Սևան մեդիա ճամբար. Շան բախտ ունեմ

Ես ճիշտ է, ապրում եմ գյուղում, բայց մենք այդքան էլ գյուղացու կյանքով չենք ապրում. ո՛չ կենդանիներ ունենք, ո՛չ մեծ հող ենք մշակում: Դրա համար ես միշտ նախանձով եմ նայել այն երեխաներին, ովքեր ամեն օր շփվում են ձիերի հետ:

Կենդանիները՝ մասնավորապես ձիերը, ինձ համար միշտ եղել են հավատարմության, նվիրվածության խորհրդանիշ, այնպիսիք, որոնց կարող ես վստահել, առանց վախենալու, որ նրանք կխոսեն:
Ճամբարում ֆիլմերի թեմաները կարդալով, ինձ էլ ավելացրեցի ձիարշավարան գնացողների ցուցակի մեջ, բայց քանի որ դա բոլորն էին ցանկանում, հավանականությունը, որ ես կգնայի, շատ փոքր էր: Սկզբում ինձ նույնիսկ ընդհանուր նկարահանող խմբի հետ չէին տանում, հետո հայտնվեցի ձիարշավարան գնացողների շարքերում: Նախախնամություն: Սեյրանն էլ ասում էր. «Շան բախտ ունես»:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Տիգրան Բաղիշջանյանի՝ Մարտունում ձիարշավարանի հիմնադրի հետ ֆիլմ նկարելը բավականին հետաքրքիր աշխատանք էր: Նամանավանդ, որ ֆիլմի ընթացքում նա պատմում էր ձիերի բնավորության այնպիսի գծերի մասին, որոնք մտքովս չէին անցել: Տիգրանը չորս ձի ուներ՝ Նշանը, Մանեն, Ջեյրանը և Մարալը: Նշանն ամենաազնվատոհմն էր, հետևաբար ամենագեղեցիկն ու խելացին:

Ֆիլմը ինձ տվեց գիտելիքներ տարբեր մասնագիտություններ ունեցող, երազող, ազատության ձգտող, և իր բանակավայրը սիրող մարդու մասին: Ձի էլ սանրեցի, այս կենդանիներից երբեք չեմ վախեցել, վախենում եմ օձերից, մկներից, կովերից, բայց ձիերից` երբեք:

Ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիներին կարելի է տարբերակել իրենց աչքերով, իսկ ձիերի աչքերը երբեք վատ բան չեն հուշում:
Վատը չեն կարող լինել նաև այն մարդիկ, ովքեր կարողանում են շփվել և լեզու գտնել ձիերի հետ, քանի որ մարդկանց բնավորության հարցում, այս կենդանիներին խաբելը անհնար է:

Շուտով կսկսենք ֆիլմը մոնտաժել, երբ պատրաստ լինի, ինքներդ էլ կհամոզվեք իմ ասածի ճշմարտացիության մեջ: