Ani Ghulinyan

Նորեկը

Ավագ դպրոց: Ի՞նչ են պատկերացնում երեխաները` լսելով այս բառակապակցությունը: Մի մասի համար այն շատ բարդ ու գրեթե անհաղթահարելի շրջան է, մյուսների համար` անիմաստ ժամանակի կորուստ, անցածի կրկնություն, ոմանց համար էլ` նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն:

Իսկ ահա ինձ համար միայն գիտելիքներիս եղած պաշարը ամրապնդելու, ու նորորով լրացնելու միջոց: Ոչ մի նորություն. նույն դասարանը, նույնիսկ նստարանս է նույն տեղում, արդեն 5 տարի է` այդտեղ եմ նստում, ու… դասընկերներս: 33 անհատ, որոնց հինգ մատիս պես գիտեմ, քանի որ մեր գյուղում` Դսեղում, բոլորը բոլորին բարեկամ են, որոշներին նույնիսկ շա~տ լավ: Արդեն պարզ է, թե ով ինչի համար է ինձ նայում, դասարան մտնելիս ինձ մոտեցող դասընկերոջս էլ չեմ ասում:
-Հը՞ն , ի՞նչ է եղել:
Միանգամից գիտեմ, որ պիտի հանրահաշվի տնայինը տամ: Կամ էլ մի ուրիշ դասընկեր ով միշտ, արդեն 8 տարի հարցնում է.
-Ռուսերենի դասը սովորե՞լ ես:
Եթե սովորած չլինեմ, ուսուցչին համոզեմ` հաջորդ դասին պատասխանենք: Դե, ես համոզելուց լավ եմ:
Ու որքան էլ այս ամենը հաճելի լինի, որքան էլ սիրեմ դասընկերներիս, գալիս է մի պահ, երբ նորամուծություն եմ ուզում, մի նոր, անծանոթ աշխարհ:
Երբ այսպիսի մտորումներով գծագրում էի սեպտեմբերյան գրաֆիկս, հեռախոսիս զանգ եկավ: Ինձ կանչում էին սեպտեմբերի 1-ի միջոցառման փորձի: Փորձից հետո մեզ մոտեցավ դասղեկս ու հայտնեց, որ այս տարի մեր դասարան նոր աշակերտուհի է գալու: Սենսացիա: Ո՞վ ա , ինչացո՞ւ ա, տեսնես` լա՞վ ա սովորում, այսպիսի բովանդակության հարցեր էի լսում, բայց ինձ ավելի կարևոր հարց էր տանջում. Տեսնես` ֆուտբոլ սիրո՞ւմ է, թե՞ չէ:
Եկավ այդքան սպասված սեպտեմբերի 1-ը: Աչքերով հանդիսականների մեջ անծանոթ դեմք էի որոնում, բայց չգտա այն, ինչ ինձ պետք էր` Գոհարին:

Հա, դա էլ ասեմ, նորեկի մասին լուրերի տարածվելուց հետո մինչև սեպտեմբերի 1-ը ու նույնիսկ այդ ժամանակ, մեր դասարանի երեխաները վարում էին մի բացառիկ հետաքննություն: Պարզեցին նոր աշակերտի անունը` Գոհար, հետո իմացանք, որ Վանաձորից է եկել, լավ է սովորում…
Միջոցառումից հետո ցրվեցինք դասարաններով, երկրորդ ժամից մեզ միացավ մեր նորեկը: Քանի որ կողքիս նստողը այդ տարի Եվրոպական քոլեջ էր ընդունվել, ես մենակ էի նստած, տնօրենն էլ Գոհարին ուղղորդեց իմ կողքը, թեև այլ ազատ նստարաններ էլ կային: Հետո էլ Գոհարին նայելով ավելացրեց. «Դասարանի ամենալավ սովորողներից մեկի կողքին ես նստում»: Դե, ինչպես լինում է սովորաբար, թեթևակի կարմրածություն այտերին, երբ որևէ մեկը քո մասին լավ է արտահայտվում: Քանի որ մի անգամ բախվել էի առաջին հայացքից սխալ կարծիք կազմելու տհաճությանը, որոշեցի նրա մասին կարծիք կազմել մի տևական ժամանակ անց:
Մեկ ամիս անց…
Դե, ինչ ասեմ: Ինչ կարող է մարդ անել կրթված, բազմակողմանի զարգացած ու իրենից մի քանի անգամ ավելի աշխատասեր մարդու հետ: Քաղել նրանից ինչքան հնարավոր է շատ լավ բան:
Ինձ համար, մեղմ ասած, տհաճ է, որ կողքինս խոսում է այնպիսի թեմայից, որից ես գաղափար չունեմ: Բայց դա ոչ թե նրա, այլ իմ մեղքն է: Այդպես, երբ Գոհարը խոսում էր Վան Գոգի նկարներից կամ Ալբեր Քամյուի «Ժանտախտը» գրքից, իսկ ես աչքերս չռած միայն լսում էի, առանց դրանցից որևէ տեղեկություն ունենալու, իմ առաջ նպատակ դրեցի ու կարդացի «Ժանտախտը», Վան Գոգի նկարներն ու կենսագրությունն ուսումնասիրեցի ու էլի շատ բաներ սովորեցի:

Էլ չեմ ասում դասերը, որ առաջվանից ավելի մեծ պատասխանատվությամբ եմ սովորում: Նույնիսկ իմ չսիրած առարկաներից գերմաներենը սկսել եմ ավելի լավ սովորել, որ իրենց դպրոցում անգլերեն ուսումնասիրած Գոհարին, գերմաներենի հարցում որոշ բաներով օգնեմ: Նրա գալուց արդեն երկու ամիս է անցել, չեմ ասի, որ մենք լավագույն ընկերուհիներ ենք դարձել, բայց կոտրվել է այն սառույցը, որ նախկինում կար երկու օտար մարդկանց միջև:
Մեր չսիրած դասաժամերին նայում ենք գրատախտակի վերևում խոշոր տառերով գրված Միքելանջելոյի ասույթներից մեկին. «Ամենամեծ չարիքը անտեղի կորցրած ժամանակն է»: Ասում է.
-Էս հատուկ են բերել էստեղ կպցրել, որ էս ժամերին նայենք ու մեր կորցրած ժամանակը ափսոսանք: Գիտե՞ս ֆիզիկայի մասին քանի գիրք ա սպասում, որ իրեն կարդամ:
Ես էլ այդ պահին նոր սկսած գիրքս եմ հիշում, մտածում, որ արդեն 50 էջ կարդացած կլինեի: Ինչպես ես չեմ հասկանում նրա սերը ֆիզիկայի նկատմամբ ու հետաքրքրությունը այդ բնագավառի գրքերին, այնպես էլ նա չի հասկանում, թե ինչու եմ ես այդքան տարված գեղարվեստական գրքերով ու աշխարհագրությամբ:
Եթե ինձ ասեն` բնութագրիր Գոհարին երեք բառով, կասեմ` ռոք, նկարչություն, պարզություն:
Ասում են` մի մարդը մի ամբողջ տիեզերք է, իսկ նրան բացահայտելու համար մի կյանքը բավական չէ: Գոհարն ինձ համար ոչ թե տիեզերք այլ գիրք է, որի էջերում ես ինձ հոգեհարազատ շատ բան եմ գտնում: