Ani Evinyan

Մի օր հաստատ կկարոտեն

Ուզում եմ անդրադառնալ իմ գյուղի` Կոթիի երեխաներին և պատանիներին: Կոթիում` մեծ թե փոքր, ամենի ինչ հասկանում են: Բայց չեմ ուզում իմ այս նյութում գրել կրակոցներից: Ուզում եմ գրել ավելի ուրախ թեմաներից:

Մի քանի օր առաջ գնացել էի մանկապարտեզ: Կարոտել էի, այն վայրը, որտեղ ինձ կաշառելով էր տանում մայրիկս: Ամեն օր պարտադիր պետք է մայրս ինձ համար քաղցրավենիք և հյութ գներ: Մի քանի ամիս շարունակ լացելով և կաշառվելով էի գնում: Մայրիկիս պատմելով`շատ դժվարությամբ եմ գնացել, և մի օր մայրս որոշել է չտանի մանկապարտեզ, արթնացել եմ առավոտյան և ասել.
- Մամ, բա չե՞ս տանում պարտեզ:
Եվ այդ օրվանից միշտ առանց լացելու գնացել եմ: Չշեղվեմ թեմայից: Գնացի մանկապարտեզ: Մտանք փոքրերի խումբ (մանկապարտեզ էի գնացել ընկերուհուս` Մայայի հետ), տեսանք, որ փոքրերի խմբի երեխաները պատրաստվում են միջոցառման: Հենց մտանք, բոլոր երեխաները հավաքվեցին իմ ու ընկերուհուս շուրջը: Մենք կամ մեկս մյուսիս բարեկամ ենք, կամ հարևան, կամ ուղղակի ծանոթ, այսինքն` բոլորս իրար ճանաչում ենք:

Ներս մտավ մանկապարտեզի տնօրենը, ներկայացրեց մեզ երեխաներին և խնդրեց, որ ընկերուհիս գնա մեծերի խումբ, իսկ ես մնամ փոքրերի խմբում, և երեխաներին ինչ որ բան սովորեցնենք` երգ, պար, ասմունք: Մենք անցանք գործի: Ես իմ խմբում սովորեցրի երգել: Երեխաները ամեն կողմից գոռում էին.
-Անի քուրիկ, կլինի՞ գնամ` արտասանեմ, մի լավ արտասանություն գիտեմ..
-Հա, կլինի սիրուն ջան, արտասանի:
-Անի քուրիկ, կլինի՞ երգեմ:
-Հա, երգի… Ապրեք, երեխեք ջան, շատ լավ գիտեք ամեն ինչ:
Երեխաներից մեկն սկսեց լացել մի խաղալիքի համար: Երկար ժամանակ նրան համոզում էի չլացել, սակայն չէր ստացվում: Ամոթով դիմեցի դաստիարակչուհուս.
- Մե՞նք էլ ենք սենց եղել:
Դաստիարակչուհիս ժպտաց:
Ես սկսեցի լացող փոքրիկին բացատրել, որ չլացի, քանի որ երբ մեծանա, փոշմանելու է լաց լինելու համար: Հաստատ: Եվ գիտե՞ք, նա իրոք ինձ հասկացավ…