Milena Sedrakyan

Դիլիջանյան մեդիա ճամբարի նախօրեն

Երեկ երեկոյան տանը նստած ձմերուկ էի ուտում, մեկ էլ մայրիկիս հեռախոսը պատահական վերցրի` մամայի աչքից հեռու խաղ խաղալու համար, ու տեսա 17-ից նամակ կա: Բացեցի ու տեսա, որ հենց այդ պահին չպատասխանեի, զրկվում էի ճամբարի հնարավորությունից: Մի խոսքով արագ ուրիշ հեռախոսահամար գրեցի ու նստած սպասում եմ, մի կողմից էլ` տնեցիներին համոզում եմ, որ թողնեն` գնամ ճամբար:

-Մամ… Խնդրում եմ` գնամ…

-Միլիկ ջան, որ գնացիր, քրոջդ ո՞վ ա պահելու:

-Մամ, լավ էլի…

-Բալիկ ջան, բա տան գործե՞րը: Գիտես, ես աշխատում եմ ու չեմ հասցնում:

-Մամա, խնդրում եմ…

-Ուֆ… Զահլես տարար: Գնա պապայիցդ հարցրու:

Հայրիկս հյուրասենյակից բղավեց.

-Թող գնա, Նառ, ես Արմինեին կկանչեմ` կգա կօգնի:

Լավ, չեմ թաքցնի այն փաստը, որ երբ մայրիկից անընդհատ մերժում էի ստանում, աչքերս լցրել էի ու նստել սենյակումս, բայց սա լսելուց հետո բերանս չի փակվում:

Հաջորդ օրը տանը նստած անհանգիստ սպասում եմ ու մտածում. «Ինչի՞ չեն գրում: Հաստատ փոշմանել են: Հենա` նամակիս էլ չեն պատասխանում: Վերջ, հույսս կտրեցի»:

Մեկ էլ մամայի ֆեյսբուքին նամակ եկավ, չգիտեմ թե ինչպես, բայց զգում էի, որ «Մանանայից» կլինի:

Ձայնը լսելուն պես հյուրասենյակից ինձ շպրտեցի համակարգչի մոտ, բացեցի, մեկ էլ տեսնեմ` ինձ ինչ որ խմբում են ներգրավել, ներսումս հանգստություն իջավ: Բայց էստեղ ճիշտ հակառակն էր: Սկսած թղթակիցներից, ուսուցիչներից ու կամավորներից բոլորը գրում են, նկարներ են տեղադրում: Հերթով տեղադրած նյութերը կարդացի, նկարները նայեցի, ասեմ` շատ ծանոթներ կան, իրենց նյութերը կարդացել եմ կայքում: Ու սկսեցի գրել իմը:

Հիմա գրում-ջնջում եմ, չգիտեմ` ոնց գրեմ: Սկսեցի, իմ հիմար սովորության համաձայն, ժարգոնով գրել ու արագ-արագ: Ամբողջը ջնջեցի, սկսեցի գրականով գեղեցիկ գրել. չնայելով անգամ տառասխալներին:

Մի խոսքով, բոլոր ծանոթներիս գրում եմ`բարև, հիշո՞ւմ ես ինձ:

Ես հիմա հպարտությամբ ասում եմ`գնում եմ ճամբար…

Ու առանց վարանելու կարող եք ինձ երանելի անվանել, քանի որ սիրտս զգում է, որ իմ կյանքի ամենահաճելի շաբաթը առջևումս է: