Նազիկ տատս

Ինձ համար աշխարհի ամենաբարի, ամենահոգատար ու ամենաազնիվ մարդն իմ տատիկն է: Դեռ փոքր հասակից նրա «փեշից կպած» եմ եղել: Հիշում եմ, որ մի 5-6 տարեկանում գնում պառկում էի կողքին ու խնդրում, որ պատմի «Հենզելն ու Գրետելը»: Ու այդպես ամեն օր, օրը մի քանի անգամ: Երբեք չէր զլանում ու նույն եռանդով պատմում էր: Տատիս ամենագետ եմ ասում. ամեն ինչից գաղափար ունի և ամեն հարցին` պատասխան: Հիշում եմ, երբ օգնում էի կարտոֆիլը լավ ու վատ անեինք, սերմ ջոկեինք, միշտ երգում էր. «Ա՜խ, ինչ լավ են սարի վրա, անցնում օրերն անուշ-անուշ…», ես էլ ձայնակցում ու անվերջ հարցեր էի տալիս: Լավ էլ ձայն ուներ տարիներ առաջ. բարակ, երազային… Բայց ժամանակի հետ ձայնն սկել է դողալ:  

 

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Պատմում էր, որ մանկուց տանջվել է, աշխատել, ստեղծել: Մեր տունն էլ սեփական ձեռքերով պապիս հետ են կառուցել: Գարունը չբացված սիրտը դուրս է վազում` բանջարանոցը կարգի բերելու: Անհամբեր սպասում է, թե երբ օրերը կբացվեն, որ նորից ծաղիկներին ու ծառերին կյանք տա: Ամեն տարի մեր այգին մի կտավի է նմանվում տատիս շնորհիվ:

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Ձեռագիրս ստուգելու գործողությունն էլ մինչ օրս մնում է անխախտ ավանդույթ: Միշտ ասել է, թե լավ չի, համաչափ չի, պիտի ուղղեմ, բայց այս վերջին տարիներին հազիվ սկսել է հավանել, ու սիրտս տեղն է ընկել: Բա ճաշե՞րը՝ համով-հոտով: Դասից տուն եմ գալիս, ճանապարհից ռեհանի անուշահոտն զգալով իմանում եմ, որ տատս արդեն քաղել-քաղհանել է կանաչին:
Ավելն էլ ձեռքից չի գցում, կարծես գործ անելու պահանջն արյան մեջ լինի:

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի

Տատիկիս շնորհիվ շատ բանի եմ հասել: Նա իմ մեջ առաջ գնալու մղում է մտցրել: Միշտ կողքիս է, սխալներս ուղղում է, ճշտերս`կատարյալ դարձնում: Կողքին նստած էլ եմ կարոտում իրեն: Տարիների դաջած խորշոմները համբուրելիս անգամ զգում եմ նրա հարզատ ջերմությունը և ուզում եմ երբեք-երբեք բաց չթողնել դողդոջուն մատները: