nina arsutamyan portret

Ձմե՞ռը, գարո՞ւնը, ամա՞ռը, թե՞ աշունը

Բոլորիս շրջապատում էլ կան մարդիկ, որոնք ամեն մի չնչին բանից սկսում են բողոքել: Մեր գյուղացիների համար էլ շատ հեշտ է բողոքել տարվա չորս եղանակներից:

-Ո՜ւֆ, էլի ձմեռ, էլի ցուրտ, էլի ձյուն: Դե, հիմա էլ արի՝ մի քանի պարկ աթար բեր վառարանի համար, վառիր: Ե՞րբ պիտի գա գարունը, որ արև լինի, տաք լինի, այգիներում շատ գործ անենք, օրներս մի կերպ անցի: Գարնանն ապրելը ավելի հեշտ կլինի: Գարուն ենք ուզում:

-Ո՜ւֆ, գարուն, գիժ մարտ: Հեսա կսկսվեն անձրևները, ձյունը կհալվի, էլի ցեխ կդառնա, ու մեզանից անպակաս կլինեն «ռեզինե սապոգները»: Դե, արի ու այս ցեխին այգում մի գործ արա: Ամառ եմ ուզում, տաք եմ ուզում, չոր փողոցներ եմ ուզում, որ գոնե ամռանը կարողանանք մի գործ անել:

-Ա՜խ, այս շոգը, դե, արի ու այս շոգին գնա այգի ու կարտոֆիլդ ջրի, գնա բանջար բեր (նկատի ունեմ՝ ավելուկ, սպիտակ բանջար, սոխուկ), աթար կտրի, աթարը չորացրու, տեղափոխի ավելի ապահով տեղ, գնա դաշտից խոտ բեր: Վայ, Աստված, ե՞ րբ պետք է աշունը գա, մի քիչ հանգստանանք:

-Աշուն, մառախուղ, անձրևներ, էլի ու էլի ցեխ: Դե, հիմա էլ արդեն պատրաստվիր ձմռանը: Կարտոֆիլը հանիր, տեղավորիր, գնա այգի, հանիր այն ամենը, ինչը որ ցանել էիր ամռանը: Այս աշունն էլ մի բան չի: Ձմեռը գա՝ մի լավ հանգստանանք:

Ես շատ երջանիկ մարդ եմ, որովհետև սիրում եմ տարվա բոլոր եղանակները: Ձմռանը՝ 19:30-ին արդեն դրսում մութ է և ձյուն է գալիս: Կարելի է ձնագնդի խաղալ, կամ ձնեմարդ պատրաստել: Արդեն պատրաստ եմ հագնել տաք վերարկուս, գլխարկս, շարֆս, ձեռնոցներս և նետվել դուրս: Գարնանը երեխաները սկսում են դրսում խաղալ: Նրանց նայելը ինձ միշտ ժպիտ է պարգևում: Ամռանը, ինչպես միշտ, երեխաներով հավաքվում ենք և գնում մորի ուտելու: Դա մեր սովորությունն է դարձել: Անցնում ենք մի քանի փոքր սարերը, ևս երկու բլուր, և տեղ հասանք: Նստում ենք խոտերի մեջ, և ամեն մեկը սկսում է ուտել իր քաղած մորին: Իսկ ով քիչ է քաղել, կողքից բոլորը նրան տալիս են: Աշնանը բոլոր ընտանիքները հավաքում են իրենց կարտոֆիլը, և ինչպես ընդունված է մեր գյուղում, կարտոֆիլը փուռ ենք դնում (խորովում ենք փռի մեջ): Դե, հիմա ասեք, ո՞ ր եղանակը ավելի շատ սիրեմ՝ ձմե՞ռը, գարո՞ւնը, ամա՞ռը, թե՞ աշունը:

Թեև երեխաների հոգսերը բոլորովին տարբեր են մեծահասակների հոգսերից: