Aspram Parsadanyan

Մի շրջան էլ ավարտվեց

Հաճախ է պատահում, երբ մեր կյանք են ներխուժում դեպքեր և դեմքեր, որոնց գալուստը ամենևին էլ պլանավորված ու գծագրված չէր:

Ներիր ինձ, ընթերցողս (եթե կաս), նախ քեզ երկար ժամանակ լքելուս, ապա պատմությանս երկարության համար:

Մարդիկ գրում են այն ժամանակ, երբ տխուր են, կամ, երբ չեն ունենում մեկին՝ նրա հետ կիսվելու համար: Այդ ժամանակ քեզ հավատարիմ բարեկամ, հլու հնազանդ ունկնդիր են դառնում թերթն ու գրիչը: Երևի տխուր եմ, որ գրում եմ:

Նստած եմ կիսախավար սենյակում, ծնկներիս մեր օրացույցը, որը ցավոք արդեն ավարտվել է: Նայում եմ դրա վրայի խզբզանքներին, ու ամեն օրվա դիմաց դրված նշանը սրտումս մի նոր թրթիռ է առաջացնում: Ժամանակն աննկատ է անցնում, երբ երջանիկ ես լինում:

Դպրոցական կյանքի ավարտն ազդարարեց հեռախոսիս զանգը: Մի՛ ծիծաղիր, հիմա կբացատրեմ: Զանգողը քույրս էր, ավելի ճիշտ, հրաքրոջս աղջիկը, ավելի ճիշտ, իմ մի մասնիկը: Այն մարդկանցից մեկը, ով իմ կյանք է մտել առանց ինձ հարցնելու, կամ էլ հարցրել է, բայց ոչ ես եմ հիշում, ոչ ինքը: Մեր տարիքային տարբերությունը չորս ամիս է, ու այնպես է ստացվում , որ միշտ միասին ենք: Մանկապարտեզ, դպրոց, ուսանողական կյանք: Նրա զանգն ինձ սթափեցրեց ու կրկին հիշեցրեց, որ պատրաստվեմ վաղվան: Մենք գնալու էինք Երևան, որտեղ պետք է սկսվեր մեր նոր կյանքը, դժվար, բայց լի հիշողության մեջ ամրացող արկածներով:

Առաջին անգամ ոտք դրի մեր նոր տուն: Ճեղքեցի ճամպրուկների պատնեշը և սկսեցի զննել մեր նոր անկյունը՝ գյուղի մեր տանից հետո փոքր թվաց: Հանգստացանք, ու երբ տեղավորեցինք մեր իրերը, այն ավելի մեծ երևաց:

Իրար հերթ չտալով անցան օրերը: Բոլոր օրերը տարբեր էին՝ լավ, վատ. նույնն էր միայն անսահման կարոտը:

Պատից կախված օրացույցի վրա, զինվորների նման, սկսեցինք ջնջել օրերը, բայց տարօրինակ ձևով: Ամեն օրվա դիմաց գրում էինք այդ օրը նկարագրող բառ կամ պատկեր:

Օրացույցը կատարելով իր պարտականությունը, ավարտվեց: Մենք էլ չնկատեցինք, թե ոնց ջնջեցինք վերջին օրը: Գյուղ գնալու ու բոլոր կարոտները փարատելու ժամանակն էր, և բացի դա, ամենաբարի Ամանորն էր: Զարմանալիորեն արձակուրդի մի շաբաթն անցավ բարեհաջող: Հա՜, մոռացա վերևում գրել, որ իմ և քրոջս հետ կարող են պատահել ամենահետաքրքիր արկածներ: Հա՜, լա՜վ, լա՜վ, մանր ու միջին անհաջողություններ (ավելի ճիշտ կլինի այսպես կոչել):

Մի քանի օր էր, ինչ «վայելում էի» արձակուդս, երբ զանգեց քույրս ու հայտնեց լուրը, չէ բոթը, գույժը: Այն էր՝ լքել մեր վարձակալած տունը ու գտնել նորը:

Կամա թե ակամա, մենք կապվում ենք մեր միջավայրին, որքան էլ այն լի լինի անհարմարություններով լի: Եվ որքան էլ դա կարճաժամկետ լինի, մեկ է, դժվար ենք բաժանվում ու երկար ենք հիշում: Առհասարակ, մարդիկ դժվար են բաժանվում իրենց անցյալից և դժվար են մոռանում դրա հետ կապված մանրամասները:

Նստած եմ մեր տան (թերևս արդեն ուրիշի) բազմոցին, ծնկներիս մեր օրացույցը: Հատիկ-հատիկ նայում եմ բոլոր օրերին ու դրանք նկարագրող պատկերներին: Զգում եմ, որ դեմքիս հիմար ժպիտ է առաջացել: Փակում եմ այն, ամուր պահում ձեռքումս ՝ հարստության նման, չվստահելով ոչ մի պայուսակի: Հայացքս ընկնում է ճամպրուկներիս վրա: Վերջին անգամ նայում եմ «մեր» (չէ՜, ուրիշի) դատարկված տանը: Աչքերիս առջևով մի վայրկյանում անցնում են բոլոր օրերը, դեմքիս՝ ժպիտ, իսկ աչքերումս արցունքի հետք թողնելով: Իրերս ոտքերիս խփելով դուրս եմ հանում տնից: Դռան հետևում թողնելով մեր փոքրիկ կյանքի ամենավառ հիշողությունները, մի վերջին անգամ փակում եմ այն, չէ որ դռան պատասխանատուն ես էի :