Ani Ghulinyan

Հին vs նոր

Մարդկանց տրված նոր հնարավորությունները մեկ-մեկ մոռացնել են տալիս հինը: Այսօր քիչ մարդկանց կտեսնես, ովքեր նոր մեծ էկրան բարձրացած ֆիլմը DVD սկավառակով են նայում կամ ժապավենային ֆոտոխցիկով լուսանկարում:

Առաջ լուսանկարներն ավելի մեծ արժեք ունեին, քան հիմա: Նախ քչերը ֆոտոխցիկ ունեին, ամեն լուսանկարը թանկ էր ու յուրահատուկ: Ոչ բոլորը նկարելու հնարավորություն ունեին: Այսօր, երբ մի հետաքրքիր տեղ ենք գնում, 20+ լուսանկարներ ենք անում, հետո գալիս տուն, անպետքները ջնջում, մի քանիսն ընտրում ու գցում համակարգչի մեջ։ Մի օր էլ համակարգիչը փչանում է, ու լուսանկարներն այլևս չկան: Ափսոսանքի մի թեթև ակնթարթ ու վերջ՝ լուսանկարների ու դրանց մեջ մնացած հիշողությունների մասին խոսելն ավելորդ է: Մեկ-երկու տարի առաջ սելֆի անելը շատ մոդայիկ էր, դարի անհրաժեշտություն: Հիմա բարեբախտաբար սելֆիամոլները ինստագրամային հարթակից դուրս չեն գալիս: Մի սելֆի աջից, մեկը՝ վերևից, մյուսն էլ՝ նեքևից, կարծես, նկարելու ռակուրսը փոխելով, դեմքն էլ է փոխվելու: Ծառերի, ծաղիկների հետ հազարավոր սելֆիներ: Միջին վիճակագրական գլամուր–սելֆիամոլ աղջիկը մեկ ամսում ավելի շատ սելֆի է անում, քան ես՝ լուսանկար՝ ամբողջ կյանքիս ընթացքում:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Առաջ, հին ֆոտոապարատներին որպես սրբության էինք վերաբերվում: Նկարված տեսաժապավենի վրա, հազիվ մեր դեմքերը փնտրելով, սպասում էինք, թե երբ հնարավորություն կլինի դրանք իսկական գունավոր լուսանկարի վերածել: Անիմաստ էլ չէինք նկարվում, միայն հատուկ դեպքերում, այն էլ, երբ մեջը տեղ կար: Շատ բաներ են փոխվել, մանավանդ տեխնոլոգիական ոլորտում: Մի տասը տարի հետո էլ գիտության նոր նվաճումներից օգտվելիս կհիշենք, որ մի ժամանակ ոչ բոլորը համակարգիչ ունեին…