Սևան մեդիա ճամբար. Հնի ու նորի «մարտունիական» համադրությունը

Նորից ընտրության առաջ էինք. այս անգամ պետք է ֆիլմի նկարահանման թեմաները ընտրենք, իսկ թեմաները մեկը մյուսից հետաքրքիր էին: Մի կողմից` ձիարշավարան (ձիերը իմ տարերքն են, իսկ նրանց մասին ֆիլմի նկարահանման մասնակցելը` երազանք), հաջորդը զոհված ազատամարտիկի` Տիգրան Աբրահամյանի ընտանիքի մասին ֆիլմն էր, երրորդը` յուրահատուկ նկարչի` Սպարտակ Հայրապետյանի մասին էր, ով իր նկարները ստեղծում է քարաքոսներով:

Իսկ ահա այն ֆիլմը, որի նկարահանումներին մասնակցել եմ, ինձ համար շատ յուրահատուկ էր: Թեման ազգագրությունն էր, ավելի կոնկրետ, Մարտունիում փուռ դնելու ավանդույթը: Գաղափարը Սեյրանինն էր, հենց նա էլ առաջարկեց հարցազրույց անց կացնել Մարտունու «Ինֆոտան» տնօրեն Անահիտ Գևորգյանի հետ, և անձամբ նրանից իմանալ` փուռը Մարտունո՞ւ, թե՞ Գավառի սովորույթն է:

Թեման, իհարկե, շատ հետաքրքիր էր, բայց ինձ համար յուրահատուկ էր նրանով, որ փաստորեն լրագրության միջոցով ես կարող եմ խորացնել իմ մասնագիտական գիտելիքները:

Ես ապագա մշակութաբան եմ, և իմ մասնագիտության մեջ կարևոր է ազգագրական հարցումների և հարցազրույցների մշակույթին տիրապետելը: Այսպիսով, 17.am-ի շնորհիվ ես հնարավորություն ստացա գործնական մեթոդներով հարստացնել գիտելիքներս:

Հարցազրույցը չափազանց հետաքրքիր ստացվեց. նոր մանրամասներ իմացանք Մարտունու, նրա բնակչության, սովորույթների մասին: Հնարավորություն ունեի անձամբ ուղղել հարցերը:

Սկզբում մեզ ներկայացվեց, թե Մարտունու բնակչությունը ինչպես է գաղթել Ալաշկերտից: Մի շարք ավանդազրույցներ` կապված տեղանունների հետ: Հետաքրքիր էր իմանալ, որ Մարտունիում ամենատարածված մթերքը կարտոֆիլն է, և կա դրա պատրաստման հարյուրավոր եղանակներ, որոնցից ամենահամեղը և ամենահայտնին փռի կարտոֆիլն է: Տիկին Գևորգյանի խոսքերով, այն համտեսել են շատ օտարերկրյա հյուրեր և շատ բարձր գնահատել: Նրա կարծիքով, սա կարող է յուրատեսակ խթան դառնալ տուրիզմի զարգացման թե Մարտունիում, թե առհասարակ ՀՀ-ում:

Ինձ հատկապես հետաքրքրում էր` ինչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի մարդիկ ավելի լավատեղյակ լինեն ավանդույթներից, որոնք պահպանվել են: Պարզվեց, սրա նպատակով ստեղծվել է կայք, որտեղ տեղեկություններ կան թե Մարտունու պատմամշակութային վայրերի, թե ավանդական խոհանոցի մասին, և կարևոր մի բան, որն իմ կարծիքով ամենաշատը կխթանի զբոսաշրջության զարգացմանը: Կայքում առանձնացված էին նաև կացարաններ, որտեղ մարդիկ կարող են անվճար մնալ, երբ այցելեն Մարտունի: Ինձ շատ դուր եկավ հնի ու նորի յուրատեսակ «մարտունիական» համադրությունը, արժեքները, որոնք ժամանակի հետ ավելի են ամրացել:

Հետո հնարավորություն ստացանք անձամբ ականատես լինել փռի պատրաստմանը և համտեսել փռում պատրաստված կարտոֆիլը: Մենք իմացանք նաև, որ փուռ պատրաստելիս կրակի շուրջը նստած մարդիկ երգել են, կատակներ արել: Մենք էլ` պատանի լրագրողներով, հետևելով ավանդույթին, նստել էինք կրակի շուրջը, լսում էինք հետաքրքիր պատմություններ ու քաղցր բարբառով երգեր:

Տիկին Գևորգյանին շնորհակալություն հայտնեցինք անչափ հետաքրքիր հարցազրույցի համար և միացանք մեր ընկերներին, ովքեր Մարտունիում նկարահանում էին ուրիշ ֆիլմեր: Նրանք նույնքան ոգևորված էին, որքան մենք, պատմությունները ու տպավորությունները խառնվելով հասցրին մեզ հյուրանոց. արդեն աշխատանքը ի մի բերելու ժամանակն էր: