Gayane Avagyan

Մտահոգություն

Հիմա եմ հասկանում, երբ ասում են, որ ինչ-որ բանի շատ ես սպասում, ժամանակը արագ է անցնում: Որքան ժամանակը գնում է, այնքան ավելի եմ համոզվում այս խոսքերի ճշմարտացիության մեջ: Մի՞թե այսքան շուտ անցավ այս ուսումնական տարին: Մի քանի ամիս, ու կավարտեմ դպրոցս: Տասներկու տարին շատ էր թվում: Դե, իրականում շատ է, բայց այնքան արագ է անցնում, որ ժամանակը չենք զգում: Բայց մեկ է, ափսոսում եմ դպրոցում անցկացրած երկու տարիների համար: 

Չէ, էնպես չէ, որ չեմ կարոտելու ընկերներիս հումորները, ուսուցիչների հետ զրույցները, դպրոց գնալու ճանապարհը, ճաշարանը, քննությունները…Կարոտելու եմ։ Բայց երկու տարվա՝ անիմաստ անցկացրած ժամանակի պատճառով, վերջին մի քանի տարիներից ստացած այս հուշերն եմ տանելու ինձ հետ: Իսկ ի՞ նչ պետք է տանեի իրականում դպրոցից: Բոլոր ժամանակներում, ում էլ հարցնենք, նույն պատասխանն են տալու`գիտելիք: Բայց մի՞թե տասը տարին քիչ է գիտելիք ստանալու համար: Ինձ թվում է՝ բավականաչափ է: Բայց այնքան է խոսվել այս հարցի մասին, որ կարծես գրելու ու փաստերով ապացուցելու ոչինչ չի մնացել:

Բազմիցս ասվել է ավագ դպրոցի անիմաստ, ոչ լիարժեք գործելու մասին տարբեր կարծիքներ: Բարեբախտաբար, այս հարցը կարծես լուծվում է: Կարծես… Ինչ-որ բան կարծես փոխվում է դեպի լավը, սակայն լավ պետք է լիներ հենց սկզբից: Կարծում եմ`այս հարցի մասին պետք էր նախապես մտածել: Անիմաստ որոշումներ կայացնելու փոխարեն, այս հարցը պետք է քննարկվեր: Ասում են`քննարկվել է ու արդեն մի քանի օր է, ինչ դպրոցում տեսնում եմ իրենց քննարկածի արդյունքը: Չեմ բողոքում, որոշ չափով կարծես ամեն ինչ իր տեղն է ընկնում: Տասնչորս առարկա անցնելու փոխարեն՝ երեքն են անցնում դպրոցներում, այն էլ՝ աշակերտների ցանկությամբ: Մեծ բան է, չէ՞, ինչ-որ բան լուծվել է, չէ՞:

Քիչ-քիչ հարցը լուծվում է, մինչդեռ լուծված պետք է լիներ տարիներ առաջ: Բայց, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Հուսանք, որ այլևս ոչ մի փորձության առջև չեն կանգնեցնի աշակերտներին։ Չէ՞որ դասագրքերն իրենք իրենցով փորձություններ են, շտեմարանների մասին խոսք գնալ անգամ չի կարող։ Էլ չեմ խոսում, որ շատ դպրոցներ անգամ ոչ լիարժեք են ջեռուցվում: Դե, մենք՝ աշակերտներս, ոչինչ անել չենք կարող, մնում է միայն սովորելը: Ու քանի գնում, այնքան համոզվում եմ, որ վաղվա մասին այսօր պետք է մտածել: Մտածել ու հասկանալ, որ մեր ու ձեր կայացրած և չկայացրած որոշումների պատճառով հաճախ տուժում է մի ամբողջ սերունդ:

Վախով հետևում եմ ԿԳՆ-ի լուրերին, միգուցե կրկի՞ն  բան փոխվի, ո՞վ գիտի: Սպասենք ապագային: