ՄԵՐ ԳՅՈՒՂՆ ԷՍ Է

-Երանի Գերմանիայում կամ Ֆրանսիայում ծնված լինեի։

Սա ես եմ, և իմ երազանքը ութ-ինը տարի առաջ՝ ութ-ինը տարեկանում, երբ դեռ չգիտեի անգամ, թե որտեղ են այդ երկրները կամ ինչպիսինն են, ուղղակի լսել էի, որ իմ մի քանի հարազատներ այնտեղ են ապրում ու շատ գոհ են։

-Վայ, ինչի մեր գյուղից լավ տեղ կա՞։

Սա էլի ես եմ, բայց հիմա՝ 17 տարեկանում։ Վիճում եմ մի քանի դասընկերներիս հետ, որոնք բողոքում են գյուղից։ Ես չեմ ասում, որ պետք է հավիտյան մնանք գյուղում և ոչ մի քայլ չանենք, ուղղակի սիրել ու պահպանել այն պարտավոր ենք բոլորս։

Իսկ ո՞րն է այդ գյուղը։ Դա Ոսկեհատն է՝ Արագածոտնի մարզի։ Չեմ ասի տնտեսապես գերզարգացած, մեծ ու շքեղ գյուղ է, բայց բնակիչների համար անչափ թանկ է ու սիրելի։

Գյուղս այնքան էլ ծեր չէ։ Առաջին բնակիչները եղել են տատիս ու պապիս ծնողներն ու նրանց հասակակիցները։ Գաղթել են Արևմտյան Հայաստանից ու տուն կառուցել այստեղ՝ Ամբերդ գետի ափին (գյուղացիները անվանում են նաև Համբերդ)։ Գետը, որը սկիզբ է առնում Արագած սարից, գյուղի գլխավոր հարստություններից մեկն է։ Մարդկանց ոչ այնքան հայտնի, սակայն գյուղի համար արժեքավոր կոթողներից է նաև Ճգնավորի այրը։ Քարայր-կացարանը գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան հատվածում, 12-19-րդ դարի շինություն է։ Թեև այրը այնքան էլ մեծ հռչակ չի վայելում, այնուամենայնիվ միգուցե այստեղ ժամանակին ճգնել է մեծ փիլիսոփաներից կամ պատմիչներից մեկը։

Այժմ մեր էքսկուրսիան ավարտենք գյուղի ամենագլխավոր ու ամենակարևոր կոթողով։ Սուրբ Սարգիս եկեղեցի-ամրոցը համարվում է մեր գյուղի հոգևոր կենտրոնը։ Եկեղեցու մասին հստակ տեղեկություններ չկան, բայց կարծիքներ կան, որ այն կարող է հասնել մինչև 14-15-րդ դար։

Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Մշակում են տարբեր տեսակի մրգեր և բանջարեղեն։ Հնում շատ են մշակել հատկապես «Ոսկեհատ» անունով խաղողը։ Գյուղացիների խոսքով, հենց դրա համար էլ գյուղը անվանել են Ոսկեհատ։ Ի դեպ, Ոսկեհատի հին անվանումը եղել է Բադրինջ (ըստ մեծերի՝ ծաղկի անուն է)։

Սա է մեր գյուղը՝ փոքր, բայց հարազատ։ Հա, մոռացա գլուխ գովել։ Ես զտարյուն ոսկեհատցի եմ, այսինքն, իմ մայրիկի հայրն ու մայրը և հայրիկի հայրն ու մայրը՝ չորս տատիկներս ու պապիկներս, ծնվել են հենց այս գյուղում՝ գրեթե նույն թաղամասում։ Հայրս նույնպես այս մասին հպարտությամբ է խոսում։

Եվս մեկ տեղեկություն՝ գյուղում կա երիտասարդական հասարակական կազմակերպություն՝ «Ոսկեհատը»։ Այն հիմնադրվել է գյուղի երիտասարդների ջանքերով և ակտիվ գործունեություն է ծավալում, կազմակերպում է ամենամյա ազգային-բակային ճամբարներ և այլն։