Seroj araqelyan

Մենք այստեղ ենք՝ սահմանին՝ մեր տանը

-Է՛ն ա, սա՜ղ ուղտի մեջքն ա։

ՉԷ՛, չէ՛, սխալ մի հասկացեք՝ ուղտ ասելով՝ նկատի չունեմ ուղտ կենդանի, ու հաստատ տեղին զարմացաք․ Հայաստան ուղտ չկա: Լա՛վ, շատ չձգձգեմ: Ինչո՞ւ հենց ուղտի մեջք և ինչո՞ւ հենց սաղ ուղտի մեջքն ա: Դե, բնականաբար, ասածս նման է մեղադրանքի, որ սաղ ուղտի մեջքն ա, այսինքն, ամեն ինչի պատճառը ուղտի մեջքն ա: Դե, լավ, չչարչարեմ:՝ Ուղտի մեջքը հակառակորդի հենակետն է՝ այն հենակետը, որի վրա է հենված այն զենքը, որը գնդակոծում է մեր Բաղանիս գյուղը: Այո՛, դիրքերը մի քանիսն են: Ու ամեն դիրք ունի իր զենքի տեսակները, բայց այդ անսովոր անունով դիրքը ամեն անգամ կրակահերթի պատճառ է հանդիսանում: Դիրքի անունը, դե պարզ է՝ գյուղացիք են դրել, հաստատ ադրբեջանցին ո՛չ գիտի ուղտ, ո՛չ էլ՝ մեջք բառերը: Անվանել են Ուղտի մեջք, որովհետև դիրքը կառուցված է երկու, իրար շատ մոտ բլուրների վրա, ինչի պատճառով նմանեցնում են ուղտի մեջքի:

Ուղտի մեջքից այն կողմ Օդնդաղն է: Սա արդեն երկկողմանի համաձայնություն է: Այն հին ժամանակներում, երբ դեռ կռիվ չկար, կար էսպես ասած, Ղազախ-Բաղանիս ճանապարհ, որտեղ Ղազախը համարվում էր տեղի քաղաք և այնտեղ բազմիցս են գյուղացիք գնացել թե՛ առևտրի, թե՛ այլ նպատակներով: Եվ այդ ժամանակվա շփումը թուրքերի հետ, ստիպել է միասին սարերի անվանումներ տալ և, անգամ, խոսել սովորել։ Հիմա գյուղում կան մարդիկ, ովքեր դեռ հիշում են բառեր կամ նախադասություններ: Անձամբ եսչեմ սիրում այդ լեզուն, բայց լսել եմ այս բառը և չեմ կարողանում այդ մեկ բառը ջնջել հիշողությունիցս: Ադրբեջաներեն՝ Յեվաշ, գյուղի բարբառով՝ լա կացի, իսկ գրական հայերենով՝ սպասիր: Եվ այդտեղից է սկսվել գյուղացիների ու, անգամ, զարմանքս է գալիս, ադրբեջանցիների շփումը: Ու այդ պատճառով էլ մինչև հիմա մնացել են այդ բառերն ու անունները:

Օդնդաղ սարը, կարելի է ասել, որ նշանառության տակ է պահում մի քանի հարակից գյուղեր՝ Բաղանիսը, Ոսկեպարը, Ոսկևանը, Կիրանցը, Կոթին և Բարեկամավանը, կամ էստեղի հայտնի անունով՝ Դոստլուն: Դե, հիմա սա՛ է, ի՞նչ կարող ենք անել, գրավելը հեշտ չէ, գյուղացին ստիպված է ապրել՝ մտածելով, որ կրակոցներն անդադար են, և ինչ տեսակ անուն էլ լինի՝ ուղտ, թե փիղ կամ մեկ այլ կենդանի՝ մեկ է, հաստատ այդ մեծ զենքի փամփուշտը գալու է գյուղի վրա: Բայց ինչ զենքից էլ գա, հաստատ ոչ մեկը չի թողնի և չի հեռանա իր գյուղից, որովհետև այստեղ է յուրաքանչյուրի ապրուստը, հիշողությունը, մեծ ծանոթությունը և բոլոր այն լավ պահերը, որոնք ապրել են մեր մեծերը, և հիմա ապրում են մեր փոքրերը:

Մանկապարտեզում և դպրոցում երեխաների թիվը գնալով պակասում է, բայց դա ոչինչ չի նշանակում, չի նշանակում, որ գյուղը կդատարկվի կամ հողերը կհանձնվեն: Ոչ, մենք այստեղ ենք: