Մենք ապրում ենք Կապանում

Ինչն է հուզում կապանցի երիտասարդներին

Մի քանի օր առաջ Ռուսաստանից ժամանած ընկերուհիս խնդրեց իրեն ցույց տալ այն վայրերը, որտեղ ես հիմնականում գնում եմ իմ ընկերների հետ: Նրա խնդրանքից հետո ես լռեցի և ամոթից գլուխս կախեցի: Ես ընկերներիս հետ միայն համացանցով եմ շփվում, կամ տուն գնալիս փողոցում եմ տեսնում նրանց: Այդ ամենի պատճառն այն է, որ Կապանում երիտասարդների համար ժամանցի կենտրոններ չկան: Միակ հանդիպման վայրը կարող են լինել զբոսայգիները, այնտեղ էլ հիմնականում ծերերն են նստում կամ մայրերը՝ իրենց երեխանների հետ: Դեռահասներն ու երիտասարդները տեղ չունեն գնալու: Իսկ ինչքան լավ կլիներ, որ ընկերներիդ հետ դուրս գաս ու գնաս կինոթատրոն՝ նոր ֆիլմեր դիտելու: Կամ էլ՝ ձմռանը այցելես սահադաշտ: Ինչքան ուրախ երիտասարդություն մենք կունենայինք, եթե Կապանում գոնե մեկ ժամանցի կենտրոն լիներ:

Սոնա Ստեփանյան, 14 տ. ք. Կապան 

***

Ես Գոհարիկն եմ, 14 տարեկան եմ և ապրում եմ Կապանում: Կան շատ հարցեր, որոնք ինձ հուզում են: Դրանցից մեկն այն է, որ Հայաստանում շատ անապահով ընտանիքներ կան: Անապահովության պատճառը գործազրկությունն է: Հաճախ մեծահասակների խոսակցություններից լսում եմ, որ մարդիկ ցանկանում են աշխատել, սակայն աշխատատեղեր չկան, իսկ աշխատողներն էլ բողոքում են աշխատավարձի չափից: Աշխատում են շատ, ստանում՝ քիչ: Այդ պատճառով էլ Հայաստանում օրեցօր ավելանում է արտագաղթը. հայերը մեկնում են «խոպան»: Որպեսզի արտագաղթողների թիվը չշատանա, պետք է բացվեն նոր աշխատեղեր, իսկ աշխատողներին պետք է պատշաճ կերպով վարձատրել:

Գոհարիկ Խաչատրյան, 14 տ. ք.Կապան

***

Ես սովորում եմ Կապանի համար 2 ավագ դպրոցի 9-րդ դասարանում: Տարեվերջին ունեմ պետական քննություններ: Այս տարի քննությունների ձևը փոխվել է, ինչը մեզ ավելի շատ է վախեցնում: Ունենք 6 քննական առարկա՝ հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, բնագիտական առարկա, օտար լեզու: Վերջին երկուսի ընտրությունը կախված է աշակերտի հայեցողությունից: Ես ընտրել եմ քիմիան և անգլերենը:
Այս քննություններից բանավոր են պատմությունը, գրականությունը և օտար լեզուն: Պատմությունը 97 հարց է, գրականությունը՝ 78, իսկ անգլերենը՝ 20 տոմս:
Դասամիջոցին ճաշարանում.
-Խոխենք, հո՞ւնց ըք քննություն տալու,- հարցրեց մեկը:
-Տալու չըք,- պատասխանեց մյուսը:
Ու այսպես ամեն օր: Մեր ուշքն ու միտքը քննություններն են:

Գոհարիկ Խաչատրյան, 14 տ. ք.Կապան

***

Ինձ հուզող խնդիրները շատ են, ու եթե բոլորը գրի առնեմ, ապա մի մեծ գիրք կստացվի: Բայց հիմա գրում եմ այն խնդրի մասին, որն ամենաշատն է հուզում ինձ. ընտրությունների սուտ խոստումների մասին, երբ կուսակցությունները մեծ-մեծ խոստումներ են տալիս, կոնկրետ նշում այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն, օրինակ՝ ասֆալտապատման հարցը: Բոլոր կուսակցություններն անխտիր ասում են, որ կլուծեն այդ հարցը, բայց այդպես էլ նրանց խոստումները իրականություն չեն դառնում: Օրեցօր մարդիկ հեռանում են իրենց քաղաքներից, աշխատավարձերը կրճատվում են, ապրանքների գները բարձրանում են: Ու այսքանից հետո՝ սուտ խոստումնե՞ր:

Այս անգամ էլ ընտրություններին շատ խոստումներ ըվեցին, ընտրություններն անցան: Տեսնենք՝ հիմա ինչ կլինի:

Անի Մաթևոսյան, 16 տ. ք.Կապան