seda mkhitaryan

«Յուրաքանչյուրիս կյանքում ամենակարևոր մարդը մենք ինքներս ենք»

Հարցազրույց Վանաձորի պետական համալսարանի լրագրության բաժնի ուսանողուհի Թեհմինե Բաղրամյանի հետ։ Թեհմինեն լրագրությունից զատ նաև հետաքրքրվում է կարուձևով, նա իր ինստագրամյան էջում պատմում է իր ստեղծած հագուստների մասին։

-Թեհմինե, մեր հարցազրուցը սկսենք մանկությունից։ Ի՞նչ հիշողություններ կան այդ օրերից։

-Վերջերս փորձում եմ հիշել հնարավորինս շատ բաներ մանկությունից։ Իրականում հեշտ չէ։ Դեպքերը ամբողջությամբ դժվարանում եմ հիշել, հիշում եմ ինչ-որ պահեր, «կադրեր», հայացքներ։ Երբեմն շատ պատահական ինչ-որ բաներ եմ հիշում, որոնք հիշելու համար անգամ ջանք չեմ գործադրել։ Առանձին որևէ հիշողություն չեմ շեշտի, քանի որ դրանք (որոնք հիշում եմ) լուրջ ազդեցություն են ունեցել ինձ վրա, իսկ ես չեմ ուզում դրանք բարձրաձայնել։

-Կա՞ն արդյոք ինչ-որ խորհրդանիշներ, սիմվոլներ, որոնց հետ ասոցացնում եք Ձեր մանկությունը։

-Այո կան։ Մի գիրք կար, որը չեմ հիշում՝ ինչ վերնագիր ուներ, երկու քույրերի մասին էր, մի քիչ կախարդական պատմություն էր, հիշում եմ, որ կարմիր կազմ ուներ, վրան՝ այդ երկու քույրերի անիմացիոն կերպարներն էին։ Այդ գիրքը միշտ կարդում էի, բայց այդպես էլ չեմ կարդացել մինչև վերջ, որովհետև մտածում էի, որ պիտի միանգամից կարդամ ու ամեն օր սկզբից էի կարդում։

IMG_0585-01

-Բազմիցս նշել եք, որ Ձեր մասնագիտության ընտրությունը արվել է վաղուց, և մանկուց բոլորը իմացել են, որ Դուք լրագրող եք դառնալու։ Ո՞վ է որոշել և ինչպե՞ս։

-Որոշել է մայրս։ Դեռ նախադպրոցական տարիքից ինձ ասվել է, որ ես պիտի լրագրող դառնամ։ Երբ լուրերի թողարկում էինք նայում, ինձ ասում էին, որ մի օր ես էլ պիտի էդպես նստեմ հաղորդավարի աթոռին ու լուրեր հաղորդեմ։ Հետագայում դպրոցում էլ ուսուցիչներս էին ինձ հետ այնպես խոսում, կարծես ես արդեն լրագրողի ճանապարհի վրա եմ։ Երբ ժամանակը եկավ, որ պիտի ընտրեի մասնագիտությունս, հստակ հայտարարեցի, որ պիտի լրագրող դառնամ, և երբ տանը ասացի այդ մասին, կարելի է ասել՝ ոչ մի արձագանք չեղավ, որովհետև նորություն չէր։

-Համալսարան ընդունվելիս ի՞նչ դժվարություններ եղան։

-Եթե անկեղծ, այդ ժամանակ չէի գիտակցում, որ համալսարան եմ ընդունվում, ու դա լրիվ այլ էջ է, ինձ թվում էր ուղղակի այլ հաստատությունում եմ նույն դասը անելու։ Ես չէի գիտակցում, որ հնարավոր է չընդունվել։ Ընդունվելիս դժվարություն չեմ ունեցել, դժվարությունները եղել են ընդունվելուց հետո։

-Ուսանողական կյանքի մասին ի՞նչ կասեք, ինչպե՞ս է այն անցնում։

- Ցավով պետք է նշեմ, որ հիմնականում միապաղաղ։ Երբեմն բավականաին հետաքրքիր, բայց հիմնականում միապաղաղ։ Նշեմ, որ ուսանողական կյանքը և առօրյան որպես երիտասարդ չեմ նույնացնում։

-Լրագրության բաժնում սովորելուն զուգահեռ, հիմա նաև այլ հետաքրքրություն և զբաղմունք ունեք։ Կարող ենք ասել, որ Ձեր փոխարեն որոշել են այլ մասնագիտություն, բայց Դուք ինքնուրույն ընտրել եք այլ բան։

- Իմ փոխարեն ընտրվել է լրագրությունը, բայց ես դրան դեմ չեմ եղել և չեմ պայքարել այլ բանի համար, ես այլ բան նոր չեմ ընտրել։ Հիմա կարում եմ ու այս ուղղությամբ գնալու ցանկության մասին ասել եմ դեռ դպրոցական տարիքում, բայց եթե այլ դեպքում կասեին՝ աղջիկ ես, գնա կար ու ձև սովորիր, ինձ ասացին՝ ի՞նչ կարուձև, գնա լրագրող դարձիր։

IMG_0958-01

-Ինչպե՞ս սկսեցիք կարել։

-Կարելու հանդեպ հակումս շատ վաղուցվանից է։ Եթե հավատանք նման բաների, ապա ամեն ինչ սկսվեց ատամհատիկիս մկրատ վերցնելուց։ Դրանից մի քիչ մեծ տարիքում միշտ խաղում էի ասեղներով։ Հաջորդ դրվագը երևի մեր հարևանուհու կարի մեքենայով տիկնիկի համար «զգեստ» կարելն էր, ամբողջը մի ուղիղ կար էր, բայց այդ օրը ես առաջին անգամ մեքենայով կարեցի։ Հետագայում դպրոցական մի միջոցառման համար զգեստ էր պետք։ Դարակներից վերցրեցի մի զգեստ ու ձևափոխեցի, դարձրեցի ինձ հարմար ու դա հագա։ Այն ժամանակ կարի մեքենա չունեի ու ձեռքով էի կարել։ Տարիներ անց նոր հասկացա, որ Dolce and Gabbana-ի զգեստներից էր, որ մայրս նվեր էր ստացել, իսկ ես այն կտրել ու ձևափոխել էի։

-Ի՞նչ է տալիս Ձեզ կարելը։

-Անսահման հաճելի է ինչ-որ բան ստեղծելը։ Երբ կտորը սկզբնական վիճակից փոխվում է ինչ-որ հստակ բանի, այդ պահը պարզապես երջանկություն է, հատկապես, երբ ամեն բան ինքդ ես անում։ Շատ կարևոր է գործը հաճույքով անելը։ Այդպես թե՛ դու ես ուրախ, թե՛ գործը։

-Մի քիչ խոսենք ընտանիքի մասին։ Եղե՞լ են պահեր, երբ զգացել եք, որ Ձեզ չեն հասկանում։

-Բոլորի հետ էլ լինում են նման պահեր։ Սերունդների տարբերություն, դեռահասության շրջան, անհասկանալի մտքեր։ Նման պահեր բնականաբար եղել են։

-Թեհմինե, ցավոք, այսօր Ձեր ծնողների մասին կարող ենք միայն անցյալ ժամանակով խոսել։ Որո՞նք են ամենաթանկ հիշողությունները, որ ունեք նրանց հետ կապված։

-Հորս հետ կապված, երբ դեռ շատ փոքր էի, հայրս վերադարձել էր արտագնա աշխատանքից (դրանից հետո էլ չմեկնեց), ես մտել էի աթոռի տակ, որի վրա նստած էր հայրս, ու խաղում էի նոր խաղալիքներովս։ Ամաչում էի իր մոտ գնալ, քանի որ չէի հիշում, բայց աթոռի տակ էի մտել, որ մոտ լինեմ։

Մորս հետ կապված ամենաշատը տպավորվել է մի դեպք։ Բակում խաղողի ծառ ունենք, նախադպրոցական տարիքում էի, ձևացնում էի, թե շատ հոգնած եմ, մայրս, չնայած գիտեր, որ ձևացնում եմ, գրկել էր ինձ, հետո տուն տարավ ու ինձ համար հատուկ տեղ սարքեց «նավակ» անունով, դրեց նավակի մեջ, որ քնեմ։

IMG_0964-01

-Ովքե՞ր են քո կյանքի ամենակարևոր մարդիկ։

-Առաջ գուցե թվարկեի այս այն մարդկանց, բայց կյանքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրիս կյանքում ամենակարևոր մարդը մենք ինքներս ենք։ Հակառակ դեպքում ուրիշները կապրեն մեր փոխարեն, եթե մենք ինքներս չանենք դա ու մեզ կարևորություն չտանք։

-Ո՞րն եք համարում Ձեր ունեցած ամենամեծ հիասթափությունը։

-Ես քիչ ընկերներ ունեմ, շփվող չեմ, և ամենամեծ հիասթափությունը, կարծում եմ, ընկերոջից հիասթափությունն է։

-Որո՞նք են Ձեր ամենաուժեղ և ամենաթույլ կողմերը։

-Ամենաուժեղ ու ամենաթույլ կողմս նույնն է կարծում եմ։ Քիչ եմ խոսում, լսում եմ, բայց քիչ եմ խոսում։

-Ի՞նչ է երջանկությունը, և Դուք ձեզ երջանիկ ե՞ք համարում։

-Ես երջանիկ եմ, որ փորձում եմ հասնել նպատակներիս։  Երջանկությունը այն ճանապարհն է, որը քայլ առ քայլ անցնում ես ու ձևավորում ինքդ ձեզ ու հասնում արդյունքի և անպայման լինում գնահատված։

-Այնուամենայնիվ, լրագրո՞ղ, թե՞ կարող։

-Այնուամենայնիվ, կարող։