Աղվերանի մեդիա ճամբար. Վարպետության դաս. Նանե Սահակյան

Մեր այսօրվա զրուցակիցը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող-մոդերատոր Նանե Սահակյանն է: 

-«Մանանա» կենտրոն սկսել եմ հաճախել 12 տարեկանից: Այն ժամանակ կենտրոնում դեռ զարգացած չէին ֆիլմի, ֆոտոյի և մյուս ստուդիաները այնպես, ինչպես հիմա: Դրա համար ավելի շատ աշխատում էինք գրավոր տեքստերի՝  հոդվածների վրա: Բայց կամաց-կամաց զարգացան բոլոր ստուդիաները, և ես էլ ունեցա իմ ֆիլմը, որը իմ տատիկի մասին էր` «Իմ հերոսը» շարքից: «Մանանա» հաճախել եմ ոչ միայն մինչև դպրոցն ավարտելը: Ավարտելուց հետո էլ ես և իմ խմբի մի քանի երեխաներ գնում էինք «Մանանա» ֆիլմեր դիտում, քննարկում: Ես լրագրություն  սովորել եմ այստեղ: «Մանանայում», իհարկե, չեմ սովորել գրել լուր, պատրաստել լրատվական հաղորդում, բայց սովորել եմ գրել էսսեներ, պատմություններ: Դրանք հիմա «Ազատություն»-ում մենք անվանում ենք «սթորիներ», որոնք ամենապահանջվածն են, ամենակարևորն են և ամենաշատն են դիտվում: Սովորելով ԵՊՀ-ի ռոմանոգերմանական ֆակուլտետում՝ արդեն աշխատում էի լրագրող, սակայն այդ ֆակուլտետը լրագրողներ չի պատրաստում: Հիմնական տարբերությունը լրագրության ֆակուլտետի և «Մանանա» կենտրոնի միջև այն է, որ լրագրության ֆակուլտետը առաջին իսկ կուրսից սկսում է ձևավորել ցանց կոչվածը, երբ դու ծանոթանում ես քո ապագա կոլեգաների հետ, կապեր ես ձեռք բերում, իսկ կապերն այս ոլորտում շատ անհրաժեշտ են: Մնացած ամեն ինչը, ինչ տալիս է այդ ֆակուլտետը, ես ստացել եմ «Մանանայում»: Բակալավրիատը սովորել եմ օտար լեզու և գրականություն, իսկ մագիստրատուրան՝ մշակութաբանություն: Երկուսն էլ սովորել եմ իմ հետաքրքրասիրությունից դրդված և ոչ այն պատճառով, որ այդ կրթությունն ինձ օգնելու էր հետագայում աշխատանք ունենալ: Աշխատել սկսել եմ 18 տարեկանից, թղթակցել եմ տարբեր թերթերի, իսկ 20-21 տարեկանից սկսել եմ աշխատել «Ազատություն» ռադիոկայանում: Սկզբում ռադիոկայանի  երիտասարդական ռադիոհաղորդման խմբագրակազմում էի աշխատում: Վերջին տարիներին «Ազատություն» ռադիոկայանը դարձել է ինտերնետային հեռուստատեսություն, որտեղ աշխատում եմ որպես լրագրող-մոդերատոր:

Հիմա մի քիչ խոսեմ լրատվական հաղորդման մասին, որի վրա հիմա ես աշխատում եմ, և որը ամենալավը գիտեմ: Կարելի է ասել՝ լրագրության ամենակայացած ոլորտներից է, որովհետև չկա այդպիսի հեռուստաընկերություն, որը չունենա լրատվական հաղորդում: Լրատվական հաղորդումները հիմնականում մեկ ժամանոց հաղորդումներ են լինում, որոնք լուսաբանում են քաղաքական իրադարձություններ,  սոցիալական, երբեմն՝ իրավական և մշակութային: Օրինակ՝ CNN-ի հաղորդումները պրոֆիլային են. տնտեսական, ֆինանսական, Մերձավոր Արևելքի, Ամերիկայի ներքին քաղաքականության մասին հաղորդումները առանձին են ներկայացվում, որովհետև CNN-ը պրոֆեսիոնալ լրատվական ալիք է, որը 24 ժամ լուրեր է ներկայացնում: Հայաստանում այժմ լրատվական ալիք չկա: «Արմնյուզն»  էր, որը փակվեց որպես լրատվական ալիք և դարձավ ժամանցային:

Նայելով բոլոր ալիքների լրատվական ծրագրերը՝ կնկատեք, որ լուրերը հաճախ կրկնվում են, որովհետև Երևանում ինչ-որ ասուլիս է լինում, իսկ լրագրողները հիմնականում հակված են հեշտ ճանապարհով գնալ: Լրագրողները գնում են ասուլիս, որտեղ մարդիկ խոսելով ներկայացնում են պատրաստի նյութը, իսկ իրենք էլ նեղություն չեն քաշում զանգելու, խնդրելու, պայմանավորվելու: Այդ պատճառով էլ նույն ասուլիսը լուսաբանվում է 4-5 հեռուստակայանների կողմից, և տարբեր ալիքներ դիտելով՝ ստացվում է այնպիսի տպավորություն, որ նույն բանն եք նայել:

Լրատվական հաղորդման մեջ տեղ են գտնում 6-ից 10, կամ մի քիչ ավելի տեսանյութեր՝ 3-3,5 րոպե միջին տևողությամբ: 3,5 րոպեն մեծ ժամանակ է հեռուստատեսային եթերի համար, այդ ժամանակում կարելի է շատ բան պատմել: Հաղորդումները հիմնականում սկսվում են պաշտոնական լրահոսով, թե ինչ է ասել նախագահը, ինչ ելույթ է ունեցել վարչապետը և այլն: Բոլոր լրատվական ծրագրերը ունեն ընդհանուր գծեր, պատրաստվում են նույն ֆորմատով: Բոլորն էլ սկսվում են ինչ-որ ձանձրալի, պաշտոնական լուրերով, իսկ զվարճալի, կամ մշակութային լուրերը ներկայացվում են ամենավերջում: Լրատվությունը միշտ պետք է լինի չեզոք և չպաշտպանի ոչ մի կողմին, քանի որ լրագրողի գործը ընդամենը պատմելն է, և նա պետք է ներկայացնի բոլոր կողմերի տեսակետները:

«Ազատություն» ինտերնետային հեռուստատեսությունը կարելի է քննադատել տեխնիկական սխալների համար: Որպես հեռուստատեսություն այն ունի ընդամենը 2 տարվա պատմություն: Եթե նայեք մեր տեսանյութերը, կնկատեք մոնտաժի թերություններ, որոշ բաներ շատ կոպիտ են արվում, շատ արագ, մեր թիմում հիմնականում երիտասարդներ են, որոնք սովորում են:

Օրը «Ազատությունում» սկսվում է ժողովով, որը սկսվում է մոտ 10 անց կես, քանի որ երեկոյան շատ երկար ենք աշխատում՝ պատահում է մինչև գիշերվա ժամը մեկը, երկուսը, և առավոտյան ավելի շուտ չենք կարողանում հավաքվել: Ուրիշ խմբագրություններում, հետաքրքրվել եմ, կան կոորդինատորներ, որոնք թեմաները գրում են ու լրագրողներին ուղարկում կոնկրետ հանձնարարությամբ: Մեր խմբագրությունում լուրեր հայթայթելու ծանր պարտականությունը դրված է լրագրողի վրա, այսինքն՝ ոչ ոք մեզ կոնկրետ տեղ չի ուղարկում, մեզ ստիպում են ստեղծագործել: Մենք ինքներս ենք որոշում, թե ինչ պետք է անենք, այսինքն ինքներս ամեն օր պետք է գտնենք հետաքրքիր պատմություններ: Պատահում է, որ պատմությունները այդքան էլ լավ չեն ստացվում և տեղ չեն գտնում եթերում, այլ պարզապես հայտնվում են youtube-ում: ժողովի ժամանակ քննարկվում են պատմությունները, խմբագիրը կարող է ասել՝ ոչ, լավ թեմա չէ, ուրիշը գտիր: Լրատվական հաղորդումը կառուցվում է ըստ լուրերի կարևորության: Օրինակ՝ վերջին լուրերի հետ կապված. եթե «Սասնա ծռերը» գրավել է ոստիկանական բաժանմունքը, և ամբողջ երկիրը դրանով է ապրում, բնական է, մենք չենք լուսաբանի մեկ ուրիշ պատմություն, որը շատ հետաքրքիր է, բայց ոչ քաղաքական: Կլուսաբանենք, գուցե, մի ուրիշ օր, հակառակ դեպքում, դա չի լինի լրատվական հաղորդում: Լրատվական օրն է թելադրում, թե «Ազատության» լրագրողն ինչ անի: Մեր լրագրողները միշտ պիտի լինեն իրադարձությունների զարգացման կենտրոնում:

Ինչով է տարբերվում «Ազատությունը» մյուս լրատվականներից: «Ազատության» լրագրողը ոչ թե պարզապես նկարում է, թե ինչ է ասել այսօր վարչապետը կառավարության նիստի ժամանակ, այլ փորձում է երկրորդ կարծիքը գտնել, դրա մասին հարցնել ընդդիմության ներկայացուցչին կամ փորձագետին: Այսինքն, «Ազատությունը» փորձում է գտնել մի քանի կարծիք մի հարցի շուրջ: Դա մեր լրատվական հաղորդման սկզբունքն է: Երբեմն մեզ մեղադրում են միակողմանի կարծիք ներկայացնելու մեջ, վերջերս անգամ նամակ ստացանք անանուն մեյլից, որտեղ ասվում էր, որ մենք սադրում ենք մարդկանց: Ընդդիմության ձայնը ներկայացնող հարթակ հիմա պարզապես չկա, այդ պատճառով «Ազատությունը» իրեն թույլ է տալիս մի փոքր ավելի ժամանակ հատկացնել ընդդիմախոսներին, որովհետև այդ մարդիկ եթերից զրկված են:

«Ազատությունը» 24-ժամյա հեռուստաընկերություն չէ, բայց արտակարգ իրավիճակների դեպքում 24 ժամ եթեր ենք հեռարձակում: Մեր ռեսուրսները չեն բավականացնում 24 ժամ անդադար պատրաստի արտադրանք տալ (մոնտաժված հաղորդում, մեկնաբանություն, վերլուծություն), բայց բավականացնում են դեպքի վայրից ուղիղ եթեր հեռարձակել: Ուղիղ եթեր հեռարձակելու մեր սարքվորումը մեծ քառակուսի տուփի նման բան է, որը օպերատորը մեջքին է հագնում: Դրա մեջ մոտ մի տասը հատ ինտերնետի չիփ կա, օգտագործվում է միանգամից դրանց բոլորի հզորությունը: Եթե մի կապը չաշխատի, մյուսից կօգտվենք, բայց եթե ընդհանուր որոշում լինի մեզ թույլ չտալ եթեր հեռարձակել, կարող են ուղղակի անջատել ինտերներտը, քանի որ մենք ինտերնետային հեռուստաընկերություն ենք:

«Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորում է ստանում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի, որոշ եվրոպական կառույցների կողմից: Ռադիոկայանն ունի տասնամյակների պատմություն, ունի ծառայություն Աֆղանստանում, Իրանում, հետխորհրդային երկրներում, արևելաեվրոպական որոշ երկրներում, որտեղ առկա են խոսքի ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրներ: 2008 թվականին, երբ Հայաստանում անընդհատ հանրահավաքներ էին ընտրություններից հետո, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ մենք պետք է երջանիկ լինենք, երբ գա օր, որ Հայաստանում փակվի «Ազատություն» ռադիոկայանը, քանի որ դա նկշանակի, որ Հայաստանում արդեն կա խոսքի ազատություն, ժողովրդավարություն: «Ազատություն» ռադիոկայանում կա խոսքի ազատություն, քանի որ ֆինանսավորումը ուրիշ տեղից է, մեզ վերահսկելու լծակներ չկան:

Լրագրողը, որևէ հեռուստաընկերությունում աշխատանքի անցնելուց առաջ, ստորագրում է հատուկ փաստաթուղթ, որտեղ նշված է, թե լրագրողը ինչպես պետք է իրեն պահի: Ընդհանուր կետերն են` լրագրողի օբյեկտիվությունը, սոցիալական հարթակում չեզոքությունը և այլն: Վերջերս ավելացրել են ևս մի կետ, որը վերաբերվում է սոցիալական ցանցերին. լրագրողը սոցիալական ցանցերում էլ իրեն պետք է պահի որպես լրագրող: «Ազատությունում» ևս, ես կզկվեմ աշխատանքից, եթե սոցիալական մեդիայում հայհոյեմ քաղաքական գործիչներին, ագրեսիվ կոչեր հնչեցնեմ, հարցազրույց վերցնեմ մի մարդուց և այն տեղադրեմ սոցիալական իմ էջում` ծաղրելու նպատակով: Բայց սա չի նշանակում, որ ես չեմ կարող քննադատել որևէ երևույթ, եթե կարծում եմ, որ քննադատելու տեղ կա: Լրագրողը նաև չի կարող իրեն պահել որպես ակտիվիստ: Անցած տարի Ազգային ժողովում քննարկումներ էին ընթանում կարևոր հարցի շուրջ: Լրագրողները պաստառներով գնացել էին բողոքի ակցիայի: Մեր լրագրողը չէր գնացել, սակայն եթե գնար, հաստատ նկատողություն կստանար, որովհետև ցույցի գնալը ակտիվիստի պահվածք է: Լրագրողը պետք է կարողանա գրելու միջոցով իր ասելիքը ժողովրդին հասցնել և ոչ թե ցույցի գնալով:

«Ազատությունը» տասնյակ տարիներ եղել է ռադիոկայան, ինտերնետային հեռուստատեսություն է դարձել միայն վերջին 2-3 տարիների ընթացքում այն պատճառով, որ տեխնիկական հնարավորությունները դա հիմա թույլ են տալիս: Ժողովուրդը հիմա քիչ է հեռուստացույց նայում և լուրերին ավելի շատ հետևում է ինտերնետով: «Ազատություն» ռադիոկայանում չկան հաղորդավարներ, կան մեկնաբաններ: Այսինքն, լրագրողը ինքը գրում է լուրը, և ինքն էլ ներկայացնում է: Տվյալ դեպքում, կարևոր չէ արդեն նրա արտաքին տեսքը և ձայնը: Հաղորդավար կոչվածը լրատվական հաղորդումներում վերանում է: Լրագրողը կարդում է իր տեքստը անձամբ, հուշարար կոչվող սարքի միջոցով, որը թույլ է տալիս սեղանի տակ ոտքով փոխել տողը:

Ամենադժվար գործը մարդկանց հետ շփվելը և մարդկային պատմություն նկարելն է: «Ազատությունում» էլ կա լրագրող, որ շատ ճարպիկ է, լավ լրագրող է, բայց երբեմն չի կարողանում շփվել հուզված, բարկացած մարդկանց հետ: Եթե ուզում եք մեդիայի ոլորտում աշխատել, կարևոր չէ, կլինեք լրագրող, խմբագիր, թե մոնտաժող, կինոռեժիսոր կամ ֆոտոլրագրող, ամենակարևոր բանը, որ պետք է սովորել, մարդկային պատմություն նկարելն է, շրջապատող աշխարհը ուսումնասիրելը և բացահայտելը: Լրագրող լինելու համար շատ կարևոր է նաև իմանալ քո ոլորտը, որտեղ աշխատում ես, ունենալ տեխնիկական հմտություններ՝ նյութ գրել, մոնտաժ անել: Լրագրությունը մասնագիտություն չէ, լրագրությունը կենսակերպ է: Այսինքն, եթե դու լրագրող ես, դու երբեք քո աշխատանքը կոնկրետ ժամի չես ավարտում և տուն չես գնում: Օրինակ, «Ազատությունում» ներքնակ կա փռած, մարդիկ կան, որ օրերով իրենց երեխաներին ուղարկում են իրենց ծնողների մոտ: Լրագրողի կյանքը երբեք կանոնակարգված չէ: Մեր լրագրող տղաներից մեկը 14 օր մնաց Խորենացի փողոցում, այնտեղ էլ քնում էր: Լրագրողի համար տանջվելը այդքան էլ կարևոր չէ, որովհետև լավ լրագրողը հաճախ մրցակցության մեջ է մտնում, և իր համար էլ կարևոր չէ տուն չգնալը, շատ տանջվելը: Թերթերում առավել ևս, մինչև ուշ գիշեր կարող են նստել, սպասել որևէ իրադարձության հանգուցալուծման, որպեսզի տպաքանակը ուղարկեն տպագրատուն, որ մարդիկ առավոտյան թարմ նորություններ կարդան:

Զրույցը գրի առան Սարգիս Մելքոնյանը և Մարիամ Նալբանդյանը