Մի զինվորի պատմություն

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Մի քանի օր առաջ Արցախում էի: Վայելում էի երկար սպասված գարնանային արձակուրդները: Իսկ մինչ տպավորություններովս կիսվելը, պատմեմ, թե ում շնորհիվ ես հայտնվեցի Արցախում: 

2015 թվականի հունվարի 28-ը ծանր էր իմ, ընտանիքիս և հարազատներիս համար: Պատճառը եղբորս ծառայության մեկնելն էր: Դե, երևի թե բոլորն էլ իրենց որդուն, եղբորը կամ հարազատին բանակ ճանապարհելիս տխրում են, լաց լինում: Մենք էլ էինք տխրել, բայց և հոգու խորքում հպարտության զգացում ունեինք. չէ՞ որ բանակ էինք ճանապարհում հայրենիքի ևս մի հզոր պաշտպանի:
Երբ եկավ նրա գնալու ժամանակը, ես ամուր գրկեցի նրան, արցունքներս հոսում էին աչքերիցս: Եղբայրս նայեց ինձ, սրբեց արցունքներս և ասաց, որ իր պարտքը պատվով տալու է հայրենիքին և հաղթանակած վերադառնալու է: Այդ խոսքերից հետո ես հավաքեցի ինձ և ժպիտով ճանապարհեցի նրան:
Հաջորդ օրը իմացանք, որ եղբորս ծառայությունը անցնելու է Արցախի Մարտակերտ քաղաքում: Դե, հայրիկս սկսեց Մարտակերտում ծանոթ մարդ փնտրել, որպեսզի կարողանար կապվել եղբորս հետ: Որոշ ժամանակ անց գտնվեց այդ ծանոթ «անծանոթը»: Հայրիկիս ընկերը Մարտակերտում ուներ մի ծանոթ պապիկ, ում շնորհիվ մենք կարողացանք խոսել եղբորս հետ: Արդեն ամեն ինչ լավ էր:

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Դժվար էր պատկերացնել, որ այդ պապիկը՝ Աշոտ պապը և նրա ընտանիքը կդառնային շատ թանկ և հարազատ բոլորիս համար:
Եղբորս ծառայության ընթացքում Աշոտ պապը նրան հաճախակի տանում էր իրենց տուն: Եղբայրս, գնալով այնտեղ, սիրահարվել էր պապիկի միակ թոռնուհուն, սակայն գաղտնի էր պահել: Իր հերթին, թոռնուհին էլ էր սիրահարվել եղբորս: Սակայն ինչքա՞ն կարելի է գաղտնի պահել այդ զգացմունքը: Առաջին քայլը արել է հենց եղբայրս՝ խոստովանելով իր սերը: Պատասխանը նույնպես խոստովանություն էր: Եվ սկսվեց նրանց սիրո ուղին՝ լի բազում փորձություններով: Բայց նրանք պատվով հաղթահարեցին այդ փորձությունները, ու եղբորս ծառայությունն ավարտվելուն պես ամուսնացան:
Մենք հաճախ նրանց պատմությանը տալիս ենք «Հարսնացուն Արցախից» անվանումը:

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Ահա թե ինչու էի ես Արցախում: Շատ ոգևորիչ էր ապրիլյան պատերազմից մեկ տարի անց Արցախում՝ Մարտակերտ քաղաքում գտնվելը: Ապրիլի 2-ին երկինքը չսպիացող վերքի խոր ցավերից լուռ արտասվում էր: Եվ երբ պատմում էին այդ օրերին տեղի ունեցած դեպքերից, ամբողջ մարմնովս սարսուռ էր անցնում: Դեռ վախ կար մարդկանց սրտերում: Մի փոքր էլ նաև իմ: Բայց այդ վախը փշրվում էր, երբ փողոցով անցնելիս զինվորների էի տեսնում, որոնք հպարտորեն ժպտում էին ինձ: