Aspram Parsadanyan

Նյութս կլայքե՞ք

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ամեն ինչ մեքենայացված է: Նախորդ դարերում մարդկային կապը ապահովում էին աղավնինները, որոնք նամակներն էին փոխանցում հասցեատիրոջը, և բանբերները, որոնք լուրերը մի քաղաքից մյուսն էին տանում: Դրանց փոխարինելու եկան խելացի սարքավորումները՝ հեռախոսը, համակարգիչը, հեռուստացույցը, որոնք միաժամանակ և՛ խանգարում, և՛ օգնում են մարդկանց: Կարելի է ասել, թե ներկայումս մարդ էակը անկարող է ապրել առանց այդ սարքավորումների և իհարկե, դրանք գործի գցող ինտերնետի:

Արթնանում եմ հեռախոսիս զարթուցիչի ձայնից: Ի տարբերություն մեր նախահայրերի՝ ես իմ զարթուցիչի տհաճ ձայնից կարող եմ ազատվել ընդամենը մի կոճակի սեղմումով. վստահ եմ, որ աքաղաղի դեպքում դա բավականին դժվար կլիներ:
Օրս սկսում եմ հաղորդագրություններս ստուգելով: Նախ WhatsApp, ապա Gmail: Չեմ տառապում այն փաստից, որ գրանցված չեմ սոցցանցերում, բայց ընկերներիս հետ շփվելու, և նոր ընկերներ ձեռք բերելու համար օգնության է հասնում մայրիկիս ֆեյսբուքյան էջը: Չնայած ես այնտեղ էլ շատ անելիք չեմ ունենում. միայն ստուգում եմ ինձ ուղղված հաղորդագրությունները, մտնում եմ Ժուռնալիստիկա խումբ և հետևում կուրսընկերներիս հրապարակումներին:
Հերթական անգամ ներխուժեցի ֆեյսբուք:
-Օ՜յ, ունեի չորս նամակ. զարմանալի էր, միշտ ավելի քիչ հաղորդագրություններ են լինում: Ուրախությունս կարճ տևեց. երեքի մեջ խնդրում էին մեծացնել նկարը և լայքել: Ճիշտն ասած, չեմ սիրում այն մարդկանց, ովքեր, կոպիտ ասած, լայք են «մուրում» կամ ապրում են լայքերով:
Մինչ զայրացած ջնջում էի այդ նամակները, ինձ զանգահարեց ընկերուհիս: Խոսակցությունը հետևյալն էր.
-Բարի լույս:
-Բարև, ի՞նչ կա, առավոտ շուտ ինչի՞ ես զանգել:
-Մի բան եմ ուզում ասել, բայց չնեղանաս:
-Ասա, չեմ նեղանա (իրականում ես այդքան էլ նեղացկոտ չեմ):
-Կլինի՞ իմ ու քո էն նկարը ջնջեմ ֆբ-ից:
-Ի՞նչ նկար:
-Դե էն, որ անտառում նկարվել էինք:
-Ինչի՞ ես ջնջում, շատ էլ լավ նկար ա:
-Ա՜խր, քիչ լայք ունի, է՜:
-Այ քեզ բա՜ն: Դու լայքի՞ համար ես նկարվում:
-Բա դու ինչի՞ համար ես նկարվում:
-Լավ հիշողությունների: Կարճ ասած, ինչ ուզում ես` արա:
-Նեղանո՞ւմ ես:
-Չէ, ուղղակի զզվում եմ, որ լայքի համար կռիվ ես անում:
Ես անջատեցի հեռախոսը և սկսեցի նորություններ կարդալ: Բոլորն ունեին նմանատիպ բնույթ ու վերնագրեր. «Լայք, եթե սիրում ես քո մայրիկին», «Իրական շոկ՝ ի՞նչ գտավ տղան իր մահճակալի տակից»:
-Երևի կորած գուլպան,- քթիս տակ ասացի ես: Չեմ սիրում նաև նմանատիպ «լրագրողական հմտությունները»:
Նորից նամակ. «Լսի, նոր նկար եմ գցել, լայքի՛ ու մեկնաբանի, էլի»:
-Աստված իմ՜, բոլորը ձայնները մեկ են արել: Դուրս գամ վիրտուալ կյանքից, քանի դեռ չեմ գժվել:
Անկեղծ ասած, առհասարակ խուսափում եմ առցանց շփումից: Ավելի հաճելի է նայել մարդու աչքերին ու նոր խոսել, այլ ոչ ստեղներին:

Մարդի՛կ, երբեք մի մոռացե՛ք մարդկային պարզունակ շփման մասին: Ընկերություն մի սկսեք friend տալով և մի խզեք այն «սև ցուցակ» գցելով: Ի վերջո, մի ապրեք հանուն լայքերի:

Հ.Գ. Մոռացա ասեմ, որ խնդրեմ` մի հատ նյութս կլայքե՞ք: