ժամանակ է` չենք օգտագործում:

Երբ փոքր էի, թոնրում հաց էինք թխում: Հիշում եմ՝ ամեն անգամ, երբ գիտեի, որ հաջորդ օրը պետք է հաց թխենք, շուտ էի արթնանում: Գնում էի այնտեղ, որտեղ շարված էին պյուլերը (խմորի գնդերը) և սկսում դիպչել դրանց: Տատիկն ու մայրիկը բարկանում էին վրաս, ես էլ թողնում էի ու փախչում, մինչև որ զգում էի նոր թխված հացի հոտը ու շտապում թոնրից հանած առաջին լավաշը համտեսելու:

Այնքա՜ն մեծ ոգևորությամբ էր կատարվում լավաշ թխելու արարողությունը: Ամեն մեկը մի գործ էր անում: Մեկը պյուլերն էր բերում, մյուսները գրտնակում էին, մեկը լավաշն էր թխում թոնրի մեջ, մյուսը հանում էր լավաշները և հերթով դասավորում: Բոլորը շատ մեծ նվիրումով էին այս աշխատանքը կատարում, դրա համար էլ լավաշը այդքան համեղ էր ստացվում:

Երբ գյուղում մեկը լավաշ էր թխում, թաղում բոլորը իմանում էին, որովհետև լավաշի հոտը արագ տարածվում էր: Բակում խաղալու ժամանակ, երբ երեխաներով լավաշի հոտ էինք առնում, սկսում էինք մեր խուզարկությունը, որ պարզենք, թե ում տանն են լավաշ թխում: Այսպիսի ավանդույթ էլ կար. այն տանից, որտեղ լավաշ էր թխվում, թխվելուց հետո լավաշ էր բաժանվում թաղի բնակիչներին: Այդ գործը մեծերը մեզ` երեխաներիս էին վստահում: Մենք էլ մեծ ոգևորությամբ բաժանում էինք այդ երկար, բարակ գանձերը: Ինչքան լավ ու հետաքրքիր էր անցնում այդ ամենը…

Է՜հ, մանկությունս կարոտեցի:

Թոնիրը դեռ պահպանվում է, բայց էլ չի օգտագործվում: Ամեն անգամ, երբ մտնում եմ հացատուն, հիշում եմ այս ամենը: Նայում եմ թոնրին: Այն կարծես մոռացված լինի, բայց իր մեջ դեռ պահպանում է հին ու բարի օրերի շունչը և ամեն րոպե պատրաստ է վերակենդանանալու: Իսկ ես հույսով սպասում եմ, որ կգա մի օր ու ես նորից կզգամ այդ հին ու բարի ժամանակների շունչը: