anush hovhannisyan

Մենք ժպտալ ենք ուզում

-Ան, ի՞նչ կա Հոկտեմբերյան, ի՞նչ ես անում:

-Ուֆ, էնքան անկապ ա, բան չկա անելու, ավելի ճիշտ կա, բայց շատերի մոտ ցանկություն չկա: Ուր նայում ես` տխուր են, չեն ժպտում կամ լիքը հավես բաներ անտեսում են, կամ շատ հետաքրքիր մարդու կողքով անցնելուց անգամ խփում են ուսին: Էնքան եմ ուզում սաղ ուրախ լինեն, նկատեն էն ամենը, ինչը շատ հետաքրքիր ա ու իրանց կյանքին լիքը գույն կտա:

-Իսկ դո՞ւ:

-Գիտե՞ս իմ ցանկությունն  էնքան մեծ էր, որ գտա իմ աշխարհը ու շաբաթվա մեջ 3 օր 2 ժամով կտրվում եմ մոխրագույնից: Ու գիտե՞ս էդ որտեղ ա, մեր քաղաքում՝ մի փոքր սենյակում՝ մարզասրահում: Գիտե՞ս, բոլորը էնքան լավն են այդտեղ, առողջ են ապրում, ժպտում են, ծիծաղում են ու ամենահավեսը՝ ծանոթանում են իրար հետ ու սկսում են շփվել ու ամենակարևորը՝ ժպտալ:

-Ան, ծանոթանալ ու շփվել միշտ ու ամեն տեղ էլ կարաս, հեչ պարտադիր չի, որ գնաս սպորտի, նոր ծանոթանաս ու ժպտաս:

-Մի հատ բան ասեմ. մեր մարզասրահում մի տղա կա, մենք էնքան հավես ենք խոսում իրար հետ, ծիծաղում ենք, պահ կա մի փոքր տխրում ենք, ու էս պատմության ամենահավեսը գիտե՞ս որն ա, որ ոչ ես իր անունը գիտեմ, ոչ էլ ինքը` իմը: Ու վերջերս եմ իմացել, որ Հայկավան գյուղից ա: Ու էդ միակ բանն ա, որ ես իր մասին գիտեմ, ու էդքանը ինձ բավական ա, որ մենք իրար տեսնենք ու ժպտանք: Հիմա կմտածես` սրահում մենակ ես ու ի՞նքն ենք, չէ՞: Էնքան մարդ կա… Ուզո՞ւմ ես` ամենահետաքրքիր բանը ասեմ:

-Իհարկե՜, ասա, արդեն սկսեց հետաքրքրել:

-Մեր խմբում ամենամեծը մի պապիկ ա՝ 75 տարեկան, ինքը «շորտիկ» ա հագնում ու տուկի թելով կապում ա, որ չընկնի վրայից: Մենք էդ պապիկին ասում ենք «կինդեր սյուրպրիզ», որովհետև ամեն անգամ, երբ ինքը նոր վարժություն ա անում, իր ինչ-որ մի տեղը սկսում ա ցավալ, ու նոր հիվանդություններ ա բացահայտվում: Բայց ինքը շարունակում ա ժպտալ: Հասկանո՞ւմ ես, ինքն էլ ա ուզում ժպտալ, դրա համար էլ մեզ հետ ա: Մարզասրահում բոլորս իրար օգնում ենք, օրինակ՝ եթե հոգնեմ, տխուր նստեմ, հերթով մոտենում են ու հարցնում` ինչ ա պատահել: Ու քո կարծիքով, դա ժպտալու առիթ չի՞:

Բայց, ցավոք, էդ հավես աշխարհը պրծնում ա, երբ ոտքդ դուրս ես դնում մարզասրահից: Դռնից դուրս ես գալիս, ու առաջին հենց պատահած մարդը արագ-արագ հոնքերը կիտած քայլում ա, ու չես հասկանում ո՞ւր են շտապում: Բան չունեմ ասելու, դանդաղ առաջ շարժվելն էլ ճիշտ չի, բայց դանդաղ քայլելը հրաշք ա, քանի որ կարողանում ես գտնել գոնե մի ուրախ դեմք ու նայելով իրեն՝ դու էլ ես ժպտում, իսկ արագ քայլելով անտեսում ես, մի բան էլ` հարվածում ես մարդու ուսին ու անցնում:

Մեր մարզասրահում հիմնական մասն ունի ինչ-որ հիվանդություն, ու պատկերացնո՞ւմ ես, այնտեղ մենք մոռանում ենք մեր խնդիրներն ու անընդհատ տանջող ցավերը ու ծիծաղում: