arxiv

Մռայլ մարդիկ

Մեր փողոցը փոքր է, երևի, ոչ թե փողոց է, այլ՝ թաղամաս, որտեղ իրար դեմ դիմաց շարք են կանգնել միանման ու մռայլ շենքերը, որտեղ ապրում են ոչ պակաս մռայլ մարդիկ: Առավոտյան շենքերի բակերը դատարկ են, միայն հատուկենտ մարդիկ են անցնում՝ հորանջելով ու երթուղային տաքսի կանգնեցնելով: Հետո բացվում են կրպակները, որոնք իրար հետևից շարվել են փողոցի երկարությամբ: Լսվում են նաև հաց գնող երեխաների ձայները.

-Սուրիկ պապի, հաց ունե՞ք:

-Ունեմ, քեզ համար ինչպե՞ս չունենամ,- ջերմորեն պատասխանում է Սուրիկ պապին ու մեկնում հացը:

Մի ակնթարթում փողոցը լցվում է աշակերտական պայուսակներ կրող երեխաներով: Շտապող ամբոխի վերջում ճեմում են բարձր դասարանցիները՝ առանց աշակերտական պայուսակների, միայն մի տետրով ու լաքապատ կոշիկներով: Որոշ բարձր դասարանցիներ դպրոց են գնում սեփական մեքենաներով՝ երաժշտությունը բարձր միացրած: Առանց կանոնները պահպանելու՝ նրանք սլանում են ու փողոցն անցնող աղջիկներին ազդանշան տալիս: Փողոցը դատարկվեց, դասերն սկսվեցին:

Միշտ գոգնոցով կոշկակար Արսենը բացում է իր նարնջագույն կրպակը, որն ավելի շատ նարդի խաղալու վայրի է նմանվում:

Կեսօրին դուրս է գալիս գեր Արև տատիկը և մրգեր է վաճառում հենց մայթի վրա: Ժպիտը նրա դեմքից երբեք չի հեռանում, և ամեն անգամ, երբ ինձ տեսնում է, ասում է.

-Բալես, Աստված քեզ պահապան:
Մոռացա նշել, որ մեր թաղում է գտնվում հրշեջ ծառայությունը՝ բարձր շենքերով, հատուկ հրապարակներով և այլն: Նրանց բակը բավականին մեծ է, այդ պատճառով էլ տղաներն այնտեղ են հաճախ ֆուտբոլ խաղում, բայց խաղն ընդհատվում է, երբ լսվում է հրշեջ մեքենայի սուր ազդանշանը: Այդ մեծ կարմիր մեքենաները տագնապահարույց ձայն ունեն: Երբ անցնում են մեր փողոցով, թվում է, թե երկրաշարժ է:

Կեսօրից հետո բակը լցվում է երեխաներով: Ամեն հինգ րոպեն մեկ լսվում է մեր բակի Մանանի ձայնը. «Դաղալ եք, հա՜»: Մեր պատուհանի տակ մի երեխա է կանգնում և անվերջ գոռում՝ մա-մա՜: Ճիշտն ասած, ես այդ երեխայի անունն էլ չգիտեմ:

Ես բակ եմ գնում շանս հետ: Ասեմ նաև, որ շունս շատ բարի է, բայց փոքր-ինչ սարսափելի տեսք ունի: Մենք քայլում ենք փողոցով: Երիտասարդ կինն իր փոքր երեխայի հետ կանգնած է ինձնից հեռու, բայց, միևնույն է, գոռում է.

-Շանդ այն կողմ տար:

Նստարանի վրա նստած տատիկները բամբասում են: Երբ նրանց կողքով անցա, լսեցի. «Մի դու սրա շանը նայիր» բառերը, բայց ուշադրություն չդարձրեցի. վարժվել եմ արդեն: Ի՞նչ կարող եմ անել, եթե մեր հարևանները կենդանիներ չեն սիրում, երևի դա է պատճառը, որ նրանցից շատերն այդպիսի չար դեմք ունեն:

Էլեն Գյուլնազարյան, 13տ., 2003թ.