մարինե իսրայելյան

Մենք պարտք ունենք

Հայոց այբուբեն, մեսրոպատառ գիր, հայ գրականություն, պատմություն, արարում, հաղթանակ, վերապրում: Սրանք բարձրարժեք բառեր են, թերևս բոլորը գիտեն, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը օտարի ու թշնամու սրի դեմ պայքարել ու պահպանել է հայոց գրերը` այբուբենը, քրիստոնեական հավատի հետ միասին:

Նույն կերպ նաև ով չգիտի ֆեյսբուքի մասին, արդեն նույնիսկ ամոթ է լսարանում հարցնել, թե ով կա ֆեյսբուքում, պիտի հարցնել` ով չկա ֆեյսբուքում: Ֆեյսբուքը օր օրի աճող ու ընդլայնվող հաղորդակցական հարթակ է, որն իր երախի մեջ է առել ողջ աշխարհը: Իսկ ինչպե՞ս կապել հայոց այբուբենն ու ֆեյսբուքը: Կապը սահմռկեցուցիչ է: Ֆեյսբուքը համաշխարհային սոցիալական ոլորտ լինելուց բացի հարթակ է, որտեղ մեռնում է հայոց այբուբենը, ոչ, չի մեռնում, մեռցվում է, նահատակվում է, կախաղան է բարձրացվում, գանահարվում է, խողխողվում ու սրատվում է, և ենթարկվում այն բոլոր պատժամիջոցներին, որ պատմության ընթացքում հորինել է մարդկության երևակայության անառողջ հատվածը` ուղղված ոչնչացման կլանող գաղափարին: Ու այս անգամ հրապարակում հայոց այբուբենն է:

Ինչպես բոլոր միջնադարյան պատիժների ժամանակ, այստեղ էլ կան դահիճը և նրա օգնականը: Դահիճը լատինական այբուբենն է, իսկ օգնականը` մենք, և շատ հաճախ մեծ գործերում օգնականներն ավելի մեծ դեր են ունենում, քան գլխավորները: Նույնիսկ անհավատալի է պատկերացնել, որ 21-րդ դարի զարգացման գաղափարախոսության մեջ որպես քողարկված կմախք առկա է միջնադարյան դահճային համակարգը. այն ևս զարգացել է, եթե նախկինում նա կուլ էր տալիս հազարավոր մարդկանց, ապա այժմ նա կլլում է հարյուրհազարավոր մարդկանց հոգևոր արժեքները` անուղղակիորեն դեպի կործանումը ուղղորդելով նաև մարդկանց:

Օրինակ, ո՞վ է երբևէ տեսել, որ անգլերեն sun, school, orange և այլ բառեր գրեն հայերեն տառերով, հենց այսպես` սան, սքուլ, օրինջ, երևի դժվարացաք կարդալ, կամ աչքի համար անսովոր եղավ, այդ դեպքում ավելի քան սրությամբ է դրվում այս հարցը. ապա ինչո՞ւ հայերեն արև, դպրոց և նարինջ բառերը գրված այլատառությամբ` arev, dproc, narinj, բոլորովին սովորական է և հասկանալի ողջ ֆեյսբուքահայության համար, որ ներառում է հայության գերակշիռ մասը, և արդեն նույնիսկ ահռելի քանակությամբ գրական տեքստեր են ստեղծվել այս նորահայտ լեզվով, որ ոչ հայերեն է, ոչ անգլերեն, և ոչ այլ ինչ:

Երկար եմ մտածել, թե ինչու են մարդիկ այսպես գրում, և միակ պատասխանս այս է. մարդիկ խուսափում են հայերեն գրելուց, քանի որ առաջանում են ուղղագրական և կետադրական խնդիրներ, որոնք հիանալիորեն քողարկում է լատինատառագրությունը: Սա գրություն է բոլոր ձևաչափերից ու կանոններից դուրս, սա պարզապես աբսուրդ է: Եվ այն այբուբենն ու գիրը, որով մենք հպարտանում ենք, որը մեզ հասցրել է փառահեղ 21-րդ դար, մենք սպանում ենք նույն այդ 21-րդ դարի զոհասեղանին և զոհաբերում ենք լատինական աստծուն: Պայքարի զենքն այնքան պարզ է և իր պարզության մեջ այնքան հզոր, ահա այն` կյանքի բոլոր բնագավառներում հայերեն լեզվի գործածության դեպքում գրել բացառապես հայատառ, մաշտոցյան սուրբ գրերով, իսկ եթե լատինական տառերն այդքան գերում են մեզ, ապա բարի լինենք գործածենք նրանց իրենց հարազատ լեզուներում:

Ու հիշենք` մենք պարտք ունենք մեր եկող սերունդների առջև, մենք պարտավոր ենք նրանց փոխանցել ինչպես հնարավորինս մաքուր ու կենսունակ Երկիր, անկախ ու զարգացած հայրենիք, նույնպես և մաքրամաքուր հայոց լեզու, հայ գրեր և լիարժեք հայ մշակույթ: